LN –ի հյուրասրահում է բալետի պարուհի, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի մենապարուհի Աննա Կոստանյանը: Նա մեկ տարի առաջ է վերադարձել Իսրայելից, որտեղ տարիներ շարունակ պարել է պետական թատրոնում' մեկը մյուսի հետեւից «նվաճելով» աշխարհի լավագույն դերերը պարելու իր իրավունքը…
- Ինչպե՞ս եղավ, որ ոչ միայն հասար Իսրայել, այլեւ այդպիսի վերելքով կարիերա ունեցար օտար երկրում: Հյուրախաղերին ամեն ելույթիցդ հետո հիացական նյութեր էին հայտնվում միջազգային մամուլում, մինչդեռ Հայաստանում շատ քիչ է եղել անդրադարձ քո գործունեությանը:
-Երեւի սկսեմ ամենասկզբից, որ ամեն ինչ պարզ լինի: Ես սովորել եմ Երեւանում' պարարավեստի ուսումնարանում՝ Արմեն Գրիգորյանի դասարանում: Բացի այդ, վեց տարեկանից լատինաամերիկյան պարաձեւերով եմ զբաղվել: Սկզբում բալետը երկրորդ պլանում էր ինձ համար, ու միշտ հիշում եմ, որ մայրս ասում էր. «Կմեծանաս ու երբ ընկալես՝ դա ինչ է, կդառնաս ֆանատ: Բալետը բարձր արվեստ է»: Ես շարունակում էի խորանալ լատինաամերիկյան պարարվեստում, դարձա հանրապետության տասակի չեմպիոն (1996 թվականից սկսած), մասնակցեցի Դելֆյան խաղերին, 2004 թվականի Օլիմպիական խաղերին: Բայց տարի առ տարի ինձ մոտ խորանում էր բալետի ընկալումը: Եկավ մի շրջան, երբ ուղղակի ժամանակը թույլ չէր տալիս միաժամանակ լինել երկու տեղում էլ: Եվ ես ընտրությունը կատարեցի՝ հօգուտ բալետի. միանգամից թողեցի լատինաամերիկյան պարերը, որտեղ արդեն շատ բանի էի հասել: Կարելի է ասել՝ այդ ժամանակվանից սկսեց իմ բալետային կյանքը:
- Մեկը մյուսին խագարո՞ւմ էին, այդ երկուսը' լատինաամերիկյան պարերը եւ բալետը, «հակացուցվա՞ծ» են միասին:
- Ինձ, հակառակը, օգնում էր: Հիմա երբ ես պարում եմ նեոկլասիկ, մոդեռն բեմադրություններում, կարողանում եմ օգտագործել իմ պլաստիկան, որովհետեւ զբաղվել եմ լատինաամերիկյան պարերով, եւ մարմնիս բոլոր մկանները շարժունակ են, ցանկացած վարժություն տրվում է ինձ:
- Անցումը դժվա՞ր էր:
- Բալետում շատ դժվար է: Ես չգիտեմ՝ ինչի հետ համեմատես բալերինայի կյանքը: Կզգաս միայն այն ժամանակ, երբ մեջը լինես: Դա եւ ֆիզիկական աշխատանք է, եւ հոգեւոր, եւ ինտելեկտ: Գոնե ինձ համար այդպես է: Երբեմն նայում ես՝ ամեն ինչ ճիշտ է անում, բայց զգում ես՝ դերը չի «վերցրել»: Անգամ կարդացած լինելը, ընդհանուր զարգացածությունը երեւում է բեմում:
- Օրական ինչքա՞ն ես պարապում:
- Իսրայելում ես օրական աշխատում էի ութ ժամ, այստեղ մի քիչ կրճատվել է, քանի որ նաեւ դասավանդում եմ պարարվեստի ուսումնարանում, ընդ որում՝ տնօրենն ուզեց, որ դասավանդեմ նաեւ նոր ուղղությունը՝ մոդեռն ոճը, որից շատ գիտելիքներ էի արդեն կուտակել Իսրայելում: Նաեւ լատինաամերիկյյան պարերի խումբ ունեմ:
- Քո կարծիքով, ի՞նչն է խնդիրը, որ բալետն այդքան էլ պահանջարկ չունի Հայաստանում:
-Չգիտեմ, կարծում եմ՝ մարդկանցից է, միջավայրից: Բալետը ցանկացած զարգացած երկրում մնում է բալետ: Դուք լսո՞ւմ եք դասական երաժշտություն, չի հնանում, չէ՞. ի՞նչ տարբերություն, նույնն էլ բալետն է: Ունենք ընդամենը մեկ թատրոն, դա էլ է խնդիր: Ես, օրինակ, մեծ խուճապի մեջ եմ՝ կապված Օպերայի եւ բալետի թատրոնում վերանորոգման աշխատանքների հետ. ո՞րտեղ պիտի պարապեմ: Չեմ կարող մեկ օր անցկացնել առանց պարապելու: Դա իսկապես խնդիր է:
-Լավ, ի՞նչ շարունակություն ունեցավ քո ընտրությունը... Ե՞րբ հասկացար, որ արդարացված էր:
-Ինչպես մայրս էր ասում, դարձա ֆանատ: Սկսեցի հաճախ մեկնել արտերկիր՝ ներկայացումներ նայելու, ոչ մի առիթ բաց չէի թողնում. աչքերս բացվեցին աստիճանաբար: Ամեն օր ավելի շատ պարապել, ավելի շատ ցավեր ու տառապանքներ, նաեւ ավելի շատ հաճույք... Ու հետո այդ ամենը սկսեց երեւալ նաեւ բեմերում. պարում էի օպերային թատրոնում: Այնտեղ, իհարկե, ինձ գրկաբաց չընդունեցին. երկար ժամանակ ստիպված էի լուծել ինքնահաստատման խնդիրներ: Եկավ մի պահ, երբ հասկացա՝ այլեւս աճելու տեղ չունեմ Երեւանում, ուղղակի խեղդվում էի, հնարավորությունները շատ սահմանափակ էին: Դեր չկար, «իմ հերթը չէր»... ու նման բաներ: Ասացի՝ լավ...
- Եվ ի՞նչ:
- Սարքեցի DVD՝ կարճ տեսագրություն, որտեղ ցույց էի տալիս իմ ողջ տեխնիկան: Ես դա ուղարկեցի շատ երկրների թատրոնների: Եվ սկսեցի սպասել... Մի շաբաթ հետո ինձ զանգեցին Իսրայելից եւ ասացին, որ «Ռոմեո եւ Ջուլիետ» են բեմադրում, եւ իրենց պետք է հենց ինձ նման կերպար: Ինձ առաջարկեցին պայմանագիր՝ շտապ գնալու պայմանով: Չնայած բազմաթիվ դժվարություններին՝ ես մեկնեցի Իսրայել. դա 2008 թվականն էր:
- Ընտանիքդ ինչպե՞ս ընդունեց քո որոշումը:
- Շատ մեծ դժվարությամբ համոզեցի հայրիկիս: Ուղղակի նրանց աչքի առաջ էր ամեն բան: Տեսնում էին՝ ոնց եմ ապրում բալետով, ու նյարդային վիճակ էր ստեղծվել խոչընդոտների պատճառով. ամբողջ ընտանիքս ապրում էր ինձ հետ այդ պահերը: Թողեցին, գնացի...
- Եվ սկսվեց քո նոր կյանքը Իսրայելում…
-Այո: Գնացի առաջին դասին ու անցա ծանրաբեռնված աշխատանքի: Սկսեցի դերը սովորել, Շեքսպիր կարդացի եւս երեք-չորս անգամ՝ Ջուլիետի կերպարի մեջ մտնելու համար: Դժվար էր շատ այդ ամենը, բայց հասկացա, որ եթե լավ մասնագետ ես, գնահատվում ես անգամ հրեայի կողմից: Պարտադիր չէր երեսուն տարեկան դառնալ, որ նոր հնարավորություն ունենայիր՝ «Գայանե» պարելու... Պրեմիերան եղավ Թել Ավիվում: Ամեն ինչ հրաշալի անցավ: Միայն թե ես մենակ էի, այդ պահին ուզում էի՝ դահլիճում լիներ մեկը, ում համար կպարեի: Այդ դերով մի քանի հյուրախաղերի գնացի: Հետո ուրիշ դերերով պարեցի Իսրայելի ամբողջ տարածքում, ոչ միայն Թել Ավիվում, եղա շատ երկրներում:
- Եթե անկեղծ գնահատելու լինես ինքդ քեզ, ինչո՞վ էիր տարբերվում դու մյուսներից:
- Ես սպասում էի, որ այնտեղ ավելի աշխատասեր մարդկանց կհանդիպեմ: Բայց իրականում լրիվ հակառակ պատկերն է: Եվրոպացիները շատ ծույլ են, նրանց պետք է ստիպես, որ աշխատեն: Հատկապես դրանով ես դու առաջ անցնում:
- Դա անհատակա՞ն չէ, մարդո՞ւց չէ կախված:
- Ինձ շփել-կոփել է այն հանգամանքը, որ ասել են՝ չես կարող, եւ ես հակառակն ապացուցելու խնդիր եմ ունեցել: Եվ կարծում եմ՝ դա շատ հայերի է բնորոշ. ունենալով բազմաթիվ դժվարություններ' մենք ստիպված ենք լուծումներ գտնել, շատ աշխատել:
- Ինչպե՞ս ստացվեցին մյուս դերերդ. դժվար է գտնել քիչ թե շատ սիրված մի դեր, որ դու պարած չլինես:
- Մի անգամ մեզ մոտ շատ նշանավոր բալետմեյստեր եկավ Հոլանդիայից: Նրան առաջարկեցին ընտրել՝ ում կուզեր տեսնել նոր բեմադրությունում: Նա դիտեց բոլորիս պլաստիկան եւ ընտրեց հինգ հոգու, որոնց թվում նաեւ ես էի: Բեմադրեց Շոպենի բալլադները՝ շատ հետաքրքիր, եթերային . այդ բեմադրությունը պարեցինք նաեւ ԱՄՆ-ում: Եղան էլի մի շարք նեոկլասիկ բեմադրություններ : Պարեցի նաեւ «Քնած գեղեցկուհի», «Շելկունչիկ», «Մոխրոտ» ու հետո… «Դոն Կիխոտ»: Երբ պիտի սկսվեր վերջինիս բեմադրությունը, ես մտա տնօրենի մոտ ու հարցրեցի' ով է պարելու Տիտրին: Մոտ ութսուն տարեկան կին էր, ասաց. «Դու չես: Քեզ այդ դերում չեմ պատկերացնում»: Ինչ-որ ռուս աղջիկ պիտի պարեր: Բայց խնդրեցի թույլ տալ ինձ մասնակցել փորձերին: Երկրորդ պլանում սկսեցի այդ աղջկան հավասար փորձել դերը: Իմ համառությունը, իհարկե, դուր չէր գալիս տնօրենին, կանչում էր, հիշեցնում. «Մեկ է, չես պարելու»: Ես էլ ասում էի' ինձ համար եմ անում, ուղղակի հաճույք եմ ստանում: Մի երկու անգամ պարեց այս աղջիկը, բայց ներկայացումներից մեկից առաջ ոտքը ոլորվեց… Ընդամենը մեկ փորձից ինձ վերցրեցին: Տնօրենը հուզված գրկեց ինձ, ներողություն խնդրեց, բայց ամենակարեւորն այն էր, որ ես էի շատ հուզված: Հասել էի ուզածիս…
- Իսկ վարձատրությո՞ւնը. նյութական առումով փոխահատուցվո՞ւմ են բալետի պարողի «զրկանքները»:
- Իսրայելում բավականին լավ էր այդ հարցը, անգամ կարողանում ես գումար ետ գցել, ինչը այստեղ հնարավոր չէ:
- Ինչպե՞ս որոշեցիր վերադառնալ:
-Առաջին հերթին անձնական պատճառով: Երբ վերադարձա, պայմանագիր կնքեցի Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի հետ ու ստիպված եղա հիշել, թե, օրինակ, ինչ է նշանակում տեղի համար կռիվ անելը (ժպտում է- LN): Պարեցի «Դոն Կիխոտ», հետո Էգինայի կերպարը «Սպարտակում»: Չեմ կարծում' սխալ եմ արել, որ եկել եմ: Ծնողներս գոնե շատ են ուրախացել…
- Իրականությանը համապատասխանո՞ւմ է բալետի պարուհու այն կյանքը, որը մեզ հայտնի է ֆիլմերից' անվերջ «չի կարելի»- ներով: Օրինակ, պաղպաղակ ուտո՞ւմ ես:
- Հիշեցի, որ երբ «Ռոմեո ու Ջուլիետ»-ի պրեմիերայից հետո մեզ մոտեցան լրագրողներ եւ հարցրեցին' ինչ եմ ուզում նման հաջողությունից հետո, պատասխանեցի' պաղպաղա~կ: Առաջ խիստ պահում էի դիետաներ: Հետո հասկացա, որ պետք չէ: Պետք է հանգիստ ապրել: Սուտ է, կարծրատիպ, որ բալետի պարուհին ուտում է միայն աղցան, նա ամեն բան էլ ուտում է, անգամ' պիցցա:
-Անձնական կյանքն ու կարիերան հատկապես արվեստի մարդկանց դեպքում գրեթե երբեք հաշտ չեն: Օրերից մի օր նրանք բախվում են: Կայացրե՞լ ես ներքին ընտրությունդ նման դեպքի համար:
-Մինչեւ հիմա ինձ համար եղել է կարիերան ու միայն կարիերան առաջին տեղում, պարը: Բայց հետո ծանոթացա մի կնոջ հետ, ով հասել էր շատ բաների իր կյանքում, արդեն տարիքն առել էր, բայց չէր հասցրել ընտանիք ստեղծել' այդ հարցը միշտ թողնելով հետագային: Նա տրվել էր ալկոհոլին եւ ապրում էր հիշողություններով: Ես չէի ուզի, որ այդ փորձը կրկնվեր իմ կյանքում: Լիարժեք երջանկության համար կարեւոր է ընտանիքը, քեզ հասկացող եւ գնահատող ամուսինը: Ինձ եւ կարիերան է պետք, եւ ընտանիքը. առանց մեկի մյուսը կիսատ կլինի:
-Քեզ համարո՞ւմ ես ուժեղ կին: Ինչպիսի՞ն է ուժեղ կինը քո պատկերացմամբ:
-Համարում եմ, այո: Այս մանագիտության մեջ չես կարող առաջ գնալ' ուժեղ չլինելով: Պետք է պայքարել: Ցավոք սրտի, մարդիկ թերահավատորեն են տրամադրված, առաջինը չհավատալն է, եւ դու պիտի ուժեղ լինես ու ապացուցես: Կարեւոր է ոչ մեկից կախվածություն չունենալը, սեփական կշիռ ունենալը: Բացի այդ, ուժեղ տղամարդիկ սիրում եմ ուժեղ կանանց…
- Կա՞ մի դեր, որ դեռ երազում ես պարել:
-Կարմենն է: Միշտ ասել եմ' մինչեւ չպարեմ, բեմը չեմ թողնի: Եթե ուզեն ինձ վատություն անել, պիտի առաջարկեն ինձ այդ դերը (ծիծաղում է- LN), եւ գուցե ես իրականացրած համարեմ իմ բոլոր երազանքները բեմի հետ կապված:
09-07-2025 11:47 Դերասանուհի Աննա Քենդրիկը, ըստ լուրերի, «մի քանի ամիս» գաղտնի հարաբերությունների մեջ է կատակերգու Ալեքս Էդելմանի հետ։ Օսկարի առաջադրված դերասանուհին, որը հաջորդ ամիս կդառնա 40 տարեկան, նույնիսկ հանդիպել է նրա մորը՝ Շերիլին, որը անշարժ գույքի փաստաբան է։
09-07-2025 11:32 49-ամյա Թինա Կանդելակին խոստովանել է, որ իր առաջնեկին՝ դստերը, անվանել է Մելանյա՝ ի պատիվ ԱՄՆ առաջին տիկնոջ։ Հեռուստահաղորդավարուհին խոստովանել է, որ 2000 թվականի Նոր տարին նշել է հղիության ընթացքում։ Այդ ժամանակ հեռուստատեսությամբ ցուցադրվել է Դոնալդ Թրամփի կողմից կազմակերպված գեղեցկության մրցույթ։ Միջոցառումը վարել է նրա ապագա կինը՝ սլովենիացի մոդել Մելանյա Կնաուսը։ «Ես անհանգստանում էի, որ իմ երեխաները կհետևեն իրենց հեռավոր ազգականներին. նրանք կծնվեն որպես թխամորթ, հսկայական քթերով, մազոտ վրացիներ։ Ես ասացի, որ եթե աղջիկ լինի, անպայման նրան կանվանեմ Մելանիա՝ ի պատիվ Մելանի Կնաուսի։ Եվ այդ գիշեր մաղթեցի, որ նա դառնա այնքան գեղեցիկ, որքան այս հեռուստահաղորդավարուհին», - խոստովանել է Կանդելակին։
09-07-2025 11:21 Փարիզում, որտեղ ընթանում է Բարձր նորաձևության շաբաթը, կայացել է «Le Vestiaire Des Parfums» ընթրիքը, որը կազմակերպել է Yves Saint Laurent նորաձևության տունը: Միջոցառման հյուրերն էին Վենսան Կասելի նախկին ընկերուհին և նրա երեխայի մայրը՝ Թինա Կունակին, Մադոննայի և Ջուդ Լոուի դուստրերը՝ Լուրդես Լեոնը և Այրիս Լոն, 56-ամյա սուպերմոդել Հելենա Քրիստենսենը, այլք:
09-07-2025 08:49 «Օսկար» մրցանակի դափնեկիր 80-ամյա Մայքլ Դուգլասը պատմել է, որ «գիտակցաբար դադարեցրել է դերասանական գործունեությունը 2022 թվականին», քանի որ հասկացել է, որ «պետք է դադարեցնի»։ «Ես շատ եմ աշխատել՝ գրեթե 60 տարի և չեմ ցանկացել լինել այն մարդկանցից մեկը, ովքեր մահանում են նկարահանման հրապարակում», - նրա խոսքերը մեջբերել է Variety-ն։
09-07-2025 01:44 Նիկոլ Քիդմանի դուստրը՝ Սանդի Ռոուզը, 17 տարեկանում վստահորեն մտնում է մոդելային աշխարհ: «Աստղային ժառանգորդուհին» հայտնվել է շվեյցարական շքեղ ժամացույցների Omega ապրանքանիշի նոր գովազդում՝ այն նույն ապրանքանիշի, որի դեմքն է նրա հարահայտ մայրն արդեն ավելի քան մեկ տասնամյակ: