Կանանց հիմնական պատրանքները հարաբերությունների մասին
18.07.2024
Հոգեբանները նշել են, թե ինչ փուչ երևակայություններից պետք է հրաժարվենք մեր զուգընկերոջ հետ իրական մտերմություն զգալու և երջանիկ միություն կառուցելու համար:
Երբ մենք սիրահարվում ենք, կարող ենք սկսել իդեալականացնել մեր զուգընկերոջը և անձնատուր լինել նրա հետ մեր ապագա հարաբերությունների վերաբերյալ անիրատեսական երևակայություններին: Սակայն նման պատրանքները կարող են կործանարար լինել առողջ և ամուր հարաբերությունների համար: Հոգեբան և «Տրավմայի գերութայն մեջ։ Ինչպես ընկերանալ ձեր դժվարին անցյալի հետ և երջանիկ կյանք գտնել» գրքի հեղինակ Մարինա Սոիտան հերքել է սիրո մասին 6 առասպել:
Հավատ, որ ձեր զուգընկերը հանկարծ կփոխվի հանուն ձեզ
Ամենատարածված սխալ պատկերացումներից մեկն այն է, երբ կարծում ենք, թե ինչ-որ մեկը շնորհիվ մեր հետ հարաբերությունների կփոխվի: Բայց երբ կառչում ենք երևակայությունից կամ հույս ենք փայփայում, թե ինչպիսին կարող են լինել մեր զուգընկերները, փոխարենը նրանց ընդունելու այնպիսին, ինչպիսին նրանք կան, անտեղի վատնում ենք մեր թանկագին ժամանակը: Անձի փոփոխվելը բացառապես իր գործն է։ Եվ միայն նա ինքը կարող է որոշում կայացնել դրա մասին՝ հանուն սեփական անձի:
Հավատ, որ դուք կարող եք փրկել ձեր զուգընկերոջը
Սա այն ֆանտազիան է, որի վրա այդքան հաճախ կառուցվում են համակցված հարաբերություններ: Եթե հանուն սիրելիի պատրաստ եք հրաժարվել ամեն ինչից, զոհաբերել ինքդ ձեզ, ձեր շահերը, արժեքները՝ ուրիշին փրկելու համար, ապա միայն ինքներդ ձեզ եք ոչնչացնում։ Ի վերջո, անսահման կարեկցանքն ինքնաոչնչացում է:
Հավատ, որ նա կարող է փրկել ձեզ
Եվս մեկ քաղցր պատրանք, որը հիշեցնում է Դիսնեյի հեքիաթները։ Բայց կրկնվենք՝ միայն մենք ինքներս կարող ենք մեզ փրկել։
Այո, ոչ ոք չի գա ձեզ փրկելու, բայց դա չի նշանակում, որ դուք չեք կարող սիրել և սիրվել:
Հավատ, որ դուք պատասխանատու եք նրա երջանկության համար
Անհնար է ինչ-որ մեկին ուրախացնել իր ցանկությանը հակառակ։ Կարևոր է միմյանց ընդառաջելը, փորձել լսել և հասկանալ, փոխզիջումներ փնտրել, զուգընկերոջը շրջապատել խնամքով և աջակցությամբ: Բայց միայն ձեր զուգընկերն է պատասխանատու իր երջանկության համար, դա ամբողջությամբ նրա պարտականությունն է որպես չափահաս մարդ:
Հավատ, որ նա կբավարարի ձեր բոլոր կարիքները
Մեզանից ոմանք ցանկանում են, որ զուգընկերը կատարի մեր բոլոր ցանկությունները, ի կատար ածի մեր բոլոր երազանքները և բավարարի մեր բոլոր կարիքները: Բացարձակապես բնական է զուգընկերոջից հարգանք, հոգատարություն ու աջակցություն ակնկալելը, և ի պատասխան՝ փոխադարձել նրան նույնով։
Այնուամենայնիվ, կարևոր է հիշել, որ մեզնից յուրաքանչյուրը կենդանի մարդ է՝ իր սահմանափակումներով և սկզբունքներով: Մենք չենք կարող միմյանց համար ծնողներ լինել, բայց դրա անհրաժեշտությունն էլ չկա առողջ մտերմություն ստեղծելու համար: Զուգընկերոջից անիրատեսական սպասելիքները կարող են խոչընդոտ հանդիսանալ հարաբերությունների զարգացման համար:
Ապացուցել նրան, որ ձեզ կարելի է սիրել
Սա թերեւս ամենացավալին է այս բոլոր երևակայություններից: Մի մոռացեք, որ ձեզ կարող են սիրել առանց որևէ ապացույցի։
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 1811 անգամ
Читать на русском
|