Եվա Լոնգորիան պատմել է իր սիրո մասին
24.12.2015
Բոլորովին վերջերս դերասանուհի Եվա Լոնգորիայի կյանքում հաճելի փոփոխություններ են տեղի ունեցել: Օրերս «Հուսահատ տանտիկինները» սերիալի աստղն ընդունել է իր սիրեցյալ, մեդիամագնատ Խոսե Անտոնիո Բաստոնի ամուսնության առաջարկը: Զույգը նշանադրվել է Դուբայում անցկացրած արձակուրդների ժամանակ:
Բնականաբար, այս իրադարձությունը չէր կարող վրիպել լրատվամիջոցների ուշադրությունից, և ամերիկյան People ամսագիրն արդեն երկրպագուներին մանրամասներ է ներկայացնել սիրավեպի մասին, որից շատ քիչ տեղեկատվություն կար մինչ այժմ:
Հարցազրույցի ժամանակ Լոնգորիան ասել է, որ ճանաչում է Խոսե Անտոնիոյին արդեն գրեթե երեք տարի, և իրենց դեպքում չի եղել սեր առաջին հայացքից:
«Երբ մենք առաջին անգամ հանդիպեցինք մեր ընդհանուր ընկերների շնորհիվ, ես դեռ ուշքի էի գալիս անհաջող սիրավեպից հետո: Խոսեն նույնպես ծանր անձնական ապրումների մեջ էր: Այդ պատճառով մենք պարզապես հաճելիորեն շփվեցինք, բայց մեր միջև ընդհանրապես ոչինչ չկատարվեց»,- պատմել է դերասանուհին:
Նրա խոսքով՝ կայծն առաջացավ, երբ իրենք հանդիպեցին կես տարի անց՝ երկրորդ անգամ: «Ես նույնիսկ չէի հիշում մեր առաջին հանդիպումը: Եվ ահա, երբ ես տեսա նրան կրկին, միանգամից զգացի ուժեղ փոխադարձ ձգողություն»,- ասել է Լոնգորիան:
Հաջորդ ժամադրությունը երկար սպասել չտվեց, և Եվան ու Խոսեն հանդիպեցին հենց հաջորդ օրը ու այդ օրվանից սկսած այլևս չբաժանվեցին:
40-ամյա դերասանուհին խոստովանում է, որ այժմ ապրում է իր կյանքի ամենալավ շրջանը: «Ես պատրաստ եմ գոռալ այդ մասին ամբողջ աշխարհով մեկ, որովհետև ես երբեք այսքան երջանիկ չեմ եղել: Պեպեն իմ կյանքում առաջին տղամարդն է, ում մեջ ես տեսա ուժեղ և կայացած անձնավորություն: Դա մեծ երջանկություն է կյանքում քայլել այն մարդու հետ, ում մեջ տեսնում ես քեզ հավասար մեկին»,-ասել է դերասանուհին:
Աղբյուր՝ LADYNEWS.am Դիտվել է 9825 անգամ
Читать на русском
|