Կյանքում, ինչպես շախմատի տախտակի առաջ
26.06.2012
Ոչ ոք չի կարողանա մեզ ցավ պատճառել, եթե սովորենք բացասական փորձը վերածել դրական փորձառության: Լավի ու վատի ընկալումներում, ինչպես շատ հարցերում, մեզ համար ցուցիչ են դառնում ուրիշների՝ ընդունված պատկերացումներն ու զգացողությունները, իսկ դրանք շատ դեպքերում հասցված են այնպիսի ստանդարտացման, որ հարյուրավոր մարդիկ նույն ապրումներն են ունենում միեւնույն իրադարձությունից: Իսկ դա նշանակում է, որ շատ հեշտ կառավարելիս ես. եթե ուզեն՝ լավ լինի քեզ համար, կլինի այդպես, եթե մեկի մտքով անցնի ցավ պատճառել քեզ, կցավի…
Եթե մեկը պիտի կառավարի քեզ, ավելի լավ է՝ այդ մեկը լինես ինքդ: Ազդակ-պատասխան շղթայում, երբ հուզական, զգացական ապրումները փակում են ճանապարհը, օգտակար է ինքդ քեզ պատկերացնել շախմատի տախտակի առաջ: Դեպքը ընկալել որպես քայլ, որին պիտի տալ պատասխան, եւ ոչ թե նստել ու տառապել, որ քայլ է արվել :) Ընդ որում, պատասխան քայլն այնպիսին պիտի լինի, որ «քո խաղից» լինի, քո հաղթանակի քայլերից: Նման մոտեցման դեպքում հասկանում ես, որ մեծ ցանկության եւ անհրաժեշտության դեպքում կարելի է տեսնել սուբյեկտիվ քայլերից ձեւավորվող օբյեկտիվ իրականությունը ու չտառապել, անել քայլ…
Իսկ եթե հույզերը մի կողմ դնել չի հաջողվում, էլի շատ լավ. այդ դեպքում ինչու ընտրել հոռետեսությունը, եթե կարելի է լինել, ասենք, ցինիկ օպտիմիստ եւ հավատալ, որ իրադարձությունները ցանկացած դասավորության դեպքում հենց մեր օգտին են: Որ ամեն վերջ սկիզբ է: Իսկ ՍԿԻԶԲՆ արդեն հետաքրքիր է:
Վերջինը մեռնող հույսը մեզ երբեմն ողջ կյանքում հիվանդապահ է դարձնում: Շատ դեպքերում պետք է թողնել, որ մեռնի հույսը, ու ապրել կենդանի կյանքով: Դիտվել է 4524 անգամ
|