Հաջողությանը խանգարող 5 կարծրատիպեր
14.11.2012
Մենք հաճախ ենք նախանձում հաջողակ մարդկանց և ձգտում նմանվել նրանց: Իսկ ամենից հաճախ դա չի ստացվում, քանի որ մեզ հետ են բավականին մեծ տարածում ունեցող կարծրատիպեր, որոնք չեն թողնում հաջողությունը ձգել դեպի մեզ:
LN-ը ձեզ է ներկայացնում ամենատարածված կարծրատիպերը, որոնք խանգարում են մեզ հաջողության հասնելու ճանապարհին:
Հաջողության հասնելու համար պետք է բնությունից հատուկ շնորհներով օժտված լինել:
Ամենևին այդպես չէ: Իհարկե, որպեսզի բանաստեղծ, նկարիչ կամ երաժիշտ լինես, հարկավոր են հատուկ ընդունակություններ: Պարադոքսն այն է, որ բոլոր մարդիկ ունեն շնորհներ, բայց ոչ բոլորն են զարգացնում այն: Երբեմն հաջողության հասնելու համար բավական են միայն նպատակասլացությունն ու աշխատասիրությունը: Զարգացրեք այն, ինչ կա ձեր մեջ, փորձեք ձեր ուժերը տարբեր ոլորտներում: Եվ ամենայն հավանականությամբ կգտնեք այն,ինչը Ձեզ մոտ ամենից լավ է ստացվում:
Հաջողակ մարդիկ ի սկզբանե լավ պայմաններում են գտնվում
Իհարկե, լինում են կանայք, ում պատրաստի բիզնես են նվիրում իրենց տղամարդիկ, լինում են միլիոնատերների երեխաներ, հայտնի մարդկանց բարեկամներ, որոնց ամեն քայլափոխի օգնում են: Բայց պատմության մեջ միշտ էլ գերակշռել են այն մարդիկ, ովքեր չտեսնված հաջողության են հասել` սկսելով զրոյից, լինելով ամենաանբարենպաստ պայմաններում: Այնպես որ, հարցը միայն պայմանները չեն, այլ թե ինչպես եք կարողանում օգտվել դրանցից:
Արդար ճանապարհով ոչնչի չես հասնի
Ինչքան հաճախ ենք լսում պատմություններ, թե ինչպես խարդախ ճանապարհով հարստություն դիզվեց, պաշտոն վերցվեց և այդպես շարունակ: Դա միշտ էլ լինելու է, դուք միշտ լսելու ենք այն մասին, թե ինչպես անարդարը դարձավ հաջողակ, հարուստ և այլն: Բայց, քիչ չեն նաև այն դեպքերը, երբ արդար ճանապարհով մարդ կարողանում է իր առաջ դռներ բացել: Դրա համար անհրաժեշտ է նախևառաջ հավատ ու ցանկություն: Եթե դուք չեք կարողանում գումար աշխատել, ապա ինչ-որ մեկից այն ստանալու դեպքում էլ դուք չեք կարող այն պահել…
Հաջողությունը կախված է արտաքին տվյալներից
Այո, կան ոլորտներ, որտեղ մեծ է արտաքին տվյալների դերը: Դա վերաբերում է շոուբիզնեսին, մոդելների աշխատանքին, հաղորդավարի և այլն: Սակայն մեծամասնությամբ առաջին պլանում են դրվում աշխատասիրությունը, խելքը, կարողությունները և այլն: Անիմաստ է մտածել, թե եթե ձեր հասակը բավականաչափ երկար չէ, դուք չունեք իդեալական կազմվածք, ապա աշխատանք գտնելը ձեզ համար քաոս է լինելու: Դուք կարող եք ներկայանալ բարձրակրունկներով կամ գեղեցիկ հագնված, բայց իմացության պակասը ոչ մի կերպ չեք կոծկի: Այնպես որ, հաջողությունը բացի արտաքին տվյալներից շատ ավելի կարևոր բաների վրա է հիմնվում:
Մարդիկ հաջողակ են դառնում պատահականության սկզբունքով
Անհաջողակը կարող է արդարանալ, թե իրեն ընդամենը մեկ միավոր էր պակասում բուհ ընդունվելու համար, կամ որ իր հարազատներից մեկը հիվանդ է, կամ այդ օրը տրամադրություն չուներ և այդպես շարունակ: Բայց մյուս մարդկանց այս հանգամանքները չեն խանգարում կրթություն ստանալ, կարիերա ստեղծել: Եթե ձեզ մերժել են աշխատանքի վերցնել, գտեք այլ կազմակերպություն, դիմեք բոլոր այն հաստատություններին, որտեղ գոնե 0.1 տոկոս հնարավորություն կա ընդունվելու աշխատանքի: Եթե չեք ընդունվել բուհ, ապա մի շտապեք հուսահատվել, եթե ուզում եք կրթվել, ապա հաստատ կգտնվի մեկ այլ ուսումնական հաստատություն:
Անհաջողակի և հաջողակի տարբերությունն այն է, որ առաջինը պատահական է համարում իր նվաճումները, իսկ երկրորդը` սայթաքումները:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 4260 անգամ
|