Կանաչին համեմում ենք կիտրոնով
12.05.2016
Հայտնի բրիտանացի խոհարար Ջեյմի Օլիվերը հիանալի ուտեստներ է պատրաստում: Նրանցից մեկը գարնանային կանաչին է, որը նա համեմում է կիտրոնով: Նրա բաղադրատոմսով պատրաստած այս աղցանը հիանալի գարնիր է մսի, թռչնի, ձկան, ինչպես նաև լցոնված կարկանդակի համար: Այն նաև կարող է լինել առանձին ուտեստ:
Այն պատրաստելու համար կարող եք օգտագործել ցանկացած կանաչի` սպանախ, ղանձիլ, թրթնջուկ, մաղադանոս, սամիթ, համեմ: Մի խոսքով՝ ամեն ինչ: Այս ճաշատեսակի յուրահատուկ համի գաղտնիքը կիտրոնով համեմելու մեջ է:
Եվ այսպես, պատրաստման համար անհրաժեշտ են․
- 500 գր գարնանային կանաչի
- 1 կիտրոն
- 2 ճաշի գդալ ձիթապտղի յուղ
- Ծովի աղ
- Թարմ աղացած սև պղպեղ։
Պատրաստման եղանակը․
Մանր քերում եք կիտրոնի կեղևը և դնում փոքր բանկայի մեջ: Կիտրոնը կիսում եք երկու մասի, քամում եք մեկ կեսի հյութը այդ բանկայի մեջ: Ավելացնում եք ձիթապտղի յուղը, մի քիչ աղ և պղպեղ: Փակում եք կափարիչը և լավ թափ տալիս:
- Կաթսայի մեջ կիսով չափ լցնում եք սառը ջուր: Մի քիչ աղ եք ավելացնում և եռացնում:
- -Կտրատում եք կանաչին: Լցնում այն եռացող ջրի մեջ և եփում 3-4 րոպե, որպեսզի այն փափկի, սակայն պահպանի վառ կանաչ գույնը:
- Կանաչին տեղափոխում եք քամիչի մեջ, որպեսզի ավելորդ ջուրը գնա, ավելացնում եք կիտրոնի սոուսը և մատուցում:
Կիտրոնով համեմված կանաչին Ջեյմի Օլիվերի բաղադրատոմսով պատրաստ է: Բարի ախորժակ:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 8179 անգամ
Читать на русском
|