Ընտանեկան ավանդույթներով՝ «Համով հալվա»
02.12.2022
Վերջին շրջանում մեզանում հաճախ կարելի է հանդիպել, երբ մարդիկ վերհիշելով իրենց ծնողներից ու նախնիներից ժառանգածը՝ վերաիմաստավորում, նորովի մոտեցում, ժամանակակից մատուցում են գտնում և հիմնում սեփական գործը։ Այս ճանապարհն է ընտրել նաև «Համով հալվա» ապրանքանիշի հիմնադիր Անի Սոֆոյանը՝ հիմք դնելով հրուշակեղենի իր մասնավոր արտադրությանը։
Սիրում էր մանուկ հասակում խոհանոցում կանգնել մայրիկի կողքին ու հետևել, թե ինչպես են նրա հրաշագործ ձեռքերի տակից ծնվում անուշահամ հալվաները, շաքար-լոխումները, «Բրաունիներն» ու «Վիետնամները»։ Ու թեև հետագայում ստացավ բժիշկ-ռադիոլոգի իր նախընտրած մասնագիտությունը, սերը թխվածքների պատրասման նկատմամբ ոչ միայն չթուլացավ, այլ առավել գերեց։ Նամանավանդ, որ ընտանիքի անդամները, մտերիմներն ու հարևանները միշտ գովեստներ էին շռայլում հերթական համտեսից հետո։ Մի օր էլ որոշեց հրուշակագործությունը համատեղել հիմնական գործունեության հետ՝ իր «Համով հալվաներից» բաժին հանել նաև լայն հանրությանը։
Գործին մոտեցան ստեղծագործաբար․ բացառապես բնական հումքից պարտրաստվող ավանդական հալվաներն ու շաքար լոխումները համադրեցին բելգիական Callebaut ապրանքանիշի շոկոլադների հետ, իսկ փափուկ հալչող քաղցրավենիքների վրա հավելեցին տարբեր ընդեղեններ։
Մեծ ուշադրություն է դարձվում ապրանքատեսականու հարստացմանը, ձևավորմանը, փաթեթավորմանը՝ փորձելով գոհացնել ամենախստապահանջ սպառողին։ Ստեղծագործական որոնումներն անընդհատ են, նոր մտահղացումները գալիս են շարունակաբար։ Վերջերս, օրինակ, նվիրելու համար նախատեսված հավաքածուները զարդարում են տարբեր գրություններով գունագեղ բացիկներով․ «Մամ, քեզ համով հալվա եմ բերել», «Պապ, մի հատ հալվա չուտե՞նք», «Տատ, պապ, տեսեք՝ թոռն ինչ է բերել ձեզ»։
«Համով հալվա»-ն սպառվում է թե համացանցի միջոցով, թե տարբեր խանութներում։ Սեփական մասնագիտացված խանութի բացումը, Անի Սոֆոյանի ներկայացմամբ՝ իրենց առաջնահերթ ծրագրերից է։
Ապագա անելիքները ներկայացնելուց Անին ձեռնպահ մնաց՝ դրանք որպես անակնկալ թողնելով սպառողների համար։ Հպարտությամբ ընդգծեց սակայն, որ հրուշակագործության նկատմամբ անթաքույց հետաքրքրություն է դրսևորում դուստրը՝ փոքրիկ Ադելը, որը, թերևս, ընտանեկան ավանդույթների հետագա շարունակողը կլինի։
Անուշ Ավանյան
Աղբյուր` LADYNEWS.am
Դիտվել է 3538 անգամ
Читать на русском
|