Առնական բալետ. կայացավ «Բոլերո»-ի պրեմիերան (լուսանկարներ)
15.04.2012
Վաղուց այդքան էներգետիկ բեմ չէի զգացել, ինչքան երեկ երեկոյան' «Բոլերո» բալետի պրեմիերայի ժամանակ:

Ես չգիտեի, որ հայկական բալետը տղամարդկային այդպիսի ներուժ ունի: Ռուդոլֆ Խառատյանը միայն բալետ չէր բեմադրել, առաքելություն էր իրականացրել' հիշեցնելով առնականության, արական սկզբի կենսունակության մասին, շեշտելով տղամարդկայինի կարողությունն ու էսթետիկությունը:
Կարդացեք նաեւ Ուզում եմ՝ տղաները զգան իրենց ուժը. ՌՈւԴՈԼՖ ԽԱՌԱՏՅԱՆ


Բալետ եւ առնականություն. ավելի քան ստացվել էր համադրությունը: Անձամբ ես հրաժարվեցի բալետն առաջին հերթին իր մենաշնորհային կողմով' նրբությամբ ընկալելու պատկերացումից:

Տղաները բեմում չափազանց տղամարդկային էին, եւ դրան նպաստել էին բեմադրության մեջ մարտարվեստից օգտագործված որոշ վարժություններ:

Նրանց միասնությունը նման էր բանակի' հանած նրա զուտ ուժային կողմը. ուժը կատարողականությունն էր, բեմից հանդիսատեսին փոխանցվող էներգիան, այն հավատը, որով պարում էին տղաները:

«Բոլերո»-ն բալետային երեկոյի գագաթն էր' իր թողած տպավորությամբ, բայց ոչ միակ պրեմիերան:

Նրանից առաջ հանդիսատեսն արդեն փոխադրվել էր գարնանային հեքիաթի աշխարհ. «Գարուն» բեմադրությունը' միայն աղջիկների մասնակցությամբ, նույնպես տպավորիչ էր:

Բեմի դեկորացիան, հագուստները, կերպարային գունեղությունը միանգամայն համոզիչ ներկայացրեցին բեմադրիչի գարնանային ներշնչվածությունը Բոտիչելիից եւ Վիվալդիից:


Բացի երկու պրեմիերաներից, երեկոյի առաջին հատվածում եղան հատվածներ նաեւ արդեն ծանոթ բեմադրություններից:



Նման երեկոյից հետո ասպետների ու փափկասուն արքայադուստրերի ժամանակները հեքիաթ չեն թվում, իսկ հեքիաթները միանգամայն խելքին մոտ իրականություն են դառնում…
Տ.Մ. Դիտվել է 10660 անգամ
|