Կեր, աղոթիր, սիրիր
16.07.2012
Ամենաբարդը հավանաբար տեսնել կարողանալն է, թե ինչքան պարզ է կյանքն իրականում: Ամեն անգամ, երբ մտածում եմ այդ մասին, հիշում եմ Ռայան Մերֆիի «Կեր, աղոթիր, սիրիր» (Eat, Pray, Love) ֆիլմը: Գլխավոր հերոսուհու (մարմնավորել է Ջուլյա Ռոբերթսը) այդ ցանկությունը՝ րոպեական որոշմամբ թողնել դեպքերի բերումով ՍՏԵՂԾՎԱԾ կյանքը եւ գնալ փնտրելու, ՍՏԵՂԾԵԼ ուզածդ, գայթակղիչ է թվում: Իրականում դա մեր խճճված կյանքի գորդյան հանգույցից մի հարվածով ազատվելու ցանկությունն է, կյանքը պարզ օրենքներով վերսկսելու պոռթկում՝ ԿԵՐ, ԱՂՈԹԻՐ, ՍԻՐԻՐ:
Հոգսերի, պարտականությունների, վախերի բեռը, որ շալակած բարձրանում ենք կյանքի աստիճաններով, ժամանակի ընթացքում մեզ աննկատ կուզիկ է դարձրած լինում, եթե անգամ օրերից մի օր հնարավոր է արդեն այն վայր դնել: Առանց ծանր իրերի, մտքերի, խոսքերի, հույզերի… Պարզ կյանք, որը մաքրաջրվում է իր իսկ բնական ընթացքից:
Ֆիլմի հերոսուհին երկրեերկիր դեգերումներից հետո ներդաշնակության է հասնում ինքնահայեցման միջոցով, այսինքն՝ իր ներսում: Թիկունքում ունենալով դժբախտ սիրո փորձեր՝ ներդաշնակությունը նորից չկորցնելու համար նա հրաժարվում է նոր սիրուց, եւ այն, ինչ նրան ասում է փոքրամարմին արեւելցի իմաստունը, մի գիտակցում է, որ վախազերծում եւ ճկունացնում է կյանքիդ մեջքը. «Աղջիկս, երջանկությունից հավասարակշռությունը կորցնելն էլ կյանքի հավասարակշռության մասն է կազմում»: Դիտվել է 5615 անգամ
|