Рус. Հայ.
ՀՅՈՒՐԱՍՐԱՀ

Սիրում եմ տեսնել մանրուքները. ԼԻԼԻԹ ԲԼԵՅԱՆ

19.02.2013

LADYNEWS.am-ի հյուրասրահում է երգերի հեղինակ, կատարող Լիլիթ Բլեյանը:

-Բավական դժվար է շոուբիզնեսում տիրող բազմազանությունից տարբերվելն ու ստեղծել սեփական լսարանը: Այնուամենայնիվ,  վստահ կարող եմ ասել, որ դուք ունեք ձեր որոշակիորեն կայուն լսարանը: Հատկապես  ինչո՞վ է քո  ոճը տարբերվում մյուսներից, և ովքե՞ր են քո լսարանը:

- Եթե անկեղծ, լսարան ստեղծելու խնդիր ի սկզբանե չեմ դրել: Երբ կայացրի երգերս ձայնագրելու որոշում (որոշման գլխավոր «մեղավորը», ի դեպ, ամուսինս էր, առանց որի աջակցության որևէ երգ չէի կարողանա ձայնագրել),  չգիտեի էլ՝ ուր եմ գնում, ում համար եմ գրում: Գրում էի ու մինչև հիմա էլ գրում եմ միայն այն, ինչ ինձ դուր է գալիս: Ուրախ եմ լսել, որ ունեմ կայուն այդպիսի մի շրջանակ, որը սիրում է այդ երգերը: Ուրախ եմ, որ երգերի միջոցով իրար գտնում ենք. երգերը դառնում են նաև մարդկանց գտնելու յուրատեսակ մի ճանապարհ, ու երգը վերածվում է հետաքրքիր զրույցի:

-Ստեղծագործող մարդու համար մեծ կարևորություն ունի մուսան: Քեզ համար ի՞նչը կամ ո՞վ կարող է մուսա դառնալ:

-Այ, դրա մասին էլ չեմ մտածել: Չեմ փորձում կենտրոնանալ ստեղծագործական պրոցեսի վրա, չեմ ուզում հասկանալ՝ ինչը որտեղից է սկսվում: Ամեն երգ ծնվում է բոլորովին տարբեր ճանապարհով: Կա երգ, որ գրվում է մի քանի րոպեում. շատ կուզեի իմանալ, թե որտեղից է գալիս, մեծ գաղտնիք է մնում էդպես էլ ինձ համար: Կան երգեր, որոնց թե տեքստերի, թե մեղեդու վրա երկար աշխատում եմ, ու կարող է այն նույնքան ինձ սիրելի ստացվել, ինչպես նախորդ՝ միրոպեանոցը:  Մուսա՝ չգիտեմ, բայց ես սիրում եմ տեսնել մանրուքները, ու հաճախ աննշան թվացող դետալից կարող է ծնվել մի ամբողջ պատմություն, որն իմ դեպքում վերածվում է երգի: Սիրում եմ մտածել, փորձել տարբեր կողմերից նայել նույն հարցին: Համալսարանում իմ դասախոսներից երջանկահիշատակ Վահան Սարգսյանի մի դասաժամը երկար կհիշեմ․ լինում են, չէ՞, էդպիսի դասեր, որոնք մի ողջ մասնագիտական կրթություն արժեն: Այ, հետաքրքիր բացատրում էր 66-ի ու 99-ի տարբերությունը, թե ինչքան կարևոր է՝ կարողանալ տարբեր կողմից նայել նույն հարցին, ու թե ինչպես կարող է ամեն ինչ բառացիորեն «գլխի վրա» շուռ գալ․․․ Ու թե ինչու Ամերիկան կոչվեց Ամերիգո Վեսպուչիի անունով, այլ ոչ՝ Կոլումբոսի, ով այդպես էլ մինչև կյանքի վերջը չհանդգնեց «այլ անկյունից» նայել իր հայտնաբերած ցամաքին:

-Երաժշտություն ստեղծելու համար, կարծում եմ, հատուկ հոգեվիճակ է անհրաժեշտ.  ի՞նչ մթնոլորտ, հոգեվիճակ  է հարկավոր քեզ ստեղծագործելու համար:

-Առայժմ նման իդեալական վիճակ (արդեն չորրորդ տարին) անփոփոխ ստեղծում է իմ փոքր դստերը երեկոյան քնեցնելու այդ մեկ ժամանոց ինտերվալը:Ես իհարկե առիթը բաց չեմ թողնում դժգոհելու, որ նա արդեն մեծ է, առանց մայրիկի օգնության պետք է քնի, բայց իրականում հենց այդ մի ժամում են որպես կանոն ծնվում մեղեդիները: Օրվա վերջում, փաստորեն, մի քիչ հոգնած, ինչ-որ նոր ինֆորմացիա կուտակած անցած օրվա ընթացքում, ու նաև ստիպված՝ գտնելու այնպիսի մի մեղեդի, որն աղջկաս համար որպես օրորոցային կծառայի…

-Հարցազրույցներից մեկում նշել ես, որ ամեն մարդ պետք է իր գրած երգերը կատարի: Երբեք չե՞ս փորձել մեկ ուրիշի գրած երգը կատարել:

-Դա երևի մեջբերում էր Ռուբեն Հախվերդյանից. նա էր սկավառակիս շնորհանդեսին իմ մասին խոսելիս այդպես նշել: Ամեն դեպքում, իհարկե, ավելի հետաքրքիր է, երբ երգիչը իր մտքերը, իր տրամադրությունը, ինքն իրեն է ներկայացնում երգերի միջոցով: Բայց ես մեծ հարգանքով եմ վերաբերվում այն իսկական պրոֆեսիոնալներին, ովքեր կարողանում են նախ՝ ճիշտ երգեր ընտրել, հետո՝ գտնել դրանք սեփական մոտեցմամբ մատուցելու ձևերը: Բնությունը երբեմն տալիս է այնպիսի ձայն, որն ուղղակի ափսոս է թաքցնել, եթե անգամ սեփական երգեր գրել ինչ-ինչ պատճառներով չի ստացվում: Կան երգիչներ, որոնք ամենահասարակ երգը կարող են հրաշքի վերածել:

- Իսկ քո քրած  երգերից երբեք չե՞ս նվիրել կամ վաճառել: Չկա՞ այդպիսի մտադրություն: Համագործակցո՞ւմ ես մեր շոուբիզնեսի ներկայացուցիչների հետ:

-Երգեր դեռ չեմ վաճառել, չեմ էլ նվիրել. դժվար հարց է: Առաջարկներ եթե լինեին, գուցե մտածեի այդ մասին: Շոու բիզնեսի ներկայացուցիչների հետ համագործակցություն, այդպիսով, չկա, քանի որ երևի շոուի տարրը պակասում է երգերիս մեջ: Լավ է դա, թե վատ՝ չգիտեմ:

-Ինչպես նշեցիր, երգերիդ մեջ պակասում է շոուի տարրը, դրանք պոպուլյար արվեստի մաս չեն կարող լինել... Հայաստանում շատերը չեն ստեղծագործում այնպես, ինչպես ուզում են, այլ այնպես, ինչպես ուզում է լայն լսարանը: Ճի՞շտ եմ հասկանում, որ կոմերցիոն նպատակներ չունես այս ասպարեզում, եթե ներկայացնում ես այդպիսի երաժշտություն:

-Ես հուսով եմ, որ այն ճանապարհը, որի գուցե ամենասկզբում եմ հիմա ես, դառնալու է իմ հիմնական զբաղմունքը կյանքում, իսկ դա նշանակում է, որ այն պետք է նաև եկամուտ ապահովի: «Ոչ կոմերցիոն երաժշտությունը» գուցե հնչում է որպես կոմպլիմենտ, բայց որևէ գործով լրջորեն զբաղվելու համար պետք է ակնկալել «հետադարձ կապ»: Եվ կան մարդիկ նաև Հայաստանում, որ կոտրում են այդ կարծրատիպերը: Շատ կուզեի, որ ինձ մոտ նույնպես ստացվեր դա անել:

-Ե՞րբ բացահայտվեց երգեր գրելու, ստեղծագործելու քո տաղանդը, և օգնե՞ց արդյոք ինչ-որ մեկն այդ հարցում:

-Երգեր գրել եմ խոսելուն զուգահեռ, դա իմ համար բնական մի վիճակ էր, այդ պատճառով լուրջ չէի մոտենում. դե ինչը հեշտ է ստացվում, լուրջ չի թվում, չէ՞: Երաժշտական կրթությունս սահմանափակվեց յոթնամյակում ջութակի ուսուցչին իմ ծուլությամբ տանջելով: Ինձ երկար համոզում էին ընդունվել կոնսերվատորիա՝ կոմպոզիցիայի բաժին, ինչը ես առանց մտածելու մերժեցի՝ ընտրելով ԵՊՀ-ն՝ հանուն իմ սիրելի իսպաներենի: Հիմա համատեղում եմ փաստորեն. գրում եմ նաև իսպաներեն երգեր:

-Ինչի՞ մասին էր գրածդ առաջին երգն ու ինչը շարժառիթ դարձավ այն գրելու համար:

-Առաջին գրած երգն այդպիսով չեմ էլ կարող մտաբերել, իսկ առաջին ձայնագրվածը «Սպասող գնացքներ» երգն էր: Երգերի հաջողության մեջ, եթե դրանք իսկապես հաջողված են, ինձնից բացի, կա ևս երկու գլխավոր դերակատար՝ ամուսինս՝ իմ թիվ մեկ ընկերն ու հովանավորը, և գործիքավորողը՝ կոմպոզիտոր Նարինե Զարիֆյանը, որի շնորհիվ երգերն առանձնահատուկ հնչողություն են ստանում:

-Քաղաքի թեման առհասարակ շատ է արծածված քո  ստեղծագործություններում. ինչպե՞ս ես ընկալում քաղաքի ալեգորիկ պատկերը: Ի՞նչ է քաղաքը:

-Քաղաքը․․․ մարդու պատասխանն է բնությանը: Անգամ եթե վերցնենք միայն ճարտարապետության առումով. ճարտարապետները, Աստծո հետ մրցելով, փոխում են երկրի լանդշաֆտը: Նա մեզ՝ լեռ, մենք նրան՝ կասկադաձև շենքեր․․․ Նա մեզ՝ ծով, մենք նրան՝ արհեստական լճեր: Նա մեզ լեռնային կածաններ, մենք՝ ասֆալտապատ մայրուղիներ: Ճարտարապետությունը ձևավորում է ճաշակ, վերաբերմունք՝ դեպի աշխարհն ընդհանրապես: Մեր շրջապատը մեզ ձևավորում է, փոխում է, նմանեցնում է իրեն: Եթե իհարկե մենք այնքան ուժեղ չենք, որ ինքներս փոխենք այն ու մոտեցնենք մեզ: Հատուկենտ երջանիկներ են կարող այդպես անել: Ճարտարապետությունից բացի, քաղաքն այն մթնոլորտն է, որտեղ մենք ապրում ենք: Մարդիկ պայմանավորում են մթնոլորտը, մթնոլորտը՝ մարդկանց: Ամեն նոր մարդ, նոր երգ, նոր գիրք, նոր շենք մի փոքրիկ «արտանետում» է այդ մթնոլորտում, որը կարող է այն մաքրել, զտել, ավելի լավը դարձնել կամ՝ ավելի աղտոտել:

-Իսկ ինչո՞ւ քո «քաղաքից», եթե կարելի է այդպես ասել, դուրս մնաց լրագրությունը:

-Իմ քաղաքից լրագրությունը դուրս մնաց, քանի որ այնտեղ չէր ապահովվում հենց այն անհրաժեշտ տրամադրությունը, մթնոլորտը, առանց որի երգերը չեն «գալիս»: Հերթական անգամ ներողություն խնդրելով իմ նախկին գործընկերներից՝ ստի չափաքանակ կա, որ մի պահից խանգարում է ապրել: Ֆիզիկապես դժվարանում ես տանել: Ստեղծագործական պրոցեսը սուտ չի հանդուրժում: Երևակայություն, հորինվածք՝ ինչքան ուզեք, դրանք ստեղծագործական «նյութեր», գործիքներ են, բայց սուտ՝ ոչ մի դեպքում: Հետո՝ ես միշտ ցանկացել եմ ստեղծել իրադարձություններ, ոչ թե՝ լուրեր ուրիշների ստեղծած իրադարձությունների մասին: Չնայած իրական լրագրությունը, որի օրինակները Հայաստանում նույնպես ունենք, ոչ պակաս տաղանդ ու ստեղծագործ մոտեցում է պահանջում․․․
Գուցե երբևէ հեռուստատեսությունում սկսեմ որևէ նախագիծ, բայց կարծում եմ՝ այն արդեն նույնպես կապված կլինի երաժշտության հետ: Շատ հեռու գնացի, դեռ նույնիսկ իմ ծրագրերում ադդպիսի բան չկա:

-Աշոտ Բլեյանի անունը մեր իրականության մեջ կապվում է կրթական համակարգի փոփոխությունների, նոր դասագրքերի հետ, իսկ իր դստեր կյանքում ի՞նչ նշանակություն է ունեցել նա:

-Հայրիկիս մասին կարելի է մի արտահայտությամբ ասել ամեն ինչ. նա միշտ ապրում է ապագայում: Նրա բոլոր մտքերը, ծրագրերը, որոնք այդ պահին կարող են աներևակայելի թվալ, մի օր անպայման իրականություն են դառնում: Ես կուզեի ունենալ նրա էներգիան, որը հերիքում է հսկա այդ կրթահամալիրը անվերջ բզզացող փեթակի պես արթուն պահելու, իր բոլոր մտերիմներին ու զուգահեռ՝ հազարավոր անծանոթներին օգնելու, ու ընթացքում՝ անվերջ սովորելու համար: Կհերիքեր, համոզված եմ, եթե կրթահամալիրը լիներ տասնապատիկ ավելի մեծ:
Իմ ու հորս հարաբերությունների համար էլ մեկ արտահայտությունը բավարար է․ մենք իսկական ընկերներ ենք: Ամենամեծ նվերը, որ ես նրանից երբևէ ստացել եմ, ազատությունն է, որի մեջ ես մեծացել եմ, ու որից ծնողները որպես կանոն զրկում են իրենց երեխաներին մեր իրականության մեջ: Ազատություն, որն ունի շատ ավելի խիստ կանոններ, ենթադրում է ինքնուրույնություն, ինքնաբավություն, ազատության մեջ բնականոն ու երջանիկ ապրելու կարողություն: Ես շնորհակալ եմ, որ ունեցել եմ ծնողներ, որոնք ինձ տվել են այդ ամենը: Շնորհակալ եմ երաժիշտ մայրիկիս, որի շնորհիվ ինձ միշտ ուղեկցել է լավ երաժշտությունը: Ու շնորհակալ եմ, որ հայրս, միայն ու միայն իր անկոտրում բնավորության շնորհիվ, կարողացավ պահպանել ու նոր մակարդակի բարձրացնել իր ստեղծած կրթահամալիրը, որտեղ սովորել եմ ես, ու սովորում են իմ երեխաները:

-Որպես կին, ի՞նչ հոգսեր ունես:

- Ես երկու դուստր ունեմ, և ես երջանիկ եմ, որ, իհարկե ամուսնուս գործուն աջակցությամբ, հնարավորություն եմ ունեցել լիարժեք մայրիկ լինել… Ինչքան անհրաժեշտ է եղել՝ խնամել եմ երեխաներիս, դա նվեր է ցանկացած նորմալ մայրիկի համար, կարծում եմ: Բայց իմ «աշխատանքը» սպեցիֆիկ է, ես կարող եմ, ներեցեք, ծննդաբերությունից օրեր անց երգ գրել, ու երբեմն ծլկել տնից՝ ձայնագրության, անգամ երբ երեխաներս փոքր են: Ավելի ստացիոնար աշխատանքի դեպքում դա բարդ է: Այ, այդպիսի կազմակերպված մայրիկներին ես նախանձում եմ․ լինել միաժամանակ նորածնի մայր, կին, տանտիրուհի ու հասցնել անել ինչ-որ աշխատանքային գրաֆիկ ունեցող գործ. երևակայությունից դուրս է ինձ համար: Ընկերուհիներ ունեմ, որ հենց այդպիսին են, ինձ համար՝ իսկական այլմոլորակայիններ: Ես ինքս, մինչև երեխան մանկապարտեզային տարիքի չի հասնում, չեմ կարողանում կյանքս այդպես կոկիկ դասավորել:

-Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ միայն վերջերս է կնոջ դերը մեր հասարակական կյանքում մի փոքր ակտիվացել, պետք է ասել, որ հայ կանանց զբաղվածությունը մշտապես եղել է միայն տնային աշխատանքը.... Ինչպե՞ս եք վերաբերվում այս հարցին: Եվ ի՞նչ կարծիքի եք կին-տղամարդ հավասարության մասին, նրանք իսկապե՞ս հավասար են:

-Բնությունն ի սկզբանե անհավասարություն է ստեղծել, որի մեջ գուցե նույնիսկ դրականն է ավելի շատ, քան՝ բացասականը: Կինն օժտված է նոր մարդ ստեղծելու, այդ մարդուն խնամելու հրաշալի պարտավորությամբ: Ես կարծում եմ՝ եթե բոլոր կանայք կարողանային մայրիկ դառնալ, երջանկության տոկոսը մոլորակի վրա անհամեմատ բարձր կլիներ: Ինչպես ցանկացած պարտավորություն, դա էլ բերում է իր դժվարությունները:  Իսկ աշխատելը ցանկալի չէ, պարտադիր է: Եթե անգամ տանն ես, պետք է միշտ կողմնակի, ոչ տնային գործերով լցնես օրդ: Մորաքույր ունեմ, որ երբևէ չի աշխատել, բայց, հատելով վաթսունի սահմանը, այսօր հրաշալի գործեր է ստեղծում՝ նկարներ նարնջի կեղևներից, և էլ չգիտեմ ինչերից: Ես ընդհանրապես բողոքում եմ տնային հոգսերի միօրինակության դեմ.- փոշին սրբում ես, մի քանի ժամից նույն հանգստությամբ նստում է նույն տեղը, ասես՝ կյանքիդ տասնհինգ րոպեն ուրիշ կարևոր բան չունես անելու, պետք է սրբես ու սրբես․․․ Եթե գլուխդ որևէ հետաքրքիր բանով չզբաղեցնես, խելագարվել կարելի է:

-Եզրափակելով` ի՞նչ է ուզում կինը:

-Ախր ես ինչպե՞ս պատասխանեմ բոլորի անունից: Ընդհանրապես՝ կին թե տղամարդ, երեխա թե տարեց, բոլորս տարբեր ենք: Ես կողմ եմ, որ չբաժանվենք համայնքների՝ կանանց համայնքի, տղամարդկանց, կամ՝ ըստ որևէ այլ դասակարգման: Ի՞նչ է ուզում մարդը՝ անկախ իր սեռից, տարիքից ու բնակության վայրից: Ի՞նչ եմ ուզում ես: Այս հարցին կարող եմ պատասխանել, մյուս բոլոր մարդիկ առանձին հասցեատերեր են: Ես գիտեմ, որ ունեմ մեկ հատիկ կյանք, գոնե՝ այս մոլորակի վրա, և ուզում եմ հնարավորինս հետաքրքիր ու օգտակար ապրել այդ մի հատիկ կյանքը: Ուզում եմ ճանաչել աշխարհը, որտեղ ապրում եմ, որի մի մասնիկն եմ, որովհետև այդ ամբողջության մեջ է հնարավոր ճանաչել ինքդ քեզ: Էգոիստաբար ուզում եմ, որ իմ շրջապատում բոլորը հնարավորինս երջանիկ լինեն: Ուզում եմ ներդաշնակ ապրել իմ ցանկությունների ու կարողությունների հետ:

 

Հարցազրույցը` Նելլի Ղարիբյանի

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 8392 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ
Lena | 25-02-2013 19:46
Էս սպասվող գնացքներն...իրոք, ինչքան սիրուն երգ է!

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Փերիս Հիլթոնի սննդաբանը բացատրել է, թե երբ է աղանդեր ուտելու լավագույն ժամանակը

19.03.2024
«Աղանդեր կերեք ընթրիքից առաջ». այստղային դիետոլոգը բացահայտել է սննդի նկատմամբ իր մոտեցման գաղտնիքները։

6 խորհուրդ նրանց համար, ովքեր այս պահին միայնակ են զգում

08.02.2024
Եթե նույնիսկ ձեր շրջապատում շատ ընկերներ ու ծանոթներ կան, իսկ սոցցանցերում բաժանորդներից շատ են հաղորդագրությունները, փաստ չէ, որ դուք միշտ աջակցություն և ըմբռնում կզգաք։

Արդյո՞ք կհանգեք ամուսնության․ 8 հարց, որ պետք է տալ տղամարդուն հարաբերությունների սկզբում

15.11.2023
Աշխատատեղը (նույնիսկ մասնագիտությունը) կարելի է փոխվել, երեխաները մեծանում և հետո ստեղծում են իրենց ընտանիքը, ընկերները կարող են գալ ու գնալ: Սակայն կանանց մեծ մասը երազում է ամուսնանալ մեկ անգամ և ամբողջ կյանքի համար:

«Լավագույն գինին այն է, որը ձեզ է դուր գալիս»․ Հայաստանի լավագույն սոմելյե Մարիամ Սաղաթելյան

22.08.2023
Սոմելյեի  յուրահատուկ մասնագիտության, լավագույն գինինիների ճիշտ ընտրության, դրանց պահպանման և հարակից հարցերի շուրջ է մեր հացազրույցը Մարիամ Սաղաթելյանի հետ։

«Եթե ֆիլմերի սիրային տեսարաններն արդարացված չեն, հրաժարվում եմ դրանք խաղալ»․ Նատալիա Բարդո

16.08.2023
Դերասանուհին պատմել է ռոմանտիկ տեսարանների նկարահանումների և բարեկազմության գաղտնիքների մասին։

Cherchinyan cosmetics-ի արտադրանքը ճանաչում է ստանում

14.04.2023
Կորոնավիրուսային համավարակի շրջանում, երբ հանրությունը համատարած մեկուսացման մեջ էր, նոր կենսակերպը շատերին ստիպեց վերանայել իրենց կարողությունները, որոնել, գտնել ինքնաիրացման, գործունեության նոր ոլորտներ։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
18-04-2024 15:31
Fanvue առցանց հարթակը սկսել է հայտեր ընդունել աշխարհում առաջին Miss AI գեղեցկության մրցույթի համար։ Դրանում կմրցեն արհեստական ինտելեկտի օգնությամբ ստեղծված կանայք։ Հաղթողը կստանա «Միսս աշխարհ» թվային համարժեքի տիտղոսը, իսկ նրա ստեղծողին կշնորհվի 5000 դոլար դրամական մրցանակ, Fanvue հարթակում առաջխաղացում և 5000 դոլարից ավելի PR արշավ։ Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած մասնակիցները ևս մրցանակներ կստանան։
18-04-2024 15:20
Ոսպը, ոլոռը և լոբին ոչ միայն բարձրորակ բուսական սպիտակուցի մատչելի աղբյուր են, այլ նաև սրտանոթային համակարգի առողջության համար օգտակար մթերքներ: Բժիշկները հորդորում են ավելի հաճախ ուտել հատիկաընդեղեն, քանի որ դրանց շնորհիվ օրգանիզմը կարող է ստանալ բարձրորակ սպիտակուցներ՝ առանց հագեցած ճարպերի ավելորդ սպառման, որոնց ավելցուկը հանգեցնում է սրտանոթային հիվանդությունների, շաքարախտի և գիրության բարձր ռիսկի։
18-04-2024 15:00
Մարտին Սկորսեզեն պատրաստվում է Ֆրենկ Սինատրայի մասին կենսագրական ֆիլմ նկարահանել' Լեոնարդո ԴիԿապրիոյի եւ Ջենիֆեր Լոուրենսի գլխավոր դերակատարմամբ։ Լուրեր են պտտվում, որ Սինատրային մարմնավորելու է ԴիԿապրիոն, իսկ նրա խաղընկերուհին լինելու է Ջենիֆեր Լոուրենսը, ով կմարմնավորի լեգենդար արտիստի երկրորդ կնոջը՝ դերասանուհի Ավա Գարդներին:
18-04-2024 10:25
32-ամյա Էմիլի Ռատակովսկին հրահրել է A24 պրոդյուսերական ընկերության ղեկավարներից մեկի՝ Նոա Սաքոյի հետ սիրավեպի մասին լուրեր։ Զույգին բռնացրել են Նյու Յորքի ռեստորաներից մեկում ճաշելուց հետո։
18-04-2024 07:08
Աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ Ջեֆ Բեզոսը, այս շաբաթավերջին Կալիֆորնիայի Ինդիո քաղաքում կայացած Coachella երաժշտական փառատոնի ժամանակ չի թաքցրել իր զգացմունքները իր հարսնացուի՝ Լորեն Սանչեսի նկատմամբ։ 60-ամյա Բեզոսին եւ 54-ամյա Սանչեսին նկատել են VIP տարածքում՝ Լանա Դել Ռեյը ելույթին սպասելիս:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2024 թ․

02.04.2024
Ապրիլը մեզ շատ վառ հույզեր ու իրադարձություններ է նախապատրաստել։ Ի՞նչ է սպասվում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի, կիմանաք՝ ծանոթանալով 2024 թվականի ապրիլի աստղագուշակին։

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
15.04.2024
Դիտվել է 632 անգամ
12.04.2024
Դիտվել է 259 անգամ
16.04.2024
Դիտվել է 194 անգամ
17.04.2024
Դիտվել է 144 անգամ
18.04.2024
Դիտվել է 81 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster