Դելֆիններից սովորել եմ համբերատար լինել. ԵԿԱՏԵՐԻՆԱ ԲԻԶՅՈւԿԻՆԱ
29.03.2012
LN-ի հյուրասրահում առանձնահատուկ մասնագիտությամբ կին է՝ «Նեմո» դելֆինարիումում ծովային կենդանիների մարզիչ, դերասանուհի Եկատերինա Բիզյուկինան:
-Ինչպե՞ս է, որ աշխատում ես ծովային կենդանիների հետ, բայց մեծ ախորժակով ձուկ ես ուտում (մեր զրույցի ժամանակ Եկատերինան սուշի էր վայելում):
-Բոլոր ծանոթներս դա են հարցնում (ծիծաղում է-LN): Բայց ախր դելֆինը ձուկ չէ: Եվ հետո, դելֆինն ինքն էլ սնվում է այսպիսի ձկնիկներով:
- Եկատերինա, շատ հետաքրքիր մասնագիտություն ունես: Ինչպե՞ս որոշեցիր դելֆիններ վարժեցնել:
-Ես դեռ փոքր էի. երբ ներկայացումներ էի տեսնում դելֆինների հետ, դա ինձ գերում էր: Իսկ հետո ուսանողական շրջանում սկսեցի հաճախ գնալ դելֆինարիում: Սկզբում ինձ մանր գործեր էին վստահում' փայտ բռնել, որպեսզի դելֆինը թռչի վրայով, գնդակ գցել դելֆիններին: Եվ աստիճանաբար սկսեցի սովորել ծրագիրը:
-Հատկապես ինչո՞վ են գրավում քեզ դելֆինները, ի՞նչ յուրահատկություն ես տեսնում նրանց մեջ:
- Այնքան յուրահատուկ են, ինչպե՞ս կարող են չգրավել: Նրանք խելացի են, հետաքրքիր, հավատարիմ:
-Դժվա՞ր է նրանց հետ աշխատել:
-Ոչ, նրանք ասես աշակերտներ լինեն: Պետք է գտնես նրանց հետ շփվելու լեզուն և վերջ: Քանի որ ես զբաղվել եմ աթլետիկայով դեռ շատ փոքրուց, ինձ համար նրանց հետ աշխատելն ավելի հեշտ է: Օրինակ, մի ոտքով համարը կատարելիս պետք է բավականին մեծ հավասարակշռություն ունենաս: Այնպես է ստացվել, որ այդ համարն ինձնից առաջ դեռ ոչ ոք չէր արել:
- Դա քո միա՞կ մասնագիտությունն է:
- Իրավաբան եմ: Բայց ես դեռ սովորելու տարիներին հասկացա, որ դա իմը չէ: Ինձ ավելի ստեղծագործ աշխատանք էր պետք: Ինչով հիմա ես զբաղվում եմ, ինձ շատ ավելի շատ է դուր գալիս, քան իրավաբանի գործը:
-Իսկ ինչո՞ւ հենց Հայաստանում:
-Մենք մինչև այդ ուրիշ քաղաքներում էինք աշխատում: Մեր ղեակավարներն այստեղ դելֆինարիում ստեղծեցին, և ես, ամուսինս ու կենդանիները տեղափոխվեցինք Հայաստան: Հայաստանում ես շատ բան եմ սովորել, օրինակ՝ կար ու ձև, սովորում եմ նաև անգլերեն: Նաև այնպիսի տեղեր ենք գնացել, այնպիսի գեղեցկություններ տեսել, որ ուղղակի հիացած եմ:
-Իսկ երկա՞ր եք մնալու այստեղ:
-Ոչ, սա ժամանակավոր է. մինչև փոխարինողներ կհայտնվեն: Մենք կտեղափոխվենք ծովին ավելի մոտ մի տեղ:
-Կա՞ն նշաններ, ժեստեր, որոնց միջոցով դելֆինները հասկանում են քեզ առանց խոսքի:
-Իհարկե, կան արդեն բավականին հստակ սովորած, վարժեցված ժեստեր, որոնք նրանք հասկանում են: Նրանք գիտեն նաև համարների հերթականությունը: Մի քիչ դժվար է նոր համարներ ստեղծել, որովհետև պետք է նորից սկզբից ամեն ինչ սովորեցնել, որպեսզի չխախտեն հերթականությունը: Բացի ժեստերից, նրանք զգում են նաև քո տրամադրությունն ու տրամադրվածությունը: Եթե ես մի փոքր լարված եմ, ջղայնացած, նրանք դա անպայման զգում են և չեն շփվում ինձ հետ: Որպես կանոն, այդ դեպքերում ծրագիրը ձախողվում է:
-Իսկ ձախողումներ հաճա՞խ են լինում շոուի ժամանակ:
-Ամեն անգամ (ծիծաղում է_LN): Ոչ մենք, ոչ էլ առավել ևս նրանք ռոբոտներ չենք, և սխալներ անպայման լինում են: Օրինակ լինում է, երբ կերակրում եմ, նա վերցնում է ձուկն ու լողում հեռու: Վերջ, էլ ոչինչ չես կարող անել: Նա կշտացել է, բավականաչափ խաղացել և այլևս չի ուզում անել ոչինչ: Կամ ես նրա վրա եմ, մենք միասին լողավազանի մեջ պտույտ ենք կատարում, մեկ էլ նա որոշում է,որ այլևս չի ուզում ինձ իր վրա պահել: Նա սուզվում է ջրի մեջ, ես էլ՝ իր հետ միասին: Այ այդպիսի խուլիգաններ են մեր դելֆինները (ծիծաղում է-LN):
-Հանպատրաստից համարներ ստեղծվո՞ւմ են:
-Այո, եղել է այդպիսի դեպք: Փոկերի հետ համարի ժամանակ դելֆիններից մեկն ուզում էր իմ ուշադրությունը գրավել և սկսեց թռիչքներ անել, պտտվել օդում: Ես հիացած էի, բայց չէի կարող կիսատ թողնել փոկերի հետ ներկայացումը: Սկսեցի միաժամանակ նրան ձկնիկներ գցել, հասկացնելու համար, որ ինձ դուր է գալիս այն, ինչ անում է նա: Նա էլ դրանից ավելի ոգևորվեց և սկսեց բարձր թռիչքներ անել, պտտվել մի քանի անգամ: Բոլորին թվաց, թե դա լավ պատրաստած համար է, բայց փաստորեն այն ստեղծվեց տեղում, անսպասելի բոլորիս համար:
-Ինչպե՞ս ես դելֆիններին իրարից տարբերում:
-Նրանք շատ տարբեր են: Եթե ընդհանուր առմամբ նայես, բոլորը մոխրագույն են, սպիտակ փորով: Նույնն է, եթե ասես, որ բոլոր սևամորթները նույնն են, չէ՞ որ մենք նրանց էլ հազիվ ենք տարբերում: Բայց եթե աշխատես, շփվես նրանց հետ, նրանք բոլորովին տարբեր են:
-Ինչպե՞ս է ստացվել, որ ամուսինդ նույնպես դելֆինների հետ է աշխատում:
-Մենք տարբեր դելֆինարիումներում էինք աշխատում: Նա ավելի շուտ է սկսել այս գործը, քան ես: Նա արդեն իր դելֆիններին էր վարժեցնում, իսկ ինձ պատրաստի դելֆիններ էին տվել, մնում էր, որ ես սովորեի նրանց հետ աշխատել: Հետո մեզ տեղափոխեցին մի դելֆինարիում, այնտեղ էլ ծանոթացանք ու այդպես…
-Որպես վարժեցնողներ, դու եւ ամուսինդ շա՞տ տարբեր եք:
-Իհարկե, նա որպես տղամարդ ավելի խիստ, պահանջկոտ է: Եթե ինձ մոտ ինչ-որ բան չի ստացվում այսպես, ես դա կարող եմ անել այնպես: Նա ավելի ճշտապահ է, եթե պետք է այստեղ թռիչք, ուրեմն այն պետք է լինի: Եթե պետք է լինի երկու պտույտ, ուրեմն հենց երկուսը պետք է լինի և վերջ:
-Ու՞մ են նրանք ավելի շատ ենթարկվում:
-Երկուսիս էլ ենթարկվում են: Ընդհանրապես մեր դելֆինները շատ խելացի են: Լինում է, որ բնավորություններն են ուրիշ. մեկն ավելի շուտ է սովորում,ավելի ենթարկվող է, մյուսի հետ ավելի մեծ ջանքեր են պետք:
-Մինչև ե՞րբ կարող եք զբաղվել այս աշխատանքով, այն հեռանկարայի՞ն է:
-Ես անգամ չեմ մտածել: Կարծում եմ՝ այս աշխատանքն ավելի երիտասարդ աղջիկների համար է: Իմ կարծիքով, շոուն պետք է ցուցադրի երիտասարդ, գեղեցիկ աղջիկ: Հաստատ նա ավելի ճկուն և էսթետիկ կդիտվի, քան 40-ն անց մի կին: Հետագայում կյանքը ցույց կտա՝ ինչպես կլինի, իսկ հիմա ես երիտասարդ եմ և դեռևս չեմ անհանգստանում:
-Երբ ծնողներդ համատեղ աշխատանք ունեն, ցանկություն է առաջանում շարունակել նրանց գործը: Հիմա երեխաներ չունեք, բայց երբ ձեր կյանքում հայտնվեն փոքրիկներ, կուզեի՞ք՝ նրանք նույնպես այս ասպարեզում դրսևորեին իրենց:
-Թող լինի այդպես: Մենք երբեք դեմ չենք լինի: Եթե անգամ նա չընտրի այս մասնագիտությունը, միևնույնն է՝ սպորտով զբաղվելու է հաստատ: Հիմա մեր փոքրիկները դելֆիններն են:
-Նմա՞ն են դելֆինները մարդկանց:
-Այո, նրանք մարդկանց նման նեղացկոտ են: Դու երբեք ուժով կամ ստիպողաբար չես կարող նրանց ինչ-որ բան սովորեցրել: Նրանք հասկացնում են քեզ, որ պետք է փոխես մեթոդդ: Նրանք համառ են: Եթե մի բան ուզում են, ուրեմն պետք է ստանան: Երբ դեռ նոր էի այս ասպարեզում, անընդհատ շտապում էի, ուզում էի շուտ պատրաստել համարը: Դելֆինն էլ նեղացավ ինձնից ու այլևս չէր մոտենում: Անգամ իմ ձեռքից ձուկ չէր վերցնում: Ես լողում էի նրա ետևից, փորձում սիրել, հաշտվել, բայց ոչ մի ռեակցիա չկար: Նա նեղացել էր և վերջ: Իսկ ես դրանից ահավոր նեղվում էի, ամեն կերպ փորձում հաշտվել: Երկար ժամանակ անցավ, երբ նա նորից սկսեց վստահել ինձ:
-Իսկ ի՞նչ ես սովորել նրանցից:
-Բարություն: Նրանք անսահման բարի են: Սովորել եմ համբերատար լինել: Նրանց հետ ինձ ավելի մոտ եմ զգում բնությանը:
-Պատահո՞ւմ է, որ ուղղակի նրանց հետ շփվելու կարիք եք զգում, թեկուզ ոչ աշխատանքային օրերին:
-Մենք ապրում ենք դելֆինների հետ: Քանի դեռ երեխաներ չունենք, մեզ այդպես շատ հարմար է: Այդպես նրանք միշտ հսկողության տակ են, ուշադրության կենտրոնում: Ոչ աշխատանքային օրերին էլ լողում ենք նրանց հետ, սիրում: Խաղալիքներ ենք գցում լողավազան, խաղում նրանց հետ:
-Իսկ ե՞րբ են նրանք հասցնում հանգստանալ:
-Դելֆինների համար դա աշխատանք չէ, նրանք պարզապես խաղում են, նրանց համար դա հաճելի է: Անգամ ներկայացումներից հետո, նրանք սկսում են թռչել, խնդրել, որ նորից խաղաս իրենց հետ: Դելֆիններն ընդհանրապես չեն քնում: Նրանց գլխուղեղի երկու հատվածները հերթով են աշխատում: Օրվա մի մասը աջ կիսագունդն է աշխատում, մյուս կեսը' ձախը: Եթե նրանք քնեն, կխեղդվեն, քանի որ շնչում են թոքերով:
-Այսինքն' նրանց համար ոչ մի վտանգավոր բան չկա՞ այդ պարապմունքներից, ներկայացումներից:
-Ոչ: Այդպիսի խոսակցություններն ինձ ուղղակի նյարդայնացնում են: Որոշ մարդիկ երևի գումար են աշխատում' այդպիսի հիմարություններ խոսելով: Նրանք հորինել էին, թե էպիդեմիա է տարածված, վարակվում են նաև դելֆինների հետ շփվող մարդիկ: Խոսում էին, թե մենք անմարդկային ենք վերաբերվում նրանց հետ, խփում ենք, տանջում: Ուղղակի ամոթ է, ինչպե՞ս կարող ենք մենք այդպես վարվել այն կենդանիների հետ, որոնց հետ ապրում ենք, աշխատում: Նրանք մեր կյանքի մի մասն են' մեր երեխաները:
-Իսկ փակ տարածության մեջ պահելը չի՞ վտանգում նրանց կյանքը:
-Ոչ, նրանք քանի որ ծնվել են այդ պայմաններում,նրանք սովորել են այդտեղ ապրել: Եթե հիմա մենք նրանց բաց թողնենք օվկիանոս, հավանաբար չեն դիմանա: Նրանց իմունային համակարգը հարմարվել է այս պայմաններին: Նրանք չեն կարող ինքնուրույն կեր ճարել իրենց համար: Իսկ նրանք, ովքեր սիրում են բամբասել, վատաբանել ու քննադատել, դաժան հեքիաթներ հորինել, թող մի փոքր շատ շփվեն կենդանիների հետ, գուցե դրական անդրադառնա նրանց վրա: Ընդհանրապես մեզ բարությունն է պակասում, որը կարող ենք սովորել կենդանիներից:
Հարցազրույցը' Նելլի Ղարիբյանի Դիտվել է 6529 անգամ
|