Գիտնականները պարզել են, թե ով է ավելի շատ տուժում «ճերմակահեր» ամուսնալուծություններից
22.02.2024
Դրա համար նրանք վերլուծել են հակադեպրեսանտների դեղատոմսերի տվյալները, որոնք բժիշկները նշանակում են ամուսնալուծված կանանց և տղամարդկանց:
«Ճերմակահեր» ամուսնալուծություն կոչվում է այն երեւույթը, երբ երկար տարիներ միասին ապրած զույգերը բաժանվում են հասուն տարիքում և, նույնիսկ, ծերության ժամանակ։ Աշխարհի զարգացած երկրներում «ճերմակահեր» ամուսնալուծությունների թիվը անշեղորեն աճում է, օրինակ՝ ԱՄՆ-ում վերջին երեք տասնամյակների ընթացքում 50 տարեկան և բարձր տարիքում ամուսնալուծությունների թիվը կրկնապատկվել է, իսկ 65 տարեկան և բարձր տարիքինը՝ եռապատկվել։
Այս երևույթի պատճառներից է մարդկանց կյանքի տևողության աճը, ինչը նշանակում է, որ ավելի շատ մարդիկ, ովքեր հասուն տարիքում են, ժամանակ ունեն վերանայելու իրենց տեսակետները հարաբերությունների վերաբերյալ, ինչպես նաև ուշացած «միջին տարիքի ճգնաժամը» և հասարակական բարոյականության փոփոխությունները:
Պարզելու համար, թե ինչպես է այդքան տարիներ ամուսնությունից հետո բաժանումն ազդում նախկին ամուսինների հոգեկան առողջության վրա, Չունցինի բժշկական համալսարանի (Չինաստան) և Հելսինկիի համալսարանի (Ֆինլանդիա) գիտնականները հետազոտություն են անցկացրել, որի արդյունքները հրապարակվել են Journal of Epidemiology & Community Health-ում։ Նրանք վերլուծել են 50-ից 70 տարեկան գրեթե 230 հազար Ֆինլանդիայի քաղաքացիների տվյալները, ովքեր ամուսնալուծվել են 2000-ից 2014 թվականներին։
Հետազոտության մասնակիցների հոգեկան վիճակը գնահատելու համար գիտնականներն օգտագործել են նրանց նշանակված հակադեպրեսանտների վերաբերյալ տվյալները. այս դեղերը Ֆինլանդիայում վաճառվում են միայն մասնագետ բժշկի դեղատոմսով:
Արդյունքում բացահայտվել է միանգամայն հստակ հարաբերություն՝ բաժանումից առաջ և հետո կտրուկ ավելացել են հակադեպրեսանտների դեղատոմսերը։
Ընդ որում, այս միտումը հատկապես ընդգծված է եղել կանանց շրջանում, ինչը վկայում է այն հոգեկան տառապանքի մասին, որ ամուսնալուծությունն առաջացնում է նրանց մոտ մեծ տարիքում, նշում են հետազոտողները։ Ըստ երևույթին, կանանց համար ավելի դժվար է էմոցիոնալ կերպով հարմարվել այն փոփոխություններին, որոնք իրենց հետ բերում է երկար կյանքի ավարտը, քան տղամարդկանց համար։
Գիտնականների կողմից արված ևս մեկ բացահայտում այն է, որ հնից բաժանվելուց հետո նոր զուգընկեր գտնելը չի փրկում իրավիճակը։ Նոր միության հայտնվելուց հետո առաջին շրջանում հակադեպրեսանտների չափաբաժիններն ընկնում են, ինչը վկայում է հոգեկան վիճակի բարելավման մասին, սակայն այդ ազդեցությունը երկար չի տևում։ Ավելին, այս դեպքում կանայք ավելի շատ են տուժում՝ նրանց հակադեպրեսանտների չափաբաժնի կրճատումը հատկապես կարճ է տևում, իսկ հետո արագ վերադառնում է նախկին մակարդակին և նույնիսկ գերազանցում այն։
Ամուսնությունը հիմնականում ավելի շատ օգուտ է բերում տղամարդկանց հոգեկան առողջությանը, քան կանանցը: Բացի այդ, տարեց տղամարդիկ սովորաբար փնտրում և ստանում են էմոցիոնալ աջակցություն նոր հարաբերություններում, ինչը չի կարելի ասել կանանց համար: Ըստ հետազոտողների՝ ամուսնալուծությունից հետո կանայք ծանրաբեռնվում են նաև բարդ ընտանեկան հարաբերությունները լուծելու պատասխանատվությամբ, ինչը նույնպես խաթարում է նրանց հոգեկան առողջությունը։
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 2246 անգամ
Читать на русском
|