Սինգապուր 2014. անակնկալները շարունակվում են
24.10.2014
Սինգապուրում շարունակվում է կանանց թենիսի այս տարվա վերջին խոշոր մրցաշարը` Սինգապուրի բաց առաջնությունը: Կայացել են խմբային փուլի երկրորդ տուրի հանդիպումները:
Սպիտակ խմբում երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց Մարիա Շարապովան: Այս անգամ նա զիջեց չեխ Պետրա Կվիտովային` 3-6, 2-6 հաշվով:
-Առաջին պարտությունից հետո ինձ մի փոքր անվստահ էի զգում: Այժմ ուրախ եմ, որ կարողացա հավաքել ուժերս, հաղթանակ տոնել, և ամեն ինչ կանեմ կիսաեզրափակչի ուղեգիր նվաճելու համար,- իր խոսքում նշել է Պետրան:
Այս խմբի մյուս խաղում Դանիան ներկայացնող Կարոլին Վոզնյացկին 7-5, 6-3 հաշվով հաղթանակ տարավ լեհ Ռադվանսկայի նկատմամբ:
Կարմիր խմբում ևս գրանցվեց խոշոր անակնկալ: Աշխարհի թիվ մեկ թենիսիստուհի Սերենա Ուիլիամսը իրեն ոչ վայել` 0-6, 2-6 հաշվով զիջեց ռումինուհի Սիմոնա Հալեպին: Չնայած այս փաստին, ամերիկուհի թենիսիստուհին 2014-ին ևս կճանաչվի տարվա լավագույնը, քանի որ միայն Շարապովան տեսականորեն կարող էր շրջանցել նրան, սակայն ինչպես նշեցինք, պարտվեց:
Խմբի մյուս հանդիպումն ավարտվեց սերբուհի Աննա Իվանովիչի հաղթանակով, ով առավելության հասավ կանադացի Բուշարի նկատմամբ:
Նորայր Զորյան
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 2933 անգամ
|