LN-ի հյուրասրահում է «Էմփիրեյ» խմբի անդամ Գիսանե Պալյանը:
-Գիսանե, բազմաթիվ երգերի հեղինակ եք, ի՞նչը կարող է Ձեզ համար մուսա դառնալ:
-Ամեն ինչ, ինչ հուզում է ինձ, կարող է ստեղծագործություն դառնալ՝ թե երաժշտություն, թե բանաստեղծություն և թե երգ: Ամենից շատ ոգեշնչվում եմ, երբ պատկերացնում եմ, որ իմ ստեղծածը կարող է ինչ -որ բան փոխել իմ շրջապատում և մարդկանց սրտերում:
-«Empyray» խմբի միակ կին ներկայացուցիչն եք: Դա առավելություններ տալի՞ս է աշխատանքում: Հե՞շտ է տղամարդկանց հետ աշխատելը:
- Սկզբում բարդ էր, որովհետև բոլորն ինձնից ավելի փորձառու էին, «Empyray»-ն արդեն հայտնի էր, թեկուզև նեղ շրջանակում: Կամաց-կամաց ձուլվեցի «Empyray»-ի թիմին և վերջապես լիիրավ անդամ դարձա: Կարծում եմ սեռը աշխատանքի մեջ նշանակություն չունի, կարևորը հարգանքն է միմյանց հանդեպ:
-Կարծում եմ' վերջին տարիներին անհամեմատ շատացել են ռոքի սիրահարները, դա նպաստո՞ւմ է Ձեր գործունեությանը, գուցե ստիմուլ է տալիս ավելի եռանդով աշխատելու….կամ…
-Թող անհամեստ չհնչի, բայց կարծում եմ, որ «Empyray» ռոք խումբը Հայաստանում ռոք եռաժշտության տարածման մեջ մեծ դեր խաղաց: Կոտրվեցին շատ կարծրատիպեր: Եվ դա օգնեց նաև այլ խմբերին ավելի հեշտ շարժվել իրենց ճանապարհով: Մեզ էլ իհարկե ավելի շատ ճանաչեցին թե Հայաստանում, և թե սփյուռքում:
-Ի՞նչն է մեր հասարակության մեջ Ձեզ ուժ տալիս, ոգևորում, և ինչի՞ց կարող է հիասթափվել Գիսանեն:
- Ցավոք, վերջին տարիներին ավելի շատ բան հիասթափեցնում է, քան ոգևորում: Անտարբերությունը և մեծամտությունը ամենուրեք են, և դա ինձ մտահոգում է: Ոգևորում են բարության արտահայտումները:
-Ձեր ամուսնու հետ նույն թիմում եք աշխատում, չի՞ խանգարում արդյոք դա անձնական հարաբերություններին: Ստեղծագործական բանավեճեր հաճա՞խ եք ունենում:
-Կարենի' «Empyray»-ի կիթառահարի և իմ ամուսնու հետ չափազանց հեշտ է աշխատելը, չնայած հաճախ տարակարծիք ենք լինում: Հիմնական հարցերում միանման ենք մտածում, դա էլ մեր ընդհանուր գործին շատ է օգնում:
-Շատ հաճախ կենցաղը չի թողնում հայ կանանց դրսևորվել, զբաղմունք ունենալ և այլն: Ինչպե՞ս եք հասցնում դաստիարակել 3 երեխաների, լինել ընտանիքում կին և միևնույն ժամանակ ակտիվ ստեղծագործական կյանքով զբաղվել:
-Կստեմ, եթե ասեմ, որ համատեղել ընտանիքն ու աշխատանքը ինձ համար հեշտ է: Բայց սիրում եմ մանկուց ինքս իմ աչքերում հերոս լինել: Թեկուզ բարդությունների գնով հասնել իմ նպատակներին. դա ավելի է ինձ ուժեղացնում: Եվ միևնույն է, լինում են պահեր, երբ հոգնածությունից հուսահատվում եմ, բայց դա երկար չի տևում. ես ուժեղ բնավորության տեր մարդ եմ ինձ համարում:
-Հեռուստատեսությամբ շատ ուժեղ, վճռական կին եք երևում: Իսկ ինչպիսի՞ն է իրականում Գիսանեն: Ի՞նչ թույլ կողմեր ունի արտաքուստ շատ հավասարակշռված ու զուսպ Գիսանե Պալյանը:
- Ես նույնն եմ թե կյանքում, թե հեռուստատեսությամբ. երբեք չեմ սիրել դեր խաղալ: Այո, ինձ ուժեղ եմ համարում: Իսկ ամենաթույլ կողմս համարում եմ զգացմունքայնությունը, այն հաճախ խանգարում է սառը դատել:
-Ի՞նչ եք կարծում, սա տղամարդկա՞նց աշխարհ է, ինչպես հայտնի երգում է ասվում:
- Կարծում եմ, վաղուց արդեն սա տղամարդկանց աշխարհը չէ: Միգուցե տղամարդիկ ուզում են ապրել այդ իլյուզիայի մեջ, բայց վստահ եմ, որ իրականում գիտակցում են, որ կանայք ոչնչով իրենցից չեն տարբերվում, եթե ոչ ավելին:
-Հիմա կանայք ամենուր են, նրանց կարելի է տեսնել յուրաքանչյուր բնագավառում, ըստ Ձեզ' կա՞ն մասնագիտություններ, բնագավառներ, որտեղ կինն անելիք չունի:
-Ըստ իս, այդպիսի մասնագիտություններ չկան:
-Զրույցներից մեկում նշել եք, որ էությամբ Ձեզ հոգեբան եք համարում: Ի՞նչ աղերսներ են ունենում հոգեբան Գիսանեն և երաժիշտ Գիսանեն և արդյոք միմյանց չեն խանգարում:
-Ես կասեի՝ միմյանց օգնում են:
-Գիսանե, ամեն անգամ նոր տաղանդներ, նոր մարդկային էություններ բացահայտելը օգնո՞ւմ է Ձեզ ինքնաբացահայտվել, գտնել Ձեր մեջ բոլորովին նոր մի բան, որի մասին ինքներդ էլ չգիտեիք:
-Իսկապես ես այնպիսի մարդկանցից եմ, որ սիրում են սովորել անկախ տարիքից: Ամեն անգամ, երբ ինչ-որ լավ բան եմ նկատում շուրջս, փորձում եմ ինձ համար այն կիրառել: Չէ որ աշխարհը մեր շուրջը անընդհատ փոփոխվում է, այդ դեպքում ինչպես կարող ենք մենք անփոփոխ մնալ: Ուստի միշտ պատրաստ եմ ամենատարբեր էքսպերիմենտների:
-Եզրափակելով զրույցը' ինչի՞ մասին է երազում Գիսանե Պալյանը:
-Ունեմ 2 մեծ երազանք, բայց դրանք իմ գաղտնիքներն են:
15-09-2026 09:07 Սեպտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը Լոս Անջելեսում տեղի ունեցավ 78-րդ «Էմմի» մրցանակաբաշխությունը: Երեկոյի գլխավոր հաղթողը «Փիթ» ֆիլմն էր, որը գլխավորում էր անվանակարգերի ցանկը՝ 25 անվանակարգով և, ի վերջո, հաղթեց «Լավագույն դրամատիկ սերիալ» անվանակարգում, իսկ Նոա Ուայլը, ինչպես և սպասվում էր, հաղթեց «Լավագույն դերասան» անվանակարգում: Կատակերգության անվանակարգում «Այրիների ծոց»-ը իսկական առաջընթաց գրանցեց՝ տուն տանելով գլխավոր մրցանակը և մի շարք մրցանակներ, մինչդեռ Ռեա Սիհորնը վերջապես հաղթեց իր առաջին «Էմմին»՝ «Շատերից մեկը»-ի համար: Հեռուստատեսային ծանրքաշայինները նույնպես մասնակցեցին. Ջին Սմարթը կրկին հաղթեց «Խորամանկություններ»-ի համար, իսկ Մեթյու Ռիսը ստացավ երկու դերասանական մրցանակ:
15-09-2026 08:27 Աշխարհի միլիոնավոր մարդիկ վեց երկար տարիներ սպասել էին այս պահին, և այն վերջապես եկավ։ Տասնամյակի ամենամեծ վերադարձը, որը մինչև վերջերս քչերը կարող էին հնարավոր համարել երգչուհի Սելին Դիոնի ծանր հիվանդության պատճառով, պաշտոնապես տեղի ունեցավ։ Սեպտեմբերի 12-ին Փարիզի «Պլենիտյուդ Արենան» ցնցվեց 35,000 հանդիսատեսի աղմուկից։ Սելին Դիոնը վերադարձավ։ Եվ նա դա արեց այնպես, ինչպես միայն ինքը գիտի՝ բարձր, տպավորիչ և առանց բեք թրեքի։
10-09-2026 09:31 Պամելա Անդերսոնը վերջերս անկեղծորեն խոսեց իր կյանքի ամենադժվար շրջանի մասին: Վենետիկի 83-րդ կինոփառատոնի amfAR գալա-երեկոյի ժամանակ դերասանուհին պատմել է հեպատիտ C-ի դեմ իր պայքարի մասին, որը նրա մոտ ախտորոշվել էր 1990-ականների վերջին: Այդ ժամանակ վիրուսի դեմ արդյունավետ բուժումներ գործնականում չկային, և բժիշկների կանխատեսումը սարսափելի էր. ըստ Անդերսոնի՝ իրեն ասել էին, որ, հավանաբար, մոտ տասը տարի է մնացել ապրելու: Նրա խոսքով՝ իրեն ամենաշատը վախեցրել է ոչ թե սեփական մահը, այլ այն միտքը, որ իր փոքրիկ երեխաները կմնան առանց մոր: Այդ լուրը ամբողջությամբ փոխել է կյանքի նկատմամբ իր հայացքները և ստիպել վերանայել առաջնահերթությունները:
10-09-2026 09:29 Apple-ը ներկայացրել է իր նոր սերնդի առաջատար սմարթֆոնները՝ iPhone 18 Pro-ն և iPhone 18 Pro Max-ը: Հիմնական թարմացումների թվում են նոր 2nm A20 Pro չիպը, ավելի հզոր արհեստական ինտելեկտի համակարգը՝ թարմացված Siri-ով, մարտկոցի աշխատանքի բարելավված տևողությունը և զգալիորեն վերաձևավորված տեսախցիկը: Արտաքինից սմարթֆոնները պահպանում են անցյալ տարվա շարքի ճանաչելի դիզայնը, բայց ունեն նոր գունային տարբերակներ և մի շարք նշանակալի տեխնիկական փոփոխություններ:
10-09-2026 09:25 Կանանց դեմքերը միջինում գնահատվում են որպես ավելի գրավիչ, քան տղամարդկանցը, և այդ ազդեցությունը պահպանվում է տարբեր մշակույթներում, տարիքային խմբերում և անկախ գնահատողների սեռական կողմնորոշումից։ Այս եզրակացությանն են եկել Ֆրանկֆուրտում գտնվող Մաքս Պլանկի ընկերության Էմպիրիկ էսթետիկայի ինստիտուտի հետազոտողները։