Եկատերինբուրգյան «Բուսի»-ն Երևանում
10.10.2019
Երևանում է Եկատերինբուրգի «Բուսի» ակուստիկ-բենդը՝ հայ հանդիսատեսին ռուսական ժողովրդական վոկալ արվեստին ծանոթացնելու առաքելությամբ՝ սեփական քառաձայն մեկնաբանմամբ։
Հուկտեմբերի 9-ին երգչուհիները ելույթ ունեցան Երևանի պետական համալսարանում։
Խմբի երգացանկում ռուսական ժողովրդական, սիրված կինոնկարներից, պատերազմական տարիներից երգեր են, ժամանակակից էստրադայի ու ջազային կոմպոզիցիաներ։
Երգչուհիներ Ելենա Սերդյուկը, Օլգա Իվանցովան, Տատյանա Սվիրինան և Սվետլանա Տվերինան հանդես են գալիս a՝capella ժանրում՝ ժողովրդական և սիրված երգերը ներկայացնելով սեփական հեղինակային մշակմամբ։
Համերգի ընթացքում բացի բուն երգերից ԵՊՀ ռուսական բանասիրության ֆակուլտետի ուսանողներին և դասախոսներին մանրամասն տեղեկություններ ներկայացվեցին նաև դրանց ստեղծման պատմությունից։
«Այս համերգը մեծ նվեր էր մեզ և ուսանողների համար, որոնք ուսումնասիրում են ռուսաց լեզու և գրականություն, այն ևս մեկ առիթ էր ամրապնդելու հայ-ռուսական մշակութային կապերը»,- նշեց ԵՊՀ ռուսական բանասիրության ֆակուլտետի դեկան Պավել Բալյանը։
«Երևանի պետական համալսարանի ուսանողների համար ելույթ ունենալը մեզ համար շատ կարևոր էր,-ասաց խմբի ղեկավար Ելենա Սերդյուկը։-Մենք զգացինք հանդիսատեսի մեծ հետաքրքրվածությունը, փոխըմբռնումը և ջերմ արձագանքը»։
Տեքստը և լուսանկարները Լուսինե Զորյանի
Աղբյուր` LADYNEWS.am
Դիտվել է 3991 անգամ
Читать на русском
|