|
«Սովորական» կանացի հիվանդություն' ցիստիտ
09.12.2013
Գեղեցիկ սեռի ներկայացուցիչներից շատերը, անշուշտ, լսել են ցիստիտի մասին: Եվ չնայած այն հանգամանքին, որ այս հիվանդությունը հանդիպում է նաև տղամարդկանց մոտ, սակայն ցիստիտը համարվում է «սովորական» կանացի հիվանդություն:
Ըստ doctors.am-ի հաղորդած վիճակագրական տվյալների՝ միզապարկի ինֆեկցիոն բորբոքման խնդիր ունենում են ակտիվ տարիքի կանանց մինչև 90%-ը: Այս հիվանդության նկատմամբ այսպիսի տրամադրվածությունը պայմանավորված է կանանց միզասեռական համակարգի անատոմիական առանձնահատկություններով: Ի տարբերություն տղամարդկանց՝ կանանց միզատար ուղին կամ ուրետան ավելի կարճ է և լայն, ինչն էլ հեշտացնում է վարակի ներթափանցումը միզապարկ:
Մրսելը, ինտիմ հիգիենայի կանոնները չպահապանելը, հղիությունը, կլիմաքսը, ունեցած ուրոլոգիական, գինեկոլոգիական, վեներական հիվանդությունները, գրիպը, քրոնիկ սթրեսը և հյուծվածությունը, վիտամինների անբավարարությունը, իմունիտետի ժամանակավոր թուլացումը և մի շարք այլ գործոններ կարող են հանդես գալ որպես «բարենպաստ» պայմաններ ցիստիտի զարգացման համար:
Այս հարցում իրենց լուման ունի նաև սուր ճարպոտ սնունդ պարունակող սխալ սննդակարգը և վնասակար սովորությունները՝ հատկապես ալկոհոլի չարաշահումը, ինչպես նաև՝ հերթական դաշտանային ցիկլը կամ սեռական ակտիվության մեծացումը: Արդյունքում այդ "ագրեսորներին" հաջողվում է թուլացնել իմունային համակարգի զգոնությունը և անել իրենց սև գործը:
Ցիստիտի ախտանիշներն են հաճախակի դարձած միզարտադրությունը, սուր ցավը որովայնի ներքևի շրջանում, մեզում արյան հետքերը, մարմնի ջերմաստիճանի բարձրացումը մինչև 37–38 աստիճան: Պետք չէ ինքնաբուժման փորձեր կատարել և հետաձգել այցը բժշկին՝ թերապևտին, ուրոլոգին կամ գինեկոլոգին:
Ամբողջությամբ` այստեղ:
Դիտվել է 17683 անգամ
|