83-ամյա մոդել Դաֆնա Սելֆը չի պատրաստվում զիջել ասպարեզը (լուսանկարներ)
17.04.2012
Երկար մազեր, կարապի վիզ, կենդանի հայացք… 83-ամյա Դաֆնա Սելֆը մոտ 4 անգամ մեծ է իր մոդել-գործընկերուհիներից, բայց պրոֆեսիոնալ հատկանիշներով բացարձակ չի զիջում նրանց:
Ո՞վ է ասել, որ մոդելային տարիքը սահմանփակ է: Դաֆնա Սելֆը համաձայն չէ այս մտքի հետ: Լինելով 83 տարեկան' նա չի դադարում նորաձևության աշխարհում մեծ պահանջարկ ունենալ:
Դաֆնայի նկարները ուղղակի հիացնում են իրենց համարձակությամբ: Բավական է միայն նայել այն նկարները, որտեղ նա ասես 1990-ականների Մադոննան է, ով այն ժամանակ կրում էր մոդելյոր Ժան Պոլ Գոտիեի լեգենդար կորսետը' կոնանման կրծքկալով:
Մոդելն ինքը չի հավանում մադոննայական նկարները. «Ես բնավ էլ այնքան համարձակ չեմ, ինչքան բոլորին թվում է: Նկարվելիս ես հույս ունեի, որ նկարներին վերջում ռետուշ կարվի: Միայն նայեք ձեռքերիս պիգմենտային բծերին' դրանք ահավոր են»: Թերևս սա է պատճառը, որ Դաֆնան սովորաբար երկարաթև զգեստներ է հագնում. «Նայում եմ այդ նկարներին, և միակ բանը, որ ինձ սփոփում է այն է, որ դրանք արված են բարի նպատակներով»:
Եվ իրոք, Դաֆնան նկարվել է Oxfam Trading բրենդի բարեգործական ֆոտոսեսիայում, որ պետք է խթաներ աղքատ կանանց համար զգեստների հավաքագրումը: Կազմակերպությունը հաշվել էր, որ ամեն հարուստ կին ունի ամենաքիչը 6 կրծքկալ, որոնցից գոնե 3-ը երբեք չի օգտագործում և դրանք կարող է նվիրել մի կնոջ, ում համար կրծքկալը իսկական ճոխություն է: Այս գաղափարի քարոզարշավին մասնակցեց Դաֆնան ու, կարծես թե, հաջողության հասավ:
Շատերն են հարցնում, թե ինչպես է 83-ամյա մոդելն իրեն այդքան լավ արտաքին վիճակում պահում. «Ես երբեք դեմքիս վրա որևէ միջամտություն չեմ արել' ո'չ ձգել եմ, ո'չ վիրահատել: Այս ամենի համար ես երբեք գումար չունեմ: Գեղեցիկ արտաքինովս գեներիս եմ պարտական: Իմ մայրը ապրել է 95 տարի և միշտ էլ հրաշալի տեսք է ունեցել»,- ասում է Դաֆնա Սելֆը:
Դիտվել է 4890 անգամ
|