Ինչպե՞ս հաղթահարել շփման հետ կապված բարդույթները
26.03.2012
Միջանձնային շփումն ամենալայն հնարավորությունների ուղի կարող է դառնալ, եթե չխոչընդոտեն շփվելիս ի հայտ եկող բարդույթները, վախերը: LN-ն այս խնդրին վերաբերող մտահոգություններ արտահայտող արդեն մի քանի նամակներ է ստացել ընթերցողներից: Ինչպե՞ս դառնալ ավելի շփվող, հաղթահարել շփման ժամանակ ունեցած բարդույթները:
LN-ի հարցին պատասխանել է Երևանի թիվ 2 բուժմիավորման կլինիկական հոգեբան Միհրդատ Մադաթյանը (www.psyhelp.am):
Ոչինչ չի խանգարում մեզ շփվելուց հաճույք ստանալ այնպես, ինչպես սեփական բարդույթները: Սակայն դրանցից ձերբազատվելն այնքան էլ բարդ գործընթաց չէ: Եկեք փորձենք ձերբազատվել շփման ժամանակ ի հայտ եկող բարդույթներից:
Բարդույթ համար մեկ' «Ես ամաչում եմ անծանոթ մարդկանց հետ շփվելուց»:
Իրականում, մենք վախենում ենք ոչ թե հենց անծանոթներից, այլ այն տպավորությունից, որը կարող են թողնել նրանց վրա մեր սուբյեկտիվորեն ընկալված թերությունները: Մենք սարսափում ենք արդեն այն մտքից, որ մեր ոչ իդեալական ատամները կամ խոսքի թեթև դեֆեկտները կարող են դառնալ լայն քննարկման առարկա: Այսպիսի մտացածին թերություններն էլ կարող են առաջացնել շփման բարդույթ:
Առաջին հերթին պետք է կարողանալ գլխից դուրս շպրտել այդ հիմարությունները: Ապացուցված է, որ անծանոթ մարդիկ սովորում են Ձեր արտաքին տեսքին և խոսքի ձևերին շփման առաջին 3-9 րոպեների ընթացքում, իսկ հետո ուղղակի դադարում են այդ ամենի վրա ուշադրություն դարձնել: Ոչ մեկի մտքով էլ չի անցնի քննարկել Ձեր խոսքի առանձնահատկությունը, եթե ինքներդ չփորձեք թաքցնել այն: Հենց սա էլ ուշադրություն է գրավում:
Ամփոփում՝ մարդիկ կողմնորոշվում են զրուցակցից ունեցած ընդհանուր զգացողությամբ' երբեք չֆիքսվելով մանրամասների վրա: Եղեք բնական, մի փորձեք թաքցնել Ձեր «թերությունները»: Հիշեք՝ իդեալական մարդիկ գոյություն չունեն – մեզնից ամեն մեկն էլ ունի իր թերությունն ու բարդույթը:
Բարդույթ համար երկուս' «Ես ինձ չշփվող եմ համարում՝ ինձ շատ դժվար է մտերիմ մարդ գտնել»:
Մեզնից շատերը շփման մեջ նման են կրիաների: Պատյանի տակ թաքցնելով մեր գլուխն ու թաթերը' սպասում ենք, որ դիմացինը ինչ-որ կերպով ապացուցի, որ մեզ համար թշնամի չէ: Սակայն երբ երկու' քիչ ծանոթ մարդ «պատյանների» մեջ են թաքցնում իրենց լավագույն որակները, զգուշանում արտահայտել իրենց բնավորությունը, նախընտրությունները և կարծիքները, ապա լիարժեք շփում չի կարող տեղի ունենալ: Ավելի ճիշտ և հեշտ է բացվել և վստահել դիմացինին:
Սկսեք առաջինը խոսել զրուցակցի հետ, ինչ-որ բան առաջարկեք նրան, հարց տվեք, լսեք նրան: Ամենայն հավանականությամբ, Դուք կհանդիպեք ՀՐԱՇՔԻ. Ձեր աչքերի առջև մարդը հետզհետե կհանդարտվի, զգուշորեն կհանի իր գլուխը «պատյանի» միջից և վերջապես լիարժեքորեն բացվելով' կարտահայտի իրեն, որպես սրամիտ և նուրբ զրուցակից: Ձեր բարեկրթությունը անպատասխան չի մնա: Եթե նույնիսկ այդ ամենը տեղի չի ունենա, ապա միևնույնն է, Դուք ոչինչ չեք կորցնում. ուղղակի կհասկանաք, որ այս նորեկը իրենից ոչինչ չի ներկայացնում: Այսինքն' կարելի է փնտրել ավելի հետաքրքիր զրուցակցի:
Ամփոփում՝ շփման բարդույթն ամենից հաճախ առաջանում է չհասկացված կամ սխալ հասկացված լինելու վախից: Մենք հաճախ ի սկզբանե ընկալում ենք մարդկանց սև գույներով. դեռևս չհասցնելով մի լավ տնտղել մարդուն' արդեն համոզված ենք լինում, որ նա վատն է և նրանից պետք է խուսափել:
Բարդույթ համար երեք' «Չգիտեմ' ինչու ինձ լուրջ չեն ընդունում, չնայած որ ես խելոք բաներ եմ ասում»:
Ամենայն հավանականության, բանն այն չէ, թե ինչ եք ասում, այլ այն, թե ինչպես եք ասում: Որոշ կանայք, ի ծնե ունենում են բարակ, գլխային ձայն, այսպես ասած «տիկնիկային», ինչպես, ասենք, Քայլի Մինոուգը: Այսպիսի ձայնով ինչքան էլ հավերժական իմաստնությունների մասին խոսես, միևնույն է, լսող չի լինի: Եթե Դուք այդ տիպին եք պատկանում, ապա գոյություն ունեն մասնագետներ՝ ֆոնիատորներ, ովքեր կսովորեցնեն Ձեզ ձայնի ճիշտ արտաբերում, և ինքնաբերաբար Ձեր ձայնը կփոխվի: Ի միջի այլոց, կարելի է արդյունքի հասնել նույնիսկ առանց այդ մասնագետների: Այստեղ ամենակարևորը՝ սովորել հսկել խոսքը և հետևել, որ ավելի հատու խոսեք, այսինքն՝ դանդաղ, ինտոնացիայով ընդգծելով կարևոր բառերը: Հնարավոր է, որ շատ միալար եք խոսում, և մարդկանց դժվար է կենտրոնանալ Ձեր խոսքի վրա. նրանք սկսում են թախծել, և Դուք հետզհետե «քնեցնում» եք նրանց: Խոսքի մեջ շատ կարևոր են պաուզաները, վառ տեղերի ընդգծումը ինտոնացիայով, ազատ ժեստերը:
Եվս մի պատճառ, որի պատճառով Ձեզ ամենայն լրջությամբ չեն ընդունում, կարող է հանդիսանալ Ձեր արագախոսությունը: Խոսքը ընկալվում է նորմալ, երբ այն արտաբերվում է րոպեում 100-150 բառ արագությամբ: Որոշել, թե ինչն է Ձեր նկատմամբ եղած ուշադրության պակասի պատճառը, կարող եք մտերիմ ընկերների շրջանում որոշակի հարցում անցկացնելով:
Ամփոփում՝ հռետորի հիմնական որակը լսելու ընդունակություն է: Նույնիսկ այս բոլոր թերություններն ունենալու դեպքում, Դուք կարող եք լինել հրաշալի զրուցակից, եթե շրջապատի նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերեք: Դա մարդկանց կստիպի ականջ դնել Ձեզ. ախր Դուք շատ խելացի եք, ուշադիր, և Ձեզ հարգում են: Այս մոտեցմամբ Դուք կմոռանաք շփ¬ման մեջ ունեցած Ձեր բարդույթների մասին:
Բարդույթ համար չորս' «Չեմ կարողանում ապացուցել իմ ճիշտը: Վեճերի մեջ միշտ պարտվում եմ»:
Նախքան որևե մեկին ինչ-որ բանում համոզելը, անհրաժեշտ է, որ ինքներդ հավատաք դրան: Կարևոր խոսակցություն սկսելիս նախ համոզվեք, որ Ձեր գաղափարը բոլորովին էլ հիմար կապրիզ չէ, այլ մտածված և ծանրութեթև արված առաջարկ: Նախապես կանխեք հնարավոր առարկությունները:
Այստեղ կարևոր են ոչ միայն փաստարկները, այլև Ձեր տրամադրվածությունը: Այստեղ Ձեզ կարող է օգնել «հայելու օրենքը»: Ըստ նրա, եթե վատ տրամադրությամբ մոտենաս հայելուն և գոնե մեկ անգամ քեզ ստիպես ժպտալ հայելու մեջ, տրամադրությունդ կբարձրանա: Կարևոր խոսակցության ժամանակ կարելի է օգտվել այս մեթոդից և ներկայանալ որպես ինքն իր մեջ բացարձակ համոզված մարդ: Մարդիկ «հաշվի են առնում» այդ և կընկալեն Ձեզ որպես ուժի և ինքնատիրապետման աղբյուր: Եվ մի բան էլ՝ երբեք Ձեր առաջ խնդիր մի դրեք լինել ամենախելացին: Հավատացեք՝ վեճերում, հաղթանակը տրվում է ոչ թե խելացիներին, այլ նրանց, ովքեր կարողանում են մասնակցող կողմերից ավելի շատ համակրանք գրավել:
Ամփոփում՝ անկեղծ և ուրախությամբ մտեք Ձեր նոր դերի մեջ, և Ձեզ կհաջողվի ձերբազատվել շփման ժամանակ ունեցած բարդույթից, դառնալ այնպիսին, ինչպիսին ուզում եք, որ Ձեզ ընկալեն: Շրջապատը կհավատա Ձեզ այն ժամանակ, երբ ինքներդ հավատաք Ձեզ:
Բարդույթ համար հինգ' «Տարիքի հետ ավելի ու ավելի քիչ եմ ուզում շփվել մարդկանց հետ»:
Այս պնդումը դարձել է կարծես իմաստնության մի խորհրդանիշ. արդեն ամեն ինչ գիտեմ, արդեն ամեն ինչ տեսել եմ: Այս դեպքում մեզ չշփվող է դարձնում ոչ թե տարիքը, այլ կյանքի նկատմամբ հետաքրքրության կորուստը՝ միապաղաղ կենցաղն ու առօրյան: Մեզ ծերացնում է որ թե փորձը, այլ ծուլությունը. որևէ բանով հետաքրքրվելու համար ջանքեր են անհրաժեշտ: Հեռուստացույցի առջև պառկելն ավելի հեշտ է, քան ակումբ գնալը: Այսպես մենք մնում ենք մեր կոտրած տաշտակի առջև նստած, իսկ որպես արդարացում ասում ենք. «.... Ես նույնիսկ նման տեղ գնալու հագուստ չունեմ...»:
Ամփոփում՝ հաղթահարեք Ձեր ծուլությունը: Մի կյանքը չի հերիքի, որպեսզի իմանաք և փորձած լինեք գոնե այն բաները, ինչի մասին երազել ենք մանկության տարիներին: Մի վախեցեք քայլ անել դեպի անծանոթն ու անհայտը: Մշտապես նորացվող շփումը Ձեզ ավելի ճկուն կդարձնի և կստիպի մոռանալ տարիքի մասին:
Դիտվել է 10865 անգամ
|