Երբեք էլ խելքահան չեմ եղել «աստղային» վիճակներից, կեղծ փարթիներից. ԱՆԻ ՔՈՉԱՐ
22.11.2012
LN-ի հյուրասրահում է «Ես Yes!» երիտասարդական ամսագրի գլխավոր խմբագիր, մանեքենուհի Անի Քոչարը:
Անի, հանդիպման համար պայմանավորվելու ընթացքում հասկացա, որ օրդ մանրակրկիտ պլանավորում ես: Համոզված եմ, որ կունենաս հաջողակ մարդկանց գաղտնիքների ու սկզբունքների քո ընտրանին…
Առօրյաս իսկապես շատ բազմազբաղ է, եւ ոչ միայն ժամերս են գրանցված, այլեւ հաճախ՝ նաեւ րոպեներս ու վայրկյաններս: Փոքրիկ բալիկ ունեցողներն ինձ կհասկանան. երեխայի օրակարգն այնպիսին է, որ ստիպված ես ամեն բան հաշվարկված անել: Նախկինում էլ շատ կանոնակարգված առօրյայով էի ապրում, իսկ բալիկից հետո՝ էլ ավելի…Արդեն դու միայն քեզ համար չես պատասխանատու, այլեւ փոքրիկի, իսկ ես չափազանց կարգապահ ու ճշտապահ մարդ եմ տեսակով. երբեմն մտածում եմ՝ իմ երակներում գերմանացու արյուն է հոսում (ծիծաղում է-LN):
Մի՞ շտ ես այդպիսին եղել:
Համենայն դեպս, արդեն գիտակից տարիքում՝ այո: Փոքր ժամանակ շատ չարաճճի եմ եղել, ոչ կազմակերպված, բայց հետո մայրս, ավագ քույրիկներս ինձնով մի լավ «զբաղվել» են, եւ արդեն հինգերորդ-վեցերորդ դասարաններից սկսած ես վերածվեցի ինքնակազմակերպվող եւ ինքնակառավարվող մի «պրոյեկտի» , ում հետ կապված ամեն ինչ գրանցված էր, մտածված, եւ ամեն քայլ՝ սկսած կրթությունից մինչեւ անձնական կյանքը, օրակարգում կետ առ կետ նշված էր: Կծիծաղեք, եթե տեսնեք իմ պատանեկության նոթատետրերը.ինձ մոտ նշված էին անգամ այն տղաների անունները, ում հետ հանդիպելու համար արժի ժամանակ գտնել, ում համար՝ ոչ: Միշտ նոթատետրերով էի, «դավթարներով»:
Իսկ հաջողակության հետ կապված մի շատ կարեւոր բան եմ հասկացել. յուրաքանչյուրը պիտի հետեւի իր կյանքին: Դու երբեք չես կարող կրկնել այն, ինչ արել է ՄԵԿԸ, որովհետեւ այդ մեկը ինքն է, անհատ է, ունի իր տեսակը, եւ դու երբեք չես կարող կրկնել իր գույնը: Դու ունես քո՛ գույնը: Փոքր տարիքից սա շատ լավ գիտակցելով, հասկանալով եւ համակերպվելով իմ բոլոր թերությունների ու առավելությունների հետ (բոլորս ենք այդպիսին. իդեալական մարդ չկա)՝ ես փորձել եմ իմ բնավորության ուժեղ գծերի շնորհիվ կյանքում հասնել հաջողությունների: Հաջողակ մարդկանց փորձը, իհարկե, ուսումնասիրում եմ: Օրինակ՝ իր փորձով ինձ շատ ոգեւորում է Քըրք Քրքորյանը, եւ նրան միշտ օրինակ եմ բերում կրտսեր գործընկերերիս, երբ նրանք տրտնջում են, թե ոչնչի չես կարող հասնել, եթե «թիկունք» , «տանիք» չունենաս… Ես փորձում եմ կանխել այդ վտանգավոր մտքերը՝ խորհուրդ տալով կարդալ, օրինակ, Քրքորյանի կենսագրությունը. մարդը երեք ցենտով գոմաղբ է թափել, իսկ այսօ՞ ր մարդն ինչ է անում…Մարդ, ով գաղթականի ընտանիքից էր եւ օտար երկրում ոչինչ չուներ, ոչ մեկը չուներ, բայց իր հոտառության, խելքի, հմտության, ճկունության միջոցով այսօր հասել է նրան, որ իր անունն աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկում է: Երիտասարդ առաջնորդների դպրոցը, որտեղ ես սովորել եմ, ինձ շատ օգնել է նման մարդկանց փորձն ուսումնասիրելու եւ կիրառելու հարցում:
Շո՞ ւտ ես ոգեւորվում:
Ես տեսակով շատ ոգեւորվող մարդ եմ, շատ զգացմունքային, ինձ համար կարեւոր է խթանը. պիտի ոգեւորվեմ ինչ-որ բանից; Երբ ես կարդում եմ այդ համաշխարհային լիդերների գրածները կամ նրանց մասին, հասկանում եմ, որ ճիշտ ուղու վրա եմ, ճիշտ եմ մտածել դեռ 10-15 տարի առաջ, որ եթե շարքային ընտանիքից եմ, սովորական, ազնիվ, պարկեշտ մարդկանց ընտանիքից, ովքեր չունեն ինձ տալու ֆինանսական մեծ օգնություն, բայց շատ կարեւոր մի բան են սովորեցրել՝ կյանքում մարդ լինել եւ լինել աշխատասեր, մնացած ամեն բան ձեռքբերովի է: Իմ հայրը, ով վարորդ է, իրեն լավ է զգում, երբ ուղեւորները հարցնում են. «Ճիշտ է, որ Անի Քոչարը Ձեր աղջիկն է» : Նույնն էլ մայրս, ով տնային տնտեսուհի է վերջին տարիներին, որովհետեւ փակվեց այն գործարարը, որտեղ աշխատում էր… Ես ուրախ եւ հպարտ եմ, որ իմ ծնողները կարող են ինձնով ուրախանալ:
Ե՞ րբ առաջին անգամ զգացիր հաջողության համն ու հոտը:
Առաջինը երեւի 2003 թվականին էր, երբ ձեռք բերեցի Հայաստանը միջազգային մրցույթում ներկայացնելու իրավունք. այն ժամանակ «Արևածաղիկ» ամսաթերթին էի թղթակցում: Հայաստանը ներկայացրեցի միջազգային workshop-ում. կոչվում էր The One Minutes: Առավել մեծ հաջողություն ունեցա 2005 թվականին, երբ երեք-չորս փուլեր հաղթահարելով՝ ընտրվեցի՝ Հայաստանը ներկայացնելու Top Model of The World միջազգային մրցույթում, որտեղ առաջին անգամ էր Հայաստանը հնարավորություն ունենում մասնակցելու: Ես շատ ոգեւորված, բայց բավական անտեղյակ մեկնեցի հեռավոր Չինաստան: Մոտ մեկ ամիս անցկացրեցի այնտեղ, եւ մինչեւ այսօր մտածում եմ, որ դա երազ էր: Չինաստանում ապրեցի մի կյանքով, տեսա բաներ, որ որպես կանոն ֆիլմերում ներկայացվում են հոլիվուդյան աստղերի կյանքում: Աստղային կյանք, կարմիր գորգեր, մամուլի ասուլիսներ, ժապավենների կտրում, մեծ մասշտաբների ցուցադրություններ, որոնց ժամանակ քեզ նկարահանում են հարյուրավոր տեսախցիկներ եւ լուսանկարչական ապարատներ, թիկնապահներ, հսկողություն հյուրանոցի համարիդ մոտ, սեղանին մշտապես թարմացվող մրգերի ու ծաղիկների տեսականի… մոտ 23 օր այդ կյանքով: Ամեն տեղ մեզ ընդունում էին (մոդելներ էինք աշխարհի հիսուն երկրներից) որպես աստվածուհիների ու դիցուհիների:
Այդ հաջողությունը ազդակ էր՝ հասկանալու համար, որ եթե ես կարողացա, չունենալով գրպանում անգամ 100 դոլար, հասնել աշխարհի ծայրը եւ ապրել գերշքեղ կյանքով, նշանակում է՝ կյանքում անհնարին ոչինչ չկա, պետք է երազել, նպատակներ դնել եւ հասնել:
Ո՞րը եղավ քո հաջորդ քայլը:
2005 թվականից ավելի ինքնավստահորեն, բայց ոչ մեծամտացած ես սկսեցի իմ քայլերը… Չինաստանից եկել էի հստակ որոշումով, որ այլեւս չեմ ուզում աշխատել ռադիոյում (Հանրային ռադիոյում էի), ուզում եմ ստեղծել իմ ամսագիրը, որը կլինի հասակակիցներիս զրուցակիցն ու ուղեկիցը: Պարզ բովանդակությամբ մի ամսագիր, որը, սակայն, մատուցմամբ, շարքային չէր լինի: Եվ այդպես, 2006 թվականին մենք ստեղծեցինք ամսագիրը, եւ մինչ օրս իմ նախագիծը հաջողությամբ իրականացվում է: «Ես» -ին ես ծնունդ տվեցի, մեծացրեցի, եւ կարծում եմ, այսուհետև նա կարող է հանգիստ իր երթը շարունակել. լրիվ կայացած է, հաստատված:
Այն տարիներին, երբ դու որպես մանեքենուհի սկսել ես առաջին քայլերդ, Հայաստանում առանձնապես նախադրյալներ չկային, եւ բացի այդ, համարձակ քայլ էր դիտվում… Անգամ այսօր այդ ոլորտում այնպիսի վիճակ է, որ հայտնի չէ՝ որտեղից եւ ինչից պետք է սկսել: Կարծում եմ՝ շատ աղջիկների կհետաքրքրի եւ օգտակար կլինի քո փորձը:
Մանեքենուհի լինելու ցանկություն դեռ դպրոցական տարիներից եմ ունեցել, որովհետեւ իմ արտաքինով տարբերվում էի հասակակիցներիցս, եւ ես դա նկատում էի: Քույրիկներս որոշեցին օգնել ինձ այդ հարցում. մենք մի քանի սիրողական լուսանկարներ տանն արեցինք եւ ներկայացրեցինք մոդելային գործակալություններ (այն ժամանակ մեկ-երկուսն էին Երևանում): Իրենք նայեցին եւ ասացին, որ ես ապագա մոդել եմ, բայց կառուցվածքս դեռ ձևավորված չէ: Գնացինք տուն:
Մեկ-երկու տարի անց ինձ դրսում մոտենում են եւ հարցնում՝ կցանկանամ արդյոք մոդել աշխատել: Ես շատ ոգեւորված դրական եմ պատասխանում, հարցնում՝ իսկ ինչ է լինելու, պատասխանում են՝ ցուցադրություն, եւ այցեքարտ տալիս: Ավագ քույրիկներիս հետ գնացի նշված հասցեով՝ Գեղեցիկ արվեստների ազգային ակադեմիա, եւ այդտեղից սկսվեց ամեն բան… Այն ժամանակ դա այնքան էլ կոմերցիոն չէր, այլ արվեստ էր: Իսկ երբ դա իջեցվեց խանութներ ու բուտիկներ բացելու արարողության մակարդակի, ես քիչ-քիչ հետ քաշվեցի, քանի որ կխանգարեր իմ հիմնական՝ լրագրողի մասնագիտությանը: Վերջինը մասնակցել եմ «Զատիկ» նորաձեւության տան ցուցադրությունը, որից հետո լավ առաջարկ չի եղել: Բայց կարծում եմ, որ դեռ կբարձրանամ պոդիում, մանավանդ որ հղիությունից հետո աշխատում եմ ինձ վրա, արդեն մոտենում եմ նախկին չափսերիս, եւ ամուսինս էլ դեմ չէ իմ մոդելային կարիերային:
Ի՞ նչն ես սիրում լրագրության մեջ, ինչպե՞ ս այն դարձավ քո ընտրությունը:
Առաջին հերթին տեղեկացված լինելու առավելություն. դու ինքդ պետք է տեղեկացված լինես, որ տեղեկացնես: Տեղեկատվությունն այսօր զենք է՝ շատ ավելի թանկ, քան զենքի այլ տեսակներ: Իմ ընտրությունը շատ պարզ բացատրություն ունի. քույրիկներս սովորում էին ժուռնալիստիկայի ֆակուլտետում, ես դպրոցում, եւ նրանք ինձ տանում էին երբեմն դասախոսություններին: Իսկ պատանեկան տարիքում շատ հեշտ է ամեն բանի հետ կապվել… Դրան գումարվեց նաեւ իմ լրագրողական ձիրքը (ասում են): Դպրոցում իմ շարադրությունները լրագրողական նյութեր էին հիշեցում: Օրինակ՝ մեզ հանձնարարել էին գրել դպրոցի մասին, իսկ ես գրել էի դպրոցի սանհանգույցների վատթար վիճակի մասին: Ուսուցչուհիս մայրիկիս ասել էր, որ գրելու ձիրք ունեմ և որ ինձ մոտ դա շատ լավ է ստացվում: Քույրիկներս սկսեցին ինձ տարբեր թեմաներ տալ, եւ ես գրում էի, ներկայացնում իրենց. իմ առաջին խմբագիրները եղել են Օֆելյա եւ Սոնա Քոչարյանները (ժպտում է-LN): Սկսեցի թղթակցել «Կանչ» մանկապատանեկան թերթին:
Այդպես ես արդեն գրում էի նյութեր դեռ վաղ տարիքից, հետո սովորեցի ԵՊՀ-ի ժուռնալիստիկայի ֆակուլտետում, ավարտեցի նույն ֆակուլտետի մագիստրատուրան: Նաև Երիտասարդ առաջնորդների դպրոցը:
Վերջին շրջանում Անի Քոչարին ավելի շատ հանդիպում եմ սոցիալ-հասարակական խնդիրներ բարձրաձայնելիս, քան աստղային-գլամուրային երեկույթների մասնակցելիս: Ի՞ նչ է փոխվել:
Ինձ թվում է՝ եթե ինձ մոտ փոփոխություն չլիներ, պետք է առնվազն մահացած լինեի (ծիծաղում է-LN): Իսկ քանի դեռ շիրմաքար չունեմ, ես փոփոխվում եմ, զարգանում եմ, մեծանում եմ, հասունանում եմ, իմ կենսափորձն է ավելանում: Ես արդեն նաեւ մայր եմ եւ շատ հարցերի այլ կերպ եմ նայում: Եվ այո, ինձ այսօր կարելի է տեսնել ավելի շատ հասարակական, մշակութային, բայց ոչ շատ փոփ ասպարեզում: Անկեղծ կգտնվեմ եւ կասեմ, որ երբեք էլ խելքահան չեմ եղել այդ «աստղային» վիճակներից, կեղծ փարթիներից: Ավելի կարեւոր բաներ կան: Ինձ միշտ առաջին հերթին հետաքրքրում է բովանդակությունը եւ ոչ ձեւը: Բայց ինձ կարելի է տեսնել ամեն տեղ էլ՝ այն միջոցառումներին, որոնք կարեւոր եմ համարել այդ պահին:
Արդեն բավական երկար ժամանակ է, ինչ ամուսնացած ես, եւ պետք է, որ սեփական փորձով կարողանաս պատասխանել այս հարցին՝ ինչ է նշանակում լինել լավ կին…
Այնքա՜ն դժվար է լինել լավ կին: Սիրելի աղջիկներ, այնքան ուրի՜շ է ամուսնությունը: Մինչ ամուսնությունը մենք բոլորովին այլ պատկերացում ենք ունենում այդ մասին՝ առավել ռոմանտիկ, օդային` եթերային… Բայց հետո հասկանում ես, որ դա համատեղ կյանքի մի մասն է, իսկ այդ կյանքը լի է չափազանց մեծ պատասխանատվությամբ, զգոնությամբ եւ կարգապահությամբ, երբ ամեն բան պետք է հասցնես, իսկ դա հեշտ չէ, մանավանդ եթե աշխատող կին ես: Սակայն, եթե որոշել ես լինել հաջողակ կին՝ թե անձական կյանքում, թե աշխատանքում, պետք է պատրաստ լինես նաեւ այդ լարումներին, անքուն գիշերներին:
Խոհանոցում ինչ ես կարողանում անել, Անի:
Ամե՜ն բան (ծիծաղում է-LN): Մինչեւ ամուսնանալը կարծում էի, թե ես ոչինչ պատրաստել չգիտեմ, քանի որ մեր տանը մայրիկս եւ ավագ քույրերս ամեն բան շատ համեղ պատրաստում էին, եւ երբեք հերթը ինձ չէր հասնում: Բայց ամուսնությունից հետո բացահայտեցի, որ բավական լավ պատրաստում եմ: Մայրիկիցս է այդ ամենը. նա շատ համեղ խոհանոց ունի: Ինքս եմ անում ամեն բան, հազվադեպ, երբ չեմ հասցնում, փրկության է գալիս մայրիկս: Նա այն հայ կանանցից է, ովքեր դեռ չեն հրաժարվում պահածոներ պատրաստելուց, ձմռան պաշար հավաքելու սովորույթից:
Թե մայրիկս, թե քույրիկներս ինձ համար միշտ օրինակ են եւ շատ են ինձ օգնում: Եթե չլինեին նրանք, ես շատ ավելի պասիվ կանցկացնեի այս մեկ տարին բալիկիս հետ:
Բարձր հասակն ու երկար, սեւ վարսերը քո կերպարի արտաքին ամենացայտուն բնութագիչներից էին: Կարծում եմ՝ ռիսկային էր մազերդ կտրելը…
Շատ համարձակ մարդ եմ, չեմ վախենում փոփոխություններից, դրանցից առաջ էլ երկար-բարակ չեմ մտածում: Հարսանյաց հանդեսից առաջ որոշեցի անակնկալ անել բոլորին՝ բացացնելով մազերիս գույնը: Բայց քանի որ մի քանի անգամ գունաթափեցինք, մազերս որակազրկվել էին, եւ ստիպված էի կտրել… Բայց հիմա զգում եմ, որ ինձ ավելի հոգեհարազատ են երկար վարսերը. նորից կերկարացնեմ: Այն ժամանակ, երբ հյուսքեր էի անում, դա այնքան էլ նորաձեւ չէր, իսկ հիմա բոլորը անում են, իսկ ես չեմ կարողանում...
Տեսնում եմ՝ բնական գեղեցկության կողմնակից ես:
Այո, տանել չեմ կարողանում արհեստական որեւէ բան՝ մազեր, եղունգներ… Չեմ քննադատում, բայց դա ինձ համար չէ: Ոչ ժամանակ ունեմ նման բաների, ոչ էլ… Պետք է ասեմ, որ ափսոսում եմ այդ գումարները, որովհետեւ դրանցով կարող եմ գնել քաղցրեղեն ու գնալ մանկատուն: Չմոռանանք, որ կան մարդիկ, որոնք դրա կարիքը շատ ունեն: Կյանքում շատ ավելի կարևոր բաներ կան, որոնց համար արժե հոգ տանել և դրանց վրա ժամանակ ու էներգիա ծախսել:
Հարցազրույցը՝ Տաթեւ Մադաթյանի
Աղբյուր՝ LADYNEWS.am
Դիտվել է 14558 անգամ
|