Սեր, լույս, կրակ. Տեառնընդառաջն է
13.02.2012
Խարույկը, նրա կարմրավուն լույսը, շուրջը հավաքված մարդկանց խորհրդավորությունը հեքիաթներ են հիշեցնում: Որպես հեքիաթ է ներկայանում նաև նորապսակների կյանքը... Լինում է, չի լինում մի սեր, որն արդեն ընտանիք է դառնում ու շատ-շատ օգնության, օրհնության կարիք ունի: Տեառնընդառաջը նորապսակների օրհնության օրն է, իսկ տոնի գլխավոր խորհրդանիշը կրակն է, որի վրայով թռչողներն օրհնվում են, մաքրագործվում, զորեղանում... Այս խորհրդանիշի մեկնաբանությունը տանում է մեզ մեր հեթանոսական անցյալ' կրակի պաշտամունքի ժամանակներ: Այն նոր մեկնաբանություն է ստացել քրիստոնեության մեջ. Տիրոջը' Քրիստոսին, մարդիկ ընդառաջ են գնացել ջահերով, լուսավորել նրա ճանապարհը, եւ կրակն այսօր խորհրդանշում է այդ լույսը: Տոնի հիմքում մանուկ Քրիստոսին Տիրոջ տաճարին զոհաբերման պատմությունն է. երբ 40 օրական Հիսուսին ծնողները բերում են տաճար' ընծայելու, նրան ընդառաջ է գալիս Սիմեոն ծերունին: Վերջինս մահ չպետք է տեսներ մինչեւ Տիրոջ օծյալին կամ Փրկչին տեսնելը: Այսօր երեկոյան եկեղեցիներում կմատուցվի Սբ. Պատարագ, որից հետո կկատարվի նորապսակների օրհնության կարգ' զորացնելու նրանց սիրո եւ հավատարմության դաշինքը:
Տ.Մ. Դիտվել է 2692 անգամ
|