Հաջորդ շաբաթ կսկսվի աշխարհահռչակ իսպանացի երգիչ Խուլիո Իգլեսիասի` մարտի 18-ին Կ. Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում կայանալիք համերգի տոմսերի վաճառքը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նախագծի պրոդյուսեր Արման Ծատուրյանը:
Նա նշեց, որ տոմսերը տպարանում են, եւ հավանաբար հաջորդ շաբաթ կսկսվի վաճառքը: Խուլիո Իգլեսիասի երեւանյան համերգի տոմսերը կարժենան 5-80 հազար դրամ, դրանք հնարավոր կլինի ձեռք բերել բոլոր տոմսարկղերից: Ի դեպ, մինչ համերգը Խուլիո Իգլեսիասը հանդես կգա մամուլի ասուլիսով:
Մեկ ուրախալի նորություն եւս. ապրիլին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նախատեսվում է աշխարհահռչակ դաշնակահար Յաննիի համերգը: Արման Ծատուրյանը նշեց, որ համերգի օրվա եւ տոմսերի վաճառքի մասին հավելյալ կտեղեկացնի: Բայց, հավանաբար, Յաննի համերգի տոմսերը սկկսեն վաճառվել հունվարի վերջից: Ի դեպ, արդեն երկրորդ անգամ է, ինչ Յաննին համերգով հանդես է գալիս Երեւանում, առաջին անգամ նա հայ հանդիսատեսին ներկայացել է 2011թ սեպտեմբերի 23-ին:
Հայ հանդիսատեսի համար այսքանով անակնկալները չեն ավարտվի, նախատեսվում է Հայաստան հրավիրել նաեւ ամերիկացի դերասան, երգիչ, երգահան Մարկ Էնթոնիին եւ անգլիացի երաժիշտ, երգիչ Սթինգին: