Մաշկի խնամքի «ձմեռային» սխալները
01.02.2013
Ձմռանը մաշկը առավել քան երբևէ զգայուն է: Բոլորս էլ այս կամ այն կերպ սեզոնային խնդիրներ ենք ունենում մաշկի հետ: Դա կարող է արտահայտվել մաշկի չորության, աչքերի տակ կապտուկների, կարմիր հետքերի տեսքով: Հնարավոր է, որ այս խնդիրները մաշկի խնամքի մի քանի կոպիտ սխալների հետևանք են:
Շատ տաք լոգանքը. Երբ դրսում ցուրտ է, իհարկե հաճելի է մի լավ տաքանալ և թուլանալ տաք լոգանքով: Բայց հիշեք, որ տաք ջուրը շատ վնաս է դեմքի մաշկին. այն չորացնում է մաշկը, քայքայում ճարպային շերտը: Հնարավորինս քիչ լվացեք դեմքը տաք ջրով հատկապես ցուրտ եղանակին:
Լվացվում եք օճառով. Օճառը և մյուս մաքրող նյութերը նույնպես քայքայում են մաշկի ճարպային շերտը, որն այսպես թե այնպես տուժում է ձմռանը խոնավության պակասից: Փոխարինեք օճառը հատուկ կաթնաքսուքով:
Տոնային կրեմ եք քսում չոր մաշկին.Անգամ ամենայուղոտ տոնային կրեմը չոր մաշկի վրա լավ չի «նստում»: Այն կընդգծի դեմքի բոլոր անհարթությունները, թերությունները: Որպեսզի մաշկը գեղեցիկ լինի, և յուրաքանչյուր տոնային կրեմ հիանալի համապատասխանի, գիշերը քնելուց առաջ և նախքան դիմահարդարվելը անպայման խոնավացնող քսուք օգտագործեք:
Շուրթերի բալզամ չեք օգտագործում. Շուրթերի համար նախատեսված սովորական փայլերը չեն օգնի պաշտպանել դրանք չորությունից: Տնից դուրս գալուց առաջ անպայման բալզամ քսեք շուրթերին:
Մոռանում եք արևից պաշտպանվելու մասին. Ձմռանը արևի ճառագայթները նույնպես ազդում են դեմքի մաշկի վրա և արագացնում ծերացման գործընթացը: Դրանք, իհարկե, այդքան ակտիվ չեն, ինչքան ամռանը, բայց վնասն այնքան էլ քիչ չէ: Որպեսզի պաշտպանեք մաշկը արևի ճառագայթներից, օգտագործեք ցերեկային խոնավացնող կրեմ, որը պարունակում է ֆիլտրեր:
Աղբյուր` LADYNEWS.am
Դիտվել է 3956 անգամ
|