Եթե կինը կոնֆլիկտի է գնում, ուրեմն հարկադրված է. ԱՐԹՈւՐ ԱԹԱՆԵՍՅԱՆ
19.10.2012
Գենդերային հավասարության, կանանց իրական ու մտացածին սոցիալական խնդիրների մասին LN-ը զրուցեց ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի Կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ Արթուր Աթանեսյանի հետ:
-Եթե նկատի ունենանք, որ ի սկզբանե կինն ու տղամարդը պետք է որ հավասար ընկալվեին՝ որպես մարդիկ, կարո՞ղ ենք խոսել այն ճանապարհի ու անցումների մասին, որոնք նպաստել են այդ հավասարության նշանի փոխակերպմանը, այսինքն՝ տղամարդու դոմինանատ դառնալուն:
-Նախ ասեմ, որ կարծում եմ' ի սկզբանե կինն ու տղամարդը հավասար չեն եղել: Աստված նախ ստեղծեց տղամարդուն, հետո' կնոջը, ինչն իմ սրտով չէ (ժպտում է- LN): Գիտե՞ք' անգամ այն ժամանակ, երբ նախամարդն ապրում էր քարանձավում, պայմաններն անհավասար էին: Նախնադարյան տղամարդը կնոջն առաջ էր թողնում, ինչն իբր հարգանքի նշան է, որովհետև քարանձավից դուրս որևէ գազան կարող էր այդ պահին հարձակվել. փաստորեն, կինը «ափսոս» չէր: Մարդաբան Կլոդ Լևի-Ստրոսը, ով ուսումնասիրել է մարդու կյանքը ցեղային միությունների ժամանակ, գրում է, որ որս անելիս տղամարդիկ կանանց ուղարկում էին անտառի մի ծայրը' նրանց փայտերով զինելով, իսկ իրենք սկսում էին անտառի խորքում թմբուկ նվագել: Նվագի ձայնից վախեցած կենդանիները վազում էին կանանց ուղղությամբ, ու մնում էր երկու ուղի'կամ գազանն էր սպանում կնոջը, կամ կինը' գազանին:
Իսկ, եթե վերադառնանք սկզբին, ապա այն, որ տղամարդն է առաջինը ստեղծվել (ըստ Աստվածաշնչի), թույլ է տալիս եզրակացնել, որ, առաջինը տեսնելով շրջակա միջավայրը, տղամարդը սկսել է նախապատրաստել այն կնոջ համար, ու այդ միտումը, որ տղամարդն է կնոջն օգնում ու ճանապարհ հարթում, պահպանվել է: Ի վերջո, ամուսնությունից հետո, գոնե Հայաստանում այդպես է. կինն է գնում ամուսնու տանն ապրելու, ոչ թե հակառակը:
-Սոցիոլոգիայում իբրև որևէ կոնֆլիկտի պատճառ դիտարկվում են հիմնարար սկզբնապատճառները կամ նպաստող պայմանները և հավելյալ սկզբնապատճառները կամ դրդիչները: Այս մեխանիզմը կարելի՞ է կիրառել կին-տղամարդ հարաբերություններում:
-Կարծում եմ, որ կին-տղամարդ կոնֆլիկտը եղել է միշտ, բայց և չի եղել երբեք: Եթե նայենք պատմությանը, որևէ պատերազմ չի եղել կանանց ու տղամարդկանց միջև:) Բոլոր պատերազմներ եղել են տղամարդկանց միջև (հնարավոր է' կանանց համար): Բայց աշխատանքային հարաբերություններում սովորաբար կանայք միմյանց հետ ավելի շատ են կոնֆլիկտի մեջ լինում, քան' տղամարդիկ: Իսկ կենցաղային' ամուսին և կին, զոքանչ և փեսա, հայր և դուստր կոնֆլիկտները եղել են միշտ:
-Ո՞րն է եղել կնոջ առաջնային ֆունկցիան, ինչպե՞ս է փոխակերպվել, և արդյո՞ք այդ փոխակերպումն էլ է ազդել սեռերի ազատությունների անհավասար բաշխման վրա:
-Մեր ժամանակներում երեխա ունենալը մնացել է միակ ֆունկցիան, որով կինը տարբերվում է տղամարդուց: Մեր ռեգիոնում գոնե տղամարդկանցից պահանջվում է լինել ուժեղ, բայց, արի ու տես, որ ուժեղ տղամարդիկ այսօր քիչ են. ուժ ասելով նկատի չունենք բեղեր և մկաններ ունենալը, այլ տղամարդկային արարք գործելու ունակությունը: Բայց այդ արարքներն այսօր չկան, ու հետզհետե մի տենդենց է ձևավորվում, որ կինը ստանձնում է նաև այս ֆունկցիան. դառնում է ուժեղ: Նա ծխում է, մեքենա է վարում, ծանր տոպրակներ է տուն քարշ տալիս, հայհոյում է, մի խոսքով՝ փոխարինում է տղամարդուն: Այստեղից էլ կոնֆլիկտն է ծնվում: Բայց կինը մեղավոր չէ, որ խախտում է իր ֆունկցիան: Ցանկացած մարդու, եթե հարցնես' խաղա՞ղ ես ուզում ապրել, թե՞ կոնֆլիկտներով, կասի' խաղաղ: Եթե կինը կոնֆլիկտի է գնում, ուրեմն նա հարկադրված է:
-Ի՞նչ է պետք այդպիսի կոնֆլիկտը կանխարգելելու համար: Չէ՞ որ ցանկացած կոնֆլիկտ լուծվում է, երբ մի կողմը զիջում է, իսկ զիջել նշանակում է «ստորադասվել»:
-Այն, որ կոնֆլիկտային իրավիճակի լուծման համար մի կողմը միշտ պիտի զիջի, կարծրատիպ է ընդամենը: Երկու հավասարների միջև խաղաղությունն ավելի կայուն է: Ավելի ամուր են հարաբերությունները երկու ուժեղների միջև: Ուղղակի պետք է գիտակցել, որ ոչ ոք դիմացինի հանդեպ որևէ առավելություն չունի:
-Կնոջ «կախվածությունը» տղամարդուց հարաբերակա՞ն է, թե՞ օրինաչափ:
-Կարծում եմ' պատմական հիշողությամբ, այո, կինը դեռևս կախված է տղամարդուց: Ցանկացած կին ցանկանում է, որ իր համար հոգ տանեն, ուշադիր լինեն, պաշտպանեն, ու սա բոլորովին վատ չէ, օրինաչափ է: Բայց կա նաև հարաբերական մի պահ: Հազվադեպ չեն կանայք, ովքեր իրենք կարող են և ուզում են պաշտպանել իրենց ընտանիքին, երեխաներին, ժողովրդին. քանի՜ ֆիդայի կին է եղել: Եթե կինը տղամարդուն հավասար ուժեղ է ուզում լինել ինքնակամ, շատ լավ է, իսկ, եթե այդ ուժեղ լինելն ու հավասարությունը ստիպողաբար են, դժբախտություն է: Հավասարությունը չի կարող պարտադրվել:
-Կանայք մի՞շտ են հանդես գալիս «զոհի» դերում:
-Մեր տղամարդիկ հաճախ են ասում, որ պաշտում են կանանց ու սրբացնում, բայց կա մի պարզ ճշմարտություն. եթե մի բան բացարձակացվում է, ուրեմն մասամբ է ճիշտ: Այս տեսանկյունից կնոջ ճնշված լինելը ընտանիքում, ինչպես Հայաստանում, այնպես էլ աշխարհի շատ երկրներում, պրոբլեմ է: Ու լավ է և գովելի կանանց իրավունքները պաշտպանող կազմակերպությունների ի հայտ գալը: Բայց խնդիրն այն է, որ սա միանշանակ չէ, և տղամարդկանց իրավունքները ևս պաշտպանության կարիք ունեն, հակառակ դեպքում դարձյալ տեղի է ունենում մարդու իրավունքների խախտում, այս դեպքում արդեն' կանանց օգտին:
-Կրթությունը և տնտեսական զարգացումը սոցոլոգիայում հանդիսանում են այն հիմնական միջոցները, որոնց շնորհիվ հնարավոր է դառնում հետագա սերունդների շրջանում կոնֆլիկտների զարգացումը կանխելը: Հասարակության կրթվածության և տնտեսական պայմանների մակարդակի բարձրացումը կնպաստի՞ գենդերային հավասարության հասնելուն:
-Եթե այս տեսությունը բացարձակացնենք, ուրեմն պիտի ենթադրենք, որ հարուստ պրոֆեսոր ամուսինների ընտանիքներում կոնֆլիկտներ չեն լինում, ինչը աբսուրդ է: Որևէ բան միանշանակ չէ: Կարծում եմ' ուղղակի և' կինը, և' տղամարդը պիտի հասկանան, որ ամուսնանալով իրենք չեն մնում իրենց նախկին իրավունքների հետ: Պետք է երկու կողմն էլ գիտակցի, որ ամուսնության իդեան ենթադրում է զիջել որևէ իրավունք ու ստանձնել ավել պարտականություններ: Մեր հասարակությունում առկա կոնֆլիկտներից շատերի պատճառը հենց վաղ տարիքում ամուսնանալն է, երբ դեռ չկա այն իդեայի գիտակցումը, որ ազատությունն այլևս այն չի լինելու: Բայց գիտակցելու տեսանկյունից կրթությունն իհարկե կարևոր է:
-Եթե 19-րդ դարի հայ մամուլը բարձրացնում էր «կանանց հարցը», ասելով որ տղամարդուն հավասար լուսավորված ու կրթված մայրեր են պետք ազգին, «Հյուսիսափայլը» անդրադառնում էր կնոջ'հասարակության լիիրավ անդամ լինելու հարցերին, ապա այսօր հաճախ քարոզվում է հայրիշխանություն, որը կարող է ընտանիքում ճնշել կնոջը: Սա ի՞նչ է՝ առաջադիմական հայացքներից հետզհետե հետ կանգնելու տենդե՞նց...
-Այդպիսի քարոզը հիմնականում այս վերջին անիմաստ սերիալներում է, բայց ախր այդ սերիալները նայողը հենց այն մարդն է, ում ընտանիքում վաղուց մեկը մյուսին ծեծում է… Մարդիկ սիրում են դիտել և տեսնել այն, ինչում իրենց հայելային պատկերն են տեսնում' իրենց նմաններին:
-Չե՞ք կարծում, որ այսօրվա հասարակությունում գենդերային խնդիրը պետք է բարձրացվի ներքևից, մինչ կնոջը ղեկավարման օղակներ մտցնելը պետք է գոնե ընտանիքում ամրացնել նրա դիրքը, հանել վրայից պարզագույն բարոյական ճնշումները, որոնք արգելում են անգամ առողջ սեռական կյանքով ապրել:
-Ամբողջ խնդիրն այն է, որ զուտ գենդերային հավասարության համար, ասենք՝ խորհրդարանում կանանց քանակն ապահովելու համար, պետք չէ որևէ բան անել: Ղեկավարման օղակներում պետք է լինեն այն կանայք ու տղամարդիկ, ովքեր ի զորու են կատարելու այդ աշխատանքը, և ոչ թե, որովհետև այսքան տեղ է նախատեսված: Պրոբլեմն ի հայտ է գալիս այն ժամանակ, երբ զոռով ազատագրում ենք ազատագրվել չցանկացող կնոջը (նույնը վերաբերում է տղամարդուն. որքանո՞վ է արդյունավետ «ռաբիս» և «քյարթու» հայ երիտասարդների վերափոխումը ժամանակակից մարդու կերպարով): Սխալ է անընդհատ գենդերային հավասարությունից խոսելը և աշխարհի բոլոր տղամարդկանց մեղադրելը, թե իրենք ծեծում են կանանց, որովհետև այդ մեղադրանքները լսող տղամարդկանց մեծ մասը, ով չի ծեծում իր կնոջը, կարող է մտածել' գուցե միայն ես եմ, որ չեմ ծեծում, ուրեմն պետք է սկսել ծեծել... Պետք չէ ամեն ինչում ձգտել օգտագործել միջազգային փորձը: Հայ ժողովուրդը սեփականն ունի, և այն մեզ, միանշանակ, ավելի հարազատ է:
Լարա Առաքելյան Դիտվել է 10912 անգամ
|