«Իրականում ես 85-ամյա գաճաճ եմ»,- այսպես է ասում բազմաթիվ մրցույթներում ամենագեղեցիկ կանանց շարքը գլխավորող, ամենասեքսուալ և ամենապահանջված հոլիվուդյան կինոաստղ 31-ամյա Նատալի Փորթմանը:
Ապագա մեգաաստղը ծնվել է 1981 թ. հունիսի 9-ին հրեաների ընտանիքում: «Ես միշտ խուսափել եմ խաղալ բոլոր այն ֆիլմերում, որոնք հրեաների մասին են»,- հետագայում անկեղծանում է Նատալին: 3 տարեկան Նատալիի ընտանիքը տեղափոխվում է ԱՄՆ : Այստեղ լայն հնարավորություններ են բացվում նրա հոր մասնագիտական աճի համար, նաև անակնկալ կերպով հաջողություն էր սպասվում Նատալիին: «Շնորհակալ եմ ծնողներիս: Նրանք միակ մարդիկ են, ում ես մինչև կյանքիս վերջ հավատարիմ կմնամ: Հայրս կիսաքանդ մեքենա էր քշում, մենք ապրում էին համեստ բնակարանում, բայց մենք ներկա էինք բոլոր ներկայացումների պրեմիերաներին, բոլոր աշխարահռչակ երգիչների համերգներին»:
Հիմա դերասանուհին 2 քաղաքացիություն ունի' ԱՄՆ-ի և Իսրայելի: «Ես շատ եմ սիրում Միացյալ Նահանգները, բայց իմ սիրտը Երուսաղեմում է: Այնտեղ ես ինձ տանն եմ զգում»: 4 տարեկանում Նատալին հաճախում է պարի խմբակ և բավականին մեծ հաջողություններ գրանցում այդ ասպարեզում: Սակայն բոլոր առաջարկները՝ կապված պարուհու կարիերայի հետ, մերժվում են նրա կողմից: «Ես գիտեի, թե ինչ եմ ուզում: Իմ հասակակիցներից ես տարբերվում էի իմ լրջությամբ, նպատակասլացությամբ: Ես որոշել էի, որ դերասանուհի եմ դառնալու և վերջ»:
Դեռ 8 տարեկանում Նատալին հրաժարվում է այլևս միս ուտել: Իսկ դա այն պատճառով, որ հայրը մի անգամ որոշում է Նատալիին իր հետ տանել սեմինարի, որն ինքն էր անցկացնելու: Սեմինարի ընթացքում հավի վրա հետազոտություններ, փորձարկումներ էին անում: «Երբ հայրս վերջացրեց, բոլորը ուժեղ ծափահարում էին, իսկ ես շոկի մեջ էի: Հավը սատկել էր»:
Մի անգամ Նատալին մոր հետ գնում է պիցցա ուտելու, որտեղ այդ օրը քաստինգ էր գովազդային հոլովակի համար: Մոր խորհրդով, Նատալին մասնակցում է և հաղթում: 11-ամյա փոքրիկը պայմանագիր է կնքում կոսմետիկայի գովազդում նկարահանվելու համար: Արդեն մյուս տարի նա մասնակցում է ևս մեկ քաստինգի, այս անգամ՝ շատ ավելի լուրջ և բարդ: Խոսքը «Լեո» ֆիլմում Մատիլդայի դերի մասին էր, որը բավակնին մեծ ռիսկ էր պահանջում, քանի որ տեսարաններում ավելի հասուն և ազատ խաղ էր ակնկալվում: «Այնքան տարօրինակ էր, երբ 12 տարեկանում պետք է սեքսուալ ցանկությունների օբյեկտ լինեի, նկարահանվեի ներքնազգեստով և այլն»:
1993թ. մահացավ լեգենդար Օդրի Հեփբերնը, և նույն թվականին էկրան բարձրացավ «Լեո» ֆիլմը' գեղեցկուհի Նատալի Փորթմանի մասնակցությամբ, որին որոշ ժամանակ անց սկսեցին կոչել «Նոր Օդրի»:
Ռեժիսորների տեսադաշտում հայտնվել էր նոր աստղ' Նատալի Փորթման: Նրան առաջարկեցին ամենատարբեր դերերը: Դրանցից շատերը Նատալին մերժեց տարբեր պատճառներով. նախ նա գերազանց սովորում էր և բոլոր հարցազրույցներում ասում, որ ուսումն ավելի կարևոր է: «Ավելի լավ է կրթված լինել, քան լինել կինոաստղ»,- 1995 թ. հարցազրույցներից մեկում ասում է Փորթմանը: Նա մերժում էր բոլոր այն առաջարկները, որտեղ պետք է սեքսուալ տեսարաններ խաղար, տարիքով մեծ դերասանների հետ պետք է սեր խաղար և այլն: Կարելի է ենթադրել, որ նա չափազանց անմեղ էր և իրեն փոքր էր համարում այդպիսի դերերի համար: Սակայն իրական կյանքում Նատալին իր համեստությամբ չի փայլել: «Հետաքրքիր են տղաները: Երբ ես դպրոցական էի, տղաներից մեկն ինձ հանդիպում առաջարկեց: Ես նրան համբուրեցի առաջին հանդիպմանը, իսկ հետո նա ամբողջ դպրոցում հայտարարեց, որ ես փչացած եմ»: Նատալին դեռ փոքրուց բոլորի ուշադրության և հիացմունքի կենտրոնում է եղել: Աղջկա շուրջ պտտվել են ամենագեղեցիկ, ամենահարուստ երկրպագուները, որոնք աստղեր էին խոստանում Նատալիին, բայց դերասանուհուն դա չէր ուզում:
1995թ. նրան առաջարկում են մի փոքրիկ դեր «Խառնակռիվ» ֆիլմում, որտեղ նրա խաղընկերներն էին աշխարահռչակ դերասաններ Ալ Պաչինոն և Ռոբերտ դե Նիրոն: Ֆիլմը ոչ մի մրցանակի չարժանացավ, բայց հիանալի ընդունվեց կինոսերների, նաև քննադատների կողմից: Նատալիի եկամուտը գերազանցում էր իր ընտանիքի ընդհանուր տարեկան եկամուտը: «Ես կցանկանայի իմ պես աղջիկ ունենալ' գեղեցիկ, սրամիտ, կրթված և դրա հետ մեկտեղ այդքան գումար աշխատող»:
Հաջողությունը կարծես սիրահարվել էր այս աղջկան, այն պարզապես հետապնդում էր Նատալիին: 1996 թվականին նա նկարահանվում է միանգամից 3 ֆիլմերում'«Գեղեցիկ աղջիկներ», «Բոլորն ասում են, որ ես սիրում եմ քեզ», «Մարսը գրոհում է», որի նկարահանման ժամանակ էլ ծանոթանում է դերասան Լուկաս Խաասի հետ: Նրանց մանկական սերը տարիներ հետո վերածվում է կրքոտ հարաբերությունների: Լուկասը երբեք չէր թաքցնում, որ լուրջ չեն իրենց հարաբերությունները: Իսկ Նատալին իր անձնական կյանքը միշտ խնամքով թաքցնում էր, փորձում հեռու պահել լրագրողներին, երկրպագուներին և բոլոր հետաքրքրասերներին:
«Աննա Ֆրանկի օրագիրը» ներկայացումը դառնում է Նատալիի ամենահաջողված դերակատարումներից մեկը: Սակայն առջևում էր նրա գլուխգործոցը: 1999թ. նրան բախտ է վիճակվում խաղալ Պադմա Ամիդալի դերը Ջորջ Լուկասի «Աստղային պատերազմներ» ֆիլմում: Նատալին այս դերի համար նոմինացվեց «Օսկար» մրցանակաբաշխության: Չնայած քննադատների բացասական վերաբերմունքին, ֆիլմը կարճ ժամանակահատվածում հսկայական գումարներ բերեց դերասանական կազմին: Ֆիլմի հասույթը մոտ 924 միլիոն դոլար էր կազմում:
2000թ. Նատալին ընդունվում է Հարվարդի համալսարանի հոգեբանության բաժինը: Այս տարիների ընթացքում նա հրաժարվում է բոլոր դերերից, բացառություն է անում միայն «Աստղային պատերազմներ»-ի համար:
Նատալիի ընկերները, բարեկամները համոզում էին աղջկան չթողնել կինոկարիերան, բայց աղջիկը հստակ որոշել էր, որ պետք է սովորի: «Ես չեմ պատրաստվում ամբողջ կյանքում դերասանուհի լինել: Գուցե ծիծաղելի լինի, բայց ես դեռ չեմ գտել իմ տեղը: Անկախ ամեն ինչից' ես պետք է կրթվեմ, պետք է ապացուցեմ, որ դերասանական տաղանդի հետ մեկտեղ ես կարող եմ հիանալի դրսևորել ինձ նաև գիտության բնագավառում»: Այդպես էլ եղավ, նա ավարտեց Հարվարդի համալսարանը կարմիր դիպլոմով և, մնալով խոստմանը հավատարիմ, չնկարահանվեց այդ տարիներին:
Հարվարդից հետո նա ուսումը շարունակեց Իսրայելի համալսարանում: Նրա ստեղծագործական կյանքը շարունակվեց: Նորանոր առաջարկներից Նատալին ընտրում էր իրեն հարազատ, հետաքրքիր դերեր: Նա մանրակրկիտ պատրաստվում էր յուրաքանչյուր դերի, պետք եղած դեպքում մի ամբողջ գրականություն ուսումնասիրում կամ ֆիլմաշար դիտում: «Մտերմություն» ֆիլմում մերկապարուհու դեր խաղալու համար նա մի քանի ամսում սովորեց մերկապար: «Ինձ հետաքրքիր էր կերպարիս կյանքը: Այդ ֆիլմի շնորհիվ ես առաջին անգամ եղա գիշերային ակումբում»: Ֆիլմի հաջողությունն աննկարագրելի էր: Բացի միլիոնավոր դոլարներից, այն Փորթմանին բերեց նաև Ոսկե գլոբուս մրցանակ, «Օսկարի» նոմինացիա և այլ հեղինակավոր մրցույթներում հաղթանակ: Իսկ որոշ ժամանակ անց նորից ֆիլմի համար Նատալին կտրուկ փոփոխության ենթարկեց իր արտաքինը' շատ կարճ կտրելով մազերը: Խոսքը «V-ն նշանակում է վենդետա» ֆիլմի մասին է:
Չնայած երիտասարդ տարիքին, Նատալին հասցրել է նկարահանվել շուրջ 40 ֆիլմում, որից «Սև կարապը» ֆիլմի համար նա ստացավ «Օսկար», նաև «Ոսկե գլոբուս»:
Նատալի Փորթմանն իր անձնական կյանքը չի սիրում կիսել երկրպագուների հետ: «Երբ ես ցանկանում եմ որևէ բան պատմել, ես դա անում եմ առանց կեղծիքի, առանց որևէ շահադիտական նպատակի: Բայց երբ ես լռում եմ, խնդրում եմ՝ մի խառնվեք իմ կյանքին: Բոլոր լուրջ փոփոխությունների մասին դուք հաստատ կիմանաք, իսկ թե ում ես տեսա այգում, ում համբուրեցի կամ ում հետ քնեցի, թող Ձեզ չհետաքրքրի»,- ամերիկյան ամսագրերից մեկին հարցազրույց տալիս բարկացել է Փորթմանը:
Այնուամենայնիվ, Փորթմանին են վերագրում 10-յակ տղամարդկանց հետ հարաբերություններ, որոնցից մեկն էլ «Maroon 5» խմբի մենակատար Ադամ Լեւայնն է: Նրանց հարաբերություները տևեցին մոտ մեկ ամիս, սակայն այդ ամսվա ընթացքում բոլոր ամսագրերում, բոլոր թերթերում շահարկվում էր այս զույգի անունը:
«Աստղային պատերազմներ» ֆիլմից հետո մեգաաստղ Փորթմանի շուրջ սկսեցին պտտվել մուլտիմիլիարդերներ, հայտնի դերասաններ, բայց նրանցից մեկին'Հայդեն Կրիստենսենին հաջողվեց նվաճել Փորթմանին: Նրանց հարաբերությունների մասին ոչինչ հայտնի չէ, բացի նրանից, որ ռոմանտիկ սիրավեպ է եղել: Իսկ երբ դրանք ավարտվեցին, լուրեր պտտվեցին Փորթմանի և Հայդենի նույնասեռականության մասին: Նրա բազմաթիվ տղամարդկանցից մեկն էլ Գաել Բերնալն էր, որի հետ Նատալին ծանոթացավ Օսկարի մրցանակաբաշխության պատվին կազմակերպված երեկույթին:
Երիտասարդ դերասանը մոտեցավ Նատալիին շամպայնի բաժակով և առաջարկեց նրա կենացը: Այսուհետ նրանց կարելի էր տեսնել ռեստորաններում ընթրելիս, Փարիզի փողոցներով թափառելիս կամ կղզիներում հանգստանալիս: 2004թ. մայիսին դերասանը Փորթմանին հրավիրում է միասին ներկայանալ Կանն, որտեղ ներկայացվելու էր իր մասնակցությամբ ֆիլմը: Սակայն կարմիր գորգի վրա Նատալիի փոխարեն դերասանին ուղեկցում էր մայրը: Այս դեպքից հետո զույգը կտրականապես հրաժարվեց մեկնաբանել իրենց հարաբերությունների մասին որևէ բան:
«Սև կարապ» ֆիլմը ճակատագրական էր Նատալի Փորթմանի համար ոչ միայն մրցանակների առումով, այլև անձնական կյանքում կտրուկ փոփոխությունների: Ֆիլմի նկարահանումների ժամանակ նա ծանոթանում է խորեոգրաֆ Բենջիամին Միլպի հետ, որը հիացնում է Նատալիին իր պրոֆեսիոնալիզմով: Ի դեպ, ֆիլմի համար «Օսկար» ստանալիս Նատալին բեմից շնորհակալություն է հայտնում Բենջիամինին իրեն իր կյանքում «ամենագլխավոր դերը» նվիրելու համար: «Առաջին հայացքից նա հիացրեց ինձ իր պրոֆեսիոնալիզմով, իսկ հետո ես նրա մեջ տեսա մարդկային հարաբերություններում ամենասթափ մարդուն: Նրա կողքին անհնար է զգալ քեզ պարզապես գեղեցիկ աղջնակ կամ աքսեսուար, նրա կողքին ես իսկական կարապի եմ վերածվում»:
Այսուհետ զուսպ, միշտ հավաքված, բոլորի աչքից իր զգացմունքները թաքցնող աղջիկը դառնում է ազատ, ավելի կայուն, աղջնակից վերածվում է հասուն լեդիի: «Լավ արտաքինը մեծ ունեցվածք է: Սակայն մարդիկ ավելի լավ են վերաբերվում միջին գեղեցկության մարդկանց, քան գեղեցիկներին: Նույնը նաև աշխատանքի հարցում է: Գեղեցիկ արտաքինը միշտ խանգարել է ինձ դասավորել անձնական կյանքս»:
Հակառակ մամուլի բամբասանքների' Նատալիի և Բենջիամինի հարաբերությունները շարունակվում են և ավելի բուռն ընթացք ստանում: 2010թ. նրանք նշանադրվում են, իսկ 2011-ի հունիսին լույս աշխարհ է գալիս զույգի որդին' Ալեֆ Փորթման-Միլպը: «Միայն երեխայից հետո ես հասկացա, որ ամեն ինչից վեր, բոլոր աշխատանքներից, գումարներից, համբավից վերև կանգնած է ընտանիքը: Նույնիսկ արտաքին տեսքս փոխվեց երեխայից հետո: Ես դարձա ավելի հասուն: Ես անգամ հագնվում էի կնոջ նման, խոսում և պահում ինձ այնպես, որ բոլորը հասկացան, որ այն դեռատի աղջնակից ես դարձել եմ կին, մայր»: «Օսկար» -ի մրցանակաբաշխության ժամանակ Նատալիի ակնարկը նույնպես վերաբերում էր մայրանալուն, այն «դերին», որն այդպես փոխեց Նատալիի կյանքը:
Իր գլխավոր թերությունը Փորթմանը համարում է «Երկվորյակ» կենդանակերպի ներքո ծնված լինելը, քանի որ շատ շուտ է փոփոխում որոշումները: «Իսկ մնացածը' ես չեմ ծխում, չեմ խմում, թմրադեղ չեմ օգտագործում: Չեմ քննադատում ուրիշներին, ովքեր անում են, պարզապես ինձ վնասել ես չեմ ուզում»:
Այս տարի փետրվարին Բենջիամինն ու Փորթմանը լրագրողներից գաղտնի օրնականացրեցին հարաբերությունները:
Այժմ Փորթմանը շարունակում է նկարահանվել լավագույն ֆիլմերում, գովազդներում, ինչպես նաև դասավանդում է համալսարանում: «Այն, ինչ ես անում եմ, ոչ մի բան է, եթե հաշվի առնենք այն, որ ես երեխա եմ խնամում: Ամեն ինչ երկրորդական է, հիմա ես ընտանիք ունեմ և այլևս հեռուստադիտողի սեփականությունը չեմ»:
Երբեք չեմ գոռում, տանել չեմ կարողանում, երբ գոռում են: Երբ ես զայրանում եմ, լաց եմ լինում:
Խելացի կանայք սիրում են խելացի տղամարդկանց ավելի շատ, քան խելացի տղամարդիկ' խելացի կանանց:
Ամենաազնիվն ինձ հետ Վուդի Ալենն էր: Նա ինձ ասաց. «Աստված իմ, ինչ ահավորն ես դու»:
Գեղեցիկ կինն առանց ներքին գեղեցկության պետք է միայն որպես զարդ, իսկ եթե ցանկանում եք լինել սիրված, եղեք խելացի, եղեք սրամիտ:
Աշխարհը ավելի լավը կլիներ, եթե մեզ չպահեինք այնպես, ասես մեզ նայում է մայրիկը:
08-05-2025 11:44 Միխայիլ Գալուստյանի կինը՝ 38-ամյա Վիկտորիան, խոսել է իրենց ամուսնալուծության մասին։ Մինչ այս պահը նա ձեռնպահ էր մնացել հրապարակային հայտարարություններ անելուց՝ սահմանափակվելով միայն կարճ մեկնաբանությամբ։ Վիկտորիան իր Stories-ում հրապարակել է կրտսեր դստեր՝ Էլինայի հետ լուսանկար և շնորհակալություն հայտնել բաժանորդներին աջակցության համար՝ նշելով, որ այժմ որոշել է կենտրոնանալ իր երեխաների վրա։
08-05-2025 11:40 Քայլի Ջենները և Թիմոթի Շալամեն որպես զույգ առաջին անգամ պաշտոնապես ներկայացել են հանրությանը։ Զույգը միասին կեցվածք է ընդունել Հռոմում կայացած David di Donatello 70-րդ մրցանակաբաշխության կարմիր գորգի վրա, որտեղ «Դյուն» ֆիլմի 29-ամյա աստղը պետք է ստանա կինոյում ունեցած ակնառու նվաճումների համար մրցանակը։
08-05-2025 11:23 Նոր Զելանդիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որով արգելվում են սոցիալական ցանցերը 16-ից ցածր տարիքի օգտատերերի համար: Այս մասին հաղորդում է The Guardian պարբերականը։ Խորհրդարան ներկայացված փաստաթղթերի համաձայն՝ օրինագիծը, որով սահմանափակվում է սոցիալական ցանցերի օգտատերերի տարիքը, պետք է «երեխաներին ու երիտասարդներին պաշտպանի ծաղրանքներից, արգելված բովանդակությունից և կախվածության առաջացումից»:
08-05-2025 11:15 Կարեկցանքն ուսումնասիրող գիտնականները պարզել են, որ մարդիկ ավելի հակված են կարեկցել խմբերին, քան անհատ մարդկանց, չնայած նրանք երկու իրավիճակներում էլ հավասարապես դժվար և անհարմար են համարում կարեկցանք ցուցաբերելը։ Հետազոտողները պարզել են, որ մասնակիցները ամենից հաճախ խուսափել են կարեկցանք ցուցաբերելուց անհատական լուսանկարներ դիտելիս՝ միջինը 34% դեպքերում։ Սակայն, խմբային լուսանկարներ դիտելիս նրանք կարեկցանք են ցուցաբերել դեպքերի 53%-ում։
08-05-2025 10:51 Ամերիկահայ դիմահարդար Հրուշ Աճեմյանը, որն առավել հայտնի է Քարդաշյանների հետ համագործակցությամբ, Հայաստան է ժամանել հատուկ Սամվել Ալեքսանյանի կնոջ՝ Շողերինա Մկրտչյանի 50-ամյակի խնջույքին մասնակցելու նպատակով: Նա այս մասին կիսվել է ինստագրամյան իր էջում՝ ցուցադրելով այն երեք կերպարները, որոնք կրել է եռօրյա տոնակատարությունների ընթացքում: