Ռեժիսոր ՍՈւՐԵՆ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԸ` աշխարհի վերջի, երջանկության սեփական բանաձեւի մասին…
04.12.2012
LN-ի հյուրասրահում է ռեժիսոր, պրոդյուսեր Սուրեն Թադեւոսյանը:
-Այժմ գտնվում եք ԱՄՆ-ում, կպատմե՞ք Ձեր գործերից, ինչո՞վ եք զբաղվում այնտեղ:
-Վեց ամիս է, ինչ տեղափոխվել եմ ԱՄՆ, աշխատում եմ «Best TV» հեռուստաալիքում, կարող եմ ասել` կարճ ժամանակում շատ մեծ հաջողություններ ենք ունեցել, համարում եմ` իմ միսիան կատարված է. ես բավարարված եմ Լոս Անջելեսում կատարած իմ աշխատանքով:
-Իսկ ո՞րն էր Ձեր միսիան:
-Ես հեռուստաալիքի գլխավոր պրոդյուսերն եմ, պատասխանատու եմ` ալիքի ռեյտինգը բարձրանա, հաղորդումները, նախագծերը շատանան, լավանան, որպեսզի մարդիկ դեմքով շրջվեն դեպի մեր հեռուստաալիքը, իսկ դա մեզ հաջողվեց միանշանակ:
-Մեզ մոտ` Հայաստանում, հաճախ կարելի է լսել` ինչ պահանջարկ կա, դա էլ մատուցվում է: Այդտեղի հեռուստադիտողն ինչպիսի՞ն է, պահանջկո՞տ է ի տարբերություն մերոնց:
-Մեր` այսինքն Հայաստանի հեռուստադիտողը շատ ավելի շատ խնդիրներ ունի, ինձ թվում է` Հայաստանում հեռուստաընկերությունները շատ ավելի փոքր տեղ են գրավում մարդկանց կյանքում, քան այլ տեղերում: Դա մի կողմից բնական է. սփյուռքում ապրող հայերի համար հայրենիքի հետ միակ կապը երեւի թե հայկական հեռուստաալիքներն են:
- Իսկ մասնագիտական գործունեության ընթացքում եղե՞լ են պահեր, որ զղջաք այդ դաշտում լինելու համար:
-Ո՛չ, երբեք: Սա մի աշխատանք է, որ անում ես ամեն օր, ամեն ժամ, ամեն րոպե, առանց հանգստյան օրերի: Նույնիսկ եթե դու աշխատանքի վայրում չես ֆիզիկապես, միեւնույն է, ուղեղդ չի անջատվում անընդհատ մտածելուց` ինչ անել` ավելի լավ լինի: Ես սիրում եմ իմ աշխատանքն ու ասեմ ավելին` անհնար է կատարել այս աշխատանքն առանց սիրելու, համենայն դեպս անհնար է լավ անել:
-Հայաստան վերադառնալ չե՞ք պատրաստվում:
-Ես շուտով վերադառնում եմ Հայաստան. ստացել եմ առաջարկ մի հեռուստաընկերության սեփականատիրոջից գլխավորելու ու էլ ավելի զարգացնելու այդ հեռուստաալիքը: Հաճույքով ընդունել եմ առաջարկը. սիրում եմ իմ աշխատանքն ու կարծում եմ` հետաքրքիր անելիքներ ունեմ այդտեղ, նաեւ մեծ ուրախությամբ եմ ընդունել, որովհետեւ միշտ ցանկացել եմ ապրել ու աշխատել իմ հայրենիքում:
-Ո՞ր հեռուստաալիքի մասինն է խոսքը, եթե գաղտնիք չէ:
-Դեռ չեմ ուզում ալիքի անունը տալ, բայց կասեմ, որ դեկտեմբերի կեսերից կլինեմ Հայաստանում ու կսկսեմ աշխատանքս` հույս ունենալով, որ մի քանի ամսից հեռուստադիտողը եթերից կզգա դրական փոփոխություններ:
- Լինելով դրսում ու ծանոթ լինելով դրսի ռեժիսորների հետ, ռեժիսորական դաշտին` կասե՞ք , թե մեզ մոտ ամենամեծ թերացումներն ու բացերը հատկապես որտեղ են:
-Խնդիրներն իրականում շատ են ե՛ւ Հայաստանում, ե՛ւ այստեղ` ԱՄՆ-ում, պարզապես այստեղ ամեն ինչ շատ ավելի լավ է կազմակերպված, օրինակ` չես տեսնի` շինարարը գնի տեսախցիկ ու դառնա ռեժիսոր: Ռեժիսոր դառնալու համար շատ դժվար ու երկար ճանապարհ պետք է անցնես, սակայն հիմնական պատճառն ինձ թվում է ֆինանսավորման մեջ է. փոքր հայկան բյուջեով դժվար է նկարահանել այն, ինչ նկարահանում են այստեղ հարյուրապատիկ ու հազարապատիկ ավել գումարներով, դա չի կարող չազդել, իսկ որակյալ ու գրագետ ռեժիսորներ կան նաեւ Հայաստանում:
- Իսկ որո՞նք են այն ամենամեծ դժվարությունները, որոնց բախվել եք ՝ապելով դրսում:
-Կարոտը դեպի իմ քաղաքը, իմ ընկերները:
-Հրատարակվել է Ձեր առաջին գիրքը` «12.12.12», որը սկզբում եղել է ֆիլմի սցենար, բայց ինչ-ինչ պատճառներով չի նկարվել, իսկ ֆիլմն ապագայում նկարելու նպատակներ կա՞ն :
-Հնարավոր է, բայց ես չեմ ուզում մնալ այդ գրքի, այդ աշխատանքի «տակ», այսինքն` ես շարունակում եմ ապրել ու ինձ հետաքրքրում է նոր բաներ ստեղծելը. հիմա նոր ֆիլմի սցենար եմ գրում ու հույս ունեմ`կկարողանամ գումար գտնել` ֆիլմը նկարահանելու համար: Իսկ «12.12.12» -ը շատ ասելիք ունի մարդկանց, ես հեշտ չեմ նրան «ծննդաբերել», բայց համարում եմ`արժեր այդ բարդությունները հաղթահարել. գիրքն ասելիք ունի:
-Գրքում ասվում է, որ աշխարհի վերջը վաղուց է եղել, պարզապես մարդիկ դեռ չեն գիտակցել, կպարզաբանե՞ք: Դրանք Ձեր իրական պատկերացումնե՞րն են աշխարհի ու մարդկանց մասին, որոնք էլ իրենց արտացոլումը գտել են գրքում:
-Բնականաբար, ես իրոք հավատում եմ այն ամենին, ինչ գրում եմ, այլապես ստում եմ… Շատ դժվար է կարճ ներկայացնել`ինչ նկատի ունեմ՝ ասելով, որ աշխարհի վերջն իրականում վաղուց է եղել: Պետք է կարդալ գիրքը` միտքս հասկանալու համար, ի վերջո մեկ տարուց ավել մշակած գիրքը դժվար է մի քանի նախադասությամբ ներկայացնել:
- Ի՞նչն է մեր այս ժամանակներում Ձեզ ամենաշատը սարսափեցնում:
-Անգրագիտությունը. այն միշտ է եղել, բայց հիմա սկսում է նորմալ ընդունվել, դա իրոք սարսափելի է, ու խոսքս վերաբերում է բոլոր բնագավառներին:
-Կա՞ն Ձեզ համար սկզբունքներ, որոնցով առաջնորդվում եք եւ ոչ մի դեպքում դրանք չեք խախտի:
-Չխաբել աշխատանքի մեջ, չխաբել հեռուստադիտողին, ընթերցողին, երգչին, այն մարդուն, ով տվյալ պահին քո ստեղծածի սպառողն է, չխաբել: Իհարկե, հարաբերական եմ ասում. նկատի ունեմ`լինել ազնիվ, ինչը ես կիրառում եմ նաեւ կյանքում:
- Ըստ Ձեզ` մարդն ինչպե՞ս պետք է ապրի, որ երջանիկ լինի:
-Աշխարհի բոլոր փիլիսոփաները հազարամյակներ շարունակ փորձել են գտնել այդ երջանկության բանաձեւը…… Ես ունեմ երջանկության իմ բանաձեւը, այն է` հնարավորություն ունենալ զբաղվել սիրած գործով, այդ աշխատանքով ապահովել քեզ ու քո մտերիմ մարդկանց, եւ ունենալ կողքիդ քեզ համար ամենակարեւոր մարդուն, ում կսիրես ու կլինես սիրված:
Հարցազրույցը՝ Շողիկ Գալստյանի
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 8727 անգամ
|