Рус. Հայ.
ՆՐԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Ես ու Դեւիդն ամուսնացած ենք 2 անգամ. տարօրինակ զգացում է. ՎԻԿՏՈՐՅԱ ԲԵՔՀԵՄ

30.06.2012

Այս գեղեցկուհու կենսագրությունը նման չէ և ոչ մի հայտնի կնոջ կենսագրությանը, երբ մեծ մասամբ անճոռնի ճուտիկներից և մոխրոտներից վերածվում են կարապների… Վիկտորյայի դեպքն այն է, երբ փոքրուց էլ աղջնակը գիտի, թե ինչի հնարավորություն ունի, ինչի է ձգտում:

Վիկտորյա Քարոլայն Ադամսը ծնվել է 1974 թ. ապրիլի 17-ին Անգլիայում: Բավականին հարուստ ընտանիք է ունեցել, որտեղ փոքրիկ Վիկտորյայի հետ մեկտեղ մեծանում էին նրա եղբայր Կրիստիանն ու քույր Լուիզան: Չնայած Վիկտորյան երբեք որևէ բանի կարիք չի ունեցել, այնուամենայնիվ նրան նյութականը չէ, որ հետաքրքրում էր: «Փոքր ժամանակ ես ուզում էի մեռնել,- հարցազրույցներից մեկում ասում է Բեքհեմը,- ինձ ոչ ոք չէր ընդունում: Իմ տարիքի երեխաները չէին ուզում ինձ հետ շփվել, չէին ուզում ինձ էլ մտցնել շրջապատ: Դա դեռ քիչ էր, նրանք ինձ նաև ծաղրում էին, իսկ հիմնական պատճառը լայն քիթս էր»:

Սակայն տանը Վիկտորյան իրեն հիանալի էր զգում: Նա ներկայացումներ էր պատրաստում ընտանիքի անդամների համար, խաղում միանգամից մի քանի դերեր, երգում, պարում: «Սիրում էի էքսպերիմենտներ անել հագուստով և մազերով: Կարող էի հանել վարագույրը, ծալել, դարձնել իմ հասակին համապատասխան, հետո մի կերպ այն հարմարեցնում էի ինձ վրա և ներկայանում ծնողներիս' սպասելով նրանց հիացմունքին: Երբեմն հիացմունքի փոխարեն մայրիկն այնպես էր բղավում, որ պատռել եմ վարագույրը, որ ես օրերով ներկայացումներ ցույց չէի տալիս նրանց համար: Այդպես պատժում էի նրանց»:

Դպրոցում Վիկտորյան հաճախում է բալետի խմբակ, որն ավարտելուց հետո, ընդունվում է եռամյա քոլեջ' պարի և մոդելավորողի բաժին: Հետաքրքիր է, որ անգամ դպրոցական հասակում ծնողները Վիկտորյային բարձրաճաշակ հագուստ և աքսեսուարներ էին գնում: Վիկտորյան դեռ մանկուց տարբերում էր բոլոր հայտնի բրենդները' Շանել, Վերսաչե և այլն: Նրա դպրոցական պայուսակներն էլ հենց այս բրենդներից էին: «Դեռ մանկուց քնելուց առաջ ես միշտ մտածել եմ, թե ինչ եմ հագնելու վաղը»:

Չնայած դասախոսները նրա մեջ առանձնահատուկ տաղանդ չեն նկատում, սակայն բոլորը միաձայն փաստում էին Վիկտորյայի աշխատասիրության, նպատակասլացության մասին: Եվ հենց նպատակասլացության և համառության շնորհիվ աղջիկը բաց չէր թողնում ոչ մի քաստինգ, որ կարող էր առաջնորդել նրան դեպի մոդելի կամ արտիստի մասնագիտություն: Դրանց մեծ մասը ձախողվում էր, սակայն լինում են դեպքեր, երբ Վիկտորյային են վստահում գովազդներ, հրավիրում մասնակցելու մի քանի նորաձևության մրցույթների:

1994 թ. Վիկտորյան կարդում է հայտարարություն, որ ստեղծվում է կանանց նոր փոփ-խումբ, և լսումներ են անցկացվում խմբի անդամներին ընտրելու նպատակով: «Այն ժամանակ ես միայն երազում էի հայտնի դառնալու մասին, ուզում էի ճանաչված լինել, սիրված: Իսկ լսումներն ու քաստինգներն իմ առօրյայի մասն էին կազմում: Այնպես որ կարծում էի, որ սա հերթական լսումն է, որից հետո ես հիասթափված տուն կմտնեմ և կշարունակեմ կարդալ հայտարարությունները»: Իրականում այս լսումը հերթականը չէր Վիկիի կյանքում: Այն բոլորովին նոր հորիզոն բացեց նրա առաջ, բոլորովին այլ աշխարհ' այլ կանոններով: Նա հեշտությամբ անցավ լսումներն ու ընդգրկվեց SPICE GIRLS խմբի անդամների կազմում, որտեղ էին նաև Մել Բին, Մել Սին, Էմմա Բանթոնը, Ջերի Հոլլիուելը:

2 տարի այս աղջիկներն աշխատում են, որպեսզի կարողանան գրավել աշխարհը, նրանք վոկալ էին պարապում, սովորում էին պարել, սովորում էին բեմական կեցվածք և մի խոսքով ամեն-ամեն ինչ, ինչը պետք էր արտիստին: Պրոդյուսերները պարզապես չէին խնայում աղջիկներին և աննկարագրելի ծանր աշխատանքային գրաֆիկ էին պահանջում: Ի վերջո, դա բերեց կոնֆլիկտի,և աղջիկները հրաժարվեցին պրոդյուսերից:

Ի վերջո, Spice Girls խմբին վիճակված էր գրավելու աշխարհն ու իմանալ, թե ինչ է համաշխարհային փառքն ու ճանաչվածությունը: 1996-ին աղջիկները թողարկում են իրենց առաջին սինգլը' Wannabe, իսկ հետո ալբոմ' SPICE, որը վաճառվեց 20 միլիոն օրինակով: Շուտով սկսվեցին շրջագայություններն ու համաշխարհային ճանաչումը: 1996-98 թ. ամբողջ աշխարհում SPICE-ամոլություն էր տիրում: Այս խմբին ուզում էին տեսնել ամենուր, նրանց երգերը իրար ետևից հիթեր էին դառնում և գլխավորում հիթ շքերթները, նրանց ալբոմները վաճառվում էին աննկարագրելի շատ օրինակներով: Այս խմբի հաջողությունը միայն սկիզբն էր Վիկտորյայի աստղային ուղու: «Այն, ինչ մենք արեցինք Spice Girls-ի հետ, անհավանական է: Մենք վաճառեցինք 52 միլիոն ալբոմ»:


Երկրպագուներն ու լրագրողները Վիկտորյային «posh spice» էին անվանում, որ թարգմանաբար նշանակում է շքեղ համեմունք, որովհետև նա միշտ հիանալի ճաշակով է հագնվել և նախընտրել է միայն ամենահայտնի բրենդների հագուստը:
1997թ. Վիկտորյայի կյանքում իսկական հեղաշրջում է տեղի ունենում: Ֆուտբոլային ակումբների բարեգործական խաղի ժամանակ ծանոթանում են Վիկտորյան և Դեւիդ Բեքհեմը: Միջոցառումից հետո, որը կազմակերպվել էր խաղից անմիջապես հետո, Դեւիդն ու Վիկտորյան միասին են դուրս գալիս, նստում մեքենա և ինչքան էլ տարօրինակ լինի, բայց տեղից չեն շարժվում: «Մենք չէինք ուզում գնալ, չէինք ուզում ինչ-որ բան անել, մենք պարզապես զրուցում էինք, անհագ զրուցում էինք ու հիանում միմյանցով: Ժամեր շարունակ մեքենայի մեջ ենք եղել և անգամ չենք նկատել, թե ինչպես է ժամանակն անցել: Ինձ թվում էր, որ անցյալ կյանքում ես ու Դեւիդը հաստատ միասին ենք եղել»,- ասում է Վիկտորյան:

Եվ նրանց այդ կապի մասին ոչ միայն Վիկտորյան է մտածել, այլև Դեւիդը: «Ես նրան շատ անգամ էի տեսել հեռուստացույցով: Տարօրինակ է, բայց ես գիտեի, որ նա իմն է լինելու: Անգամ ընկերներս գիտեին, որովհետև բոլորին ասել էի, որ ապագա կինս է լինելու»,- ասում է Դեւիդը: «Ես նույնպես տեսել էի Դեւիդին հեռուստացույցով: Ճիշտ է, չէի մտածել, որ մենք երբևէ միասին կլինենք, բայց միշտ համակրել եմ»,- նույն հարցազրույցի ժամանակ անկեղծանում է Վիկտորյան: Նրանցից յուրաքանչյուրը սիրված աստղ է, ամեն մեկն իր գործի պրոֆեսիոնալը:

Նրանց առաջին հանդիպումից հետո զույգը սկսում է պարբերաբար տեսնվել: «Առաջին երեք ամիսը պարզապես հիանալի էր, քանի որ մեր մասին դեռ ոչ ոք չգիտեր: Մենք կարողանում էինք հանգիստ հանդիպել, զբոսնել այգիներում»,- ասում է Վիկտորյան: Նրանք սկսում են հանդիպել գրեթե ամեն օր, Դեւիդի ռոմանտիկ բնավորությունը Վիկտորյային մինչև ականջների ծայրը ստիպում է սիրահարվել: «Մեր առաջին համբույրը մեքենայում եղավ, ռեստորաններից մեկի կայանատեղիում: Զարմանալի է, բայց մենք հիշում ենք ամեն ինչ: Հենց այս շրջանն էր մեր հարաբերություններում ամենահուզիչն ու տպավորիչը»:

Վիկտորյան կարծես գիտեր իր ճակատագրի մասին և երբեք չի փորձել տարվել այլ հարաբերություններով: Շատ քիչ սիրային կապեր է ունեցել մինչև Դեւիդին հանդիպելը: Սակայն այդ քիչ հետաքրքրություններից մեկը Մարկ Բուդսոնն էր, որի հետ Վիկտորյան պատրաստվում էր ամուսնանալ: Սակայն 1997-ի «չարաբաստիկ» հանդիպումը Բեքհեմի հետ բոլորովին այլ ուղով տարավ նրա կյանքը: Դեռ այս թվականին Բեքհեմն առաջարկություն է անում Վիկիին, սակայն պատասխանը ստանում է 1998-ին: Դեւիդի նվիրած 3 կառատանոց ադամանդե մատանու մասին սկսում են խոսել բոլորը' սկսած մամուլից մինչև նրանց հարազատները: Զույգը նշանադրվեց հենց այն տարում, երբ Դեւիդի համար դժվար շրջան էր: Նրան խաղը կեսից լքելու համար ազգի դավաճան էին դարձրել: Սակայն լավ լուրը չի թողնում անտարբեր նաև չարախոսներին: Վիկիի և Դեւիդի հարաբերություններն այնքան ջերմ էին և այնքան հետաքրքիր մամուլի համար, որ այլ թեմաների անդրադառնալ մամուլը չէր ուզում: 1999-ի մարտի 4-ին Վիկտորյան լույս աշխարհ է բերում Դեւիդի առաջին տղային' Բրուկլինին: Իսկ անունը ծնողները դնում են ի պատիվ Բրուկլին քաղաքի, որտեղ էլ նրանք իմացել են ապագա երեխայի ծննդի մասին: «Երեխա ունենալուց հուզիչ պահ չկա: Դու նորից վերածնվում ես»:

Արդեն 4 ամիս անց' 1999 թ. հուլիսի 4-ին, Վիկտորյա Ադամսը դառնում է Վիկտորյա Բեքհեմ: Նրանք օրինականացնում են հարաբերությունները, իսկ հարսանիքը դառնում է տարվա ամենասպասված իրադարձությունը: Միայն երեկույթի կազմակերպման համար զույգը ծախսել էր մոտ 800.000 դոլար:

2001թ., երբ տապալվեց Spice Girls խումբը, Վիկտոյայի մասին խոսում էին ավելի, քան անդամներից որևէ մեկի մասին: Նա շարունակեց իր՝ երգչու կարիերան արդեն առանց խմբի անդամների:

Նույնիսկ թողարկեց ալբոմ'իր անունով, որը բավականին լավ ընդունվեց երկրպագուների կողմից: Սակայն միայն երգչուհու կարիերան նրան չէր բավականացնում: Վիկտորյա Բեքհեմը հետաքրքրվեց նաև մոդելայն կարիերայով, որտեղ նույնպես գտավ իր տեղը: «Ինձ համար կարևոր է այն ամենը, ինչ ես անում եմ, բայց ես ամբողջովին վերագտա ինձ, երբ սկսեցի մոդել աշխատել, իսկ հետո արդեն մոդելավորել»,-ասում է Վիկտորյա Բեքհեմը:

Վիկտորյան սկսում է թողարկել ընտանեկան բրենդ' Բեքհեմներ, որտեղ տեղ են գտնում հիմնականում ջինսեր և արևային ակնոցներ: Հետագայում բրենդն անվանվեց dVb' Դեւիդ և Վիկտորյա Բեքհեմներ: Նրանք համատեղ թողարկում են նաև օծանելիքներ, կոսմետիկա և այլն: Մի տարվա ընթացքում Բեքհեմների բյուջեն ընդլայնվում է շուրջ 100 միլիոն դոլարով:

Կարճ ժամանակամիջոցում Վիկտորյան դառնում է ոճի իկոնա: Նրա մասին սկսում են խոսել հայտնի դիզայներները, առաջարկում համագործակցել, թողարկել համատեղ հավաքածուներ և այլն:

Այս ամենի հետ մեկտեղ Վիկտորյան երբեք չի մոռանում ընտանիքի մասին: «Մենք կարող ենք օրերով Դեւիդի հետ տանը մնալ, հեռուստացույց նայել, երեխաների հետ զբաղվել: Եվ հավատացեք' դա ինձ գերագույն հաճույք է պարգևում»:

Այս զույգի հետ կապված հետաքրքիր է ամեն ինչ, նրանք ամեն ինչին յուրահատուկ մոտեցում են ցուցաբերում: Ինչպես, օրինակ, նրանց 4 երեխաների անունները: Ով կարող էր իր երեխակի անունը դնել այն քաղաքի անունը, որտեղ նրանք «ստեղծել են» փոքրիկին' Բրուկլին, երկրորդ տղայի անունը դնել Ռոմեո, որը նույնպես հիշեցնում է երեխայի ծննդյան վայրը' Անգլիան: Իմիջայլոց, այս փոքրիկը ճանաչվել է ամենաոճային ջենթլմեն և իր հայրիկին զիջել է ընդամենը 5 հորիզոնականով: Վիկտորյան իսկապես ջանք չի խնայում իր երեխաներին օրիգինալ և բարձրաճաշակ ոճ հաղորդելու համար: Երրորդ տղայի անունը զույգը դնում է Կրուզ' ի պատիվ ընտանիքի մտերիմ ընկերոջ' Թոմ Կրուզի, իսկ իրենց միակ աղջկա անունը զույգը որոշում է դնել Հարփեր Սեւեն, որի երկրորդ մասը խորհրդանշում է այն թիվը, որի տակ խաղացել է Բեքհեմն Անգլիայի հավաքականում: «Չեմ սիրում լինել ձանձրալի: Անգամ երեխաների հետ գնումների գնալիս ես միայն խնամված եմ տնից դուրս գալիս և փորձում որևէ օրիգինալ բան փորձարկել ինձ վրա: Հետաքրքիր է տեսնել մամուլի անդրադարձը այնպիսի մանրուքներին, ինչպիսին իմ մազի բրոշն է կամ թևնոցը»:

2004թ. Վիկտորյայի համար մղձավանջներով լի տարի էր: «Ես ուզում եմ իմ կյանքից հեռացնեմ այդ մեկ տարվա հիշողությունները»: Թերթերում հայտնվում էին լուրեր Դեւիդի դավաճանության մասին: Լրատվամիջոցներն այն ամենամեծ սկանդալն էին համարում արքայադուստր Դիանայի մահից հետո: Կարծես դա քիչ էր, հայտնվում է մի ավստրալուհի մոդել և նույնպես պատմում իր և Դեւիդի կապի մասին: Վիկտորյան մնաց իր ամուսնու կողքին, իսկ ավելի ուշ մեկնաբանեց. «Չեմ խաբի, դրանք շատ ծանր ժամանակներ էին: Այն ազդեց մեր ամբողջ ընտանիքի վրա: Բայց ես հասկացա, որ շատ մարդիկ են գնվում: Մենք սիրում ենք իրար, մեր ընտանիքն ամուր հիմքի վրա է»: Իսկ Դեւիդն իր հերթին ասաց. «Իմ ընտանիքը հիմնված է երեք կետերի վրա' ֆուտբոլը, կինս, երեխաներս»:

2006թ. մայիսին Դեւիդը որոշում է անակնկալ մատուցել կնոջը: Նա վերադառնում է մարզումներից տուն, Վիկտորյային վերցնում և դուրս գալիս տնից: «Ես ամբողջ ճանապարհին հարցնում էի' գուցե պետք է շպարվեի, կամ գոնե թողնեիր հագուստս փոխեի, բայց նա շարունակ ասում էր,որ ոչինչ պետք չէ, որ ամեն ինչ անակնկալ է լինելու: Մենք նստեցին Լոնդոն թռչող ինքնաթիռ: Երբ իջանք Լոնդոնում, Դեւիդն ինձ ուղեկցեց հենց օդնավակայանի սպասատեղին, որտեղ ամեն ինչ գեղեցիկ սարքած էր և հանկարծ ներս մտան մեր ընկերները, ծնողները և այն քահանան, որն ամուսնացրել էր մեզ 6 տարի առաջ: Ես ու Դեւիդն ամուսնացած ենք երկու անգամ. տարօրինակ զգացում է»: Զույգը նորից ամուսնանում է: Եվ, ի պատիվ երկրորդ ամուսնության, երկուսն էլ դաջում են իրենց վրա. «Ես հավետ իմ սիրելիինն եմ, իսկ նա' հավետ իմը»:

Բոլոր կանանց համար հիանալի օրինակ է Վիկտորյա Բեքհեմը, ով աշխատում է անսահման նվիրվածությամբ, թելադրում է իր նորաձևությունը, ստեղծում անհատական ոճ, պահում է 4 երեխայի և ինքնուրույն (նա է երեխաներին հագցնում, կերակրում, տանում դպրոց և մի քանի խմբակների), սիրում է ամուսնուն անմնացորդ, ներում նրան նույնիսկ շատերի համար աններելին, պահում ընտանիքն ամեն ինչից, բամբասանքներից, չար աչքերից հեռու և այդ ամենի հետ մեկտեղ միշտ հաճելի և սպասված ընկերների միջավայրում, հասցնում է լինել ամենուր և ներկայանալ լավագույնս:

Եվ այս ամենի հետ մեկտեղ Վիկտորյան աշխատում է միշտ զերծ մնալ ամեն տեսակի սկանդալներից, աղմկոտ երեկույթներից: Դե ինչ, իսկական լեդիի օրինակ:

Ես առանձնապես գեղեցկուհի չեմ և ինձնից մեծ ջանքեր է պահանջվում նորաձևության ոլորտում լինելը, իսկ այ Դեւիդը բնությունից տաղանդավոր է և գեղեցիկ: Նրան նայելիս ես մտածում եմ. «Միայն թե ես էլ քեզ նման լինեի»:

Երբ ես բարձրակրունկով չեմ, չեմ կարողանում կենտրոնանալ: Մի բան պակասում է հաստատ:


Կարևոր է միշտ ներդաշնակ լինել ինքդ քեզ հետ: Նորաձևությունը հաստատուն չէ, իսկ քո զգացողությունը, ներքին ճաշակը կօգնեն քեզ գտնել քո նորաձևությունը:

Ամուսնու հարցում իմ բախտը բերել է: Նա հիանալի հայր է, լավ ընկեր և աննկարագրելի հոգատար ամուսին:

Ի տարբերություն ինձ, Դեւիդի տեսքը միշտ հիանալի է' անգամ առավոտյան: Նա երբեք առավոտյան անտանելի տեսք չի ունենում:

Ես թքած ունեմ, թե ինչ են իմ մասին մտածում: Ես երջանիկ եմ առանց որևէ մեկի կարծիքի:

Երբ ես չեմ աշխատում, գնում եմ դպրոց և օգնում եմ սեղան պատրաստել երեխաների համար: Դա նրանց համար իսկական տոն է դառնում:

Կինը կին է, երբ նրա կողքին կա տղամարդ:

 

Նելլի Ղարիբյան

Դիտվել է 9804 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Լքել է ընտանիքը երեխաների հետ. ցնցող մանրամասներ սիամական երկվորյակներ Հենսելի ամուսնու մասին

03.04.2024
Ջոշուա Բոուլինգի նախկին կինը հայրության ճանաչման հայց է ներկայացրել։ Միևնույն ժամանակ, տղամարդու դուստրը շատ ժամանակ է անցկացնում նրա նոր ընտանիքի հետ։

Հայտնի է աշխարհի ամենագեղեցիկ ամուսնացած կնոջ անունը

22.03.2024
Ռուս կինը ճանաչվել է մոլորակի ամենագեղեցիկ ամուսնացած կին:

Հայտնի են Մեսրոպ Մաշտոցի անվան «Ուսուցիչը» մրցանակաբաշխության հաղթողները

23.01.2024
«Ուսուցիչը» մրցանակաբաշխության առաքելություն էր՝ բացահայտել տաղանդավոր ուսուցիչներին, աջակցել նրանց ստեղծագործական և արդյունավետ աշխատանքին, խրախուսել ու մոտիվացնել։

Դուբայի միլիարդատիրոջ կինն իր վրա օրական 216 հազար դոլար է ծախսում. ո՞վ է նա

18.10.2023
Թխահերը ծախսելիս չի խնայում՝ միայն ռեստորանում շոկոլադի վրա կարող է ծախսել ավելի քան 7 հազար դոլար։

Սինդի Քրոուֆորդը պատմել է, թե ինչու է փլուզվել իր ամուսնությունը Ռիչարդ Գիրի հետ

28.09.2023
Սինդի Քրոուֆորդը Ռիչարդ Գիրի հետ գաղտնի ամուսնացել է Լաս Վեգասում 1991 թվականի դեկտեմբերին, երբ դերասանը 42 տարեկան էր, իսկ երիտասարդ մոդելը՝ 25:

Ոճի 10 դաս Ջորջիո Արմանիից

06.09.2023
Ջորջիո Արմանին աշխարհի ամենաազդեցիկ մոդելավորողներից մեկն է։ Նա ստեղծեց այն ոճը, որը մենք օգտագործում ենք՝ նույնիսկ չմտածելով, որ նախկինում այն այլ է եղել։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
27-04-2024 11:32
Արևածաղիկը, կարագը, գետնանուշի կարագը, պարմեզանը, մակադամիան, կոկոսի յուղը, քունջութը և ձողաձկան լյարդը հարուստ են ճարպերով, ինչը նրանց շատ կալորիական է դարձնում: Այնուամենայնիվ, դրանք պարունակում են կյանքի համար անհրաժեշտ բազմաթիվ միկրո և մակրո տարրեր: Հետևաբար, ըստ մասնագետների՝ դրանք բացառելու կարիք չկա, գլխավորը միջոցը պահպանելն է, քանի որ չափաբաժինը որոշում է՝ արտադրանքը կլինի «դեղամիջո՞ց», թե՞ «թույն»։
27-04-2024 11:07
Ամուսնուն/կնոջը դավաճանելը ոմանց համար մղձավանջային սցենար է: Սակայն հայտնի նյարդավիրաբույժն ասում է, որ դուք կարող եք հանգիստ լինել՝ իմանալով, որ նման երազները չեն նշանակում, որ ձեր հարաբերությունները վտանգված են: Իր «This Is Why You Dream» գրքում բժիշկ Ռահուլ Ջանդիալը գրում է, որ նման սեքսուալ երազները զարմանալիորեն տարածված են եւ չեն վկայում ձեր զուգընկերոջը դավաճանելու ցանկության մասին:
27-04-2024 05:29
Իրանում կանանց արգելել են այցելել մարզադաշտերից մեկը: Յադեգար-է Էմամ մարզադաշտը փակ է կանանց համար, քանի դեռ այնտեղ ենթակառուցվածքները «բարելավված չեն»:
26-04-2024 08:16
Լույսի ավելի բարձր մակարդակի ազդեցությունը կարող է օգնել մարդկանց ավելի զգոն զգալ և բարելավել մտավոր աշխատանքը: Ըստ Բելգիայի Լիեժի համալսարանի գիտնականների՝ այս ազդեցությունները հիմնականում կախված են ցանցաթաղանթի լուսազգայուն բջիջների ենթադասից, որոնք կոչվում են ipRCG: Այս բջիջները թափանցում են ուղեղի մի քանի հատվածներ, ներառյալ հիպոթալամուսը, որը կապված է ցիրկադային ռիթմի, քնի և ուշադրության կարգավորման հետ:
26-04-2024 08:13
Շվեդիայի արքայադուստր Վիկտորիան աշնանը բանակային պատրաստություն կանցնի, որն անհրաժեշտ է սպայական կոչման համար։ 46-ամյա Վիկտորյայի մարզումը նրա՝ գահին բարձրանալու նախապատրաստության մի մասն է լինելու:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2024 թ․

02.04.2024
Ապրիլը մեզ շատ վառ հույզեր ու իրադարձություններ է նախապատրաստել։ Ի՞նչ է սպասվում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի, կիմանաք՝ ծանոթանալով 2024 թվականի ապրիլի աստղագուշակին։

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
22.04.2024
Դիտվել է 862 անգամ
23.04.2024
Դիտվել է 237 անգամ
25.04.2024
Դիտվել է 206 անգամ
26.04.2024
Դիտվել է 170 անգամ
27.04.2024
Դիտվել է 138 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster