Նորմալ չէ, երբ ինչ-որ մեկին սիրում ես և չես խանդում. Հասմիկ Կարապետյան
20.02.2014
Ladynews.am-ի «Քո հարցը» հարցազրույցների շարքի հյուրն է երգչուհի Հասմիկ Կարապետյանը:
Անի- Հասմի´կ ջան, Ձեզ շատ եմ սիրում, շատ ուրախեմ, որ վերջապես գտաք Ձեր երկրորդ կեսին: Ե՞րբ ենք Ձեզ տեսնելու հարսի զգեստով:
-Շնորհակալ եմ սրտացավության համար, չեմ սիրում շատ խոսել իմ անձնական կյանքից. կարծում եմ՝ դա մարդու այն դաշտն է, որտեղ շատերը չպետք է կարողանան ներխուժել: Չեմ սիրում պլանավորել. կյանքն ու ճակատագիրը կորոշեն՝ ինչ է լինելու հետո: Երբեմն մենք շատ-շատ բաներում համոզված ենք լինում, բայց չի ստացվում, իսկ երբեմն էլ չենք սպասում, բայց ստացվում է: Խոստանում եմ՝ հենց հարսանեկան զգեստի պահը հասունանա, բոլորն էլ կիմանան:
Շողիկ Գալստյան -Իսկ Ձեր կյանքում ամենաանսպասելի ու միևնույն ժամանակ հաճելի իրադարձությունը ո՞րն է եղել:
-Իմ կյաքում այդպիսի պահեր շատ են եղել, բայց ամենաանսպասելին, հեքիաթայինն ու անհնարին թվացողը կատարվել է 2013թ-ին, երբ ես հանդիպեցի իմ ընտրյալին: Կարծում եմ՝ դա ճակատագիր էր. Իրարից այդքան հեռու գտնվող մարդիկ, որոնց հանդիպումն ուղղակի անհնարին էր թվում, հանդիպում են շատ պատահական ու անսպասելի:
Շողիկ Գալստյան -Ինչո՞ւ հեքիաթային և անհնարին թվացող:
-Ինչքան էլ կողքից ինձ ասել են՝ չեն հավատում սիրուն, չեն հավատում հեքիաթային զգացմունքներին, միևնույնն է՝ ես հավատացել եմ, ասել եմ՝ դուք մի հավատացեք, բայց ինձ չեք կարող արգելել հավատալ: Կարող եմ Ձեզ պատմել ամենահետաքրքիրը՝ ինչ Հասմիկ Կարապետյան երգչուհին եղել է, նկարս փակցված է եղել Շանթի սենյակի պատին, իսկ ժամանակի ընթացքում արդեն նրա մոտ ցանկություն է առաջացել ինձ ճանաչելու նաև որպես մարդ: Հիմա արժանացել եմ այն երջանկությանը, որի մասին միշտ երազել եմ:
Մերի -Որո՞նք են Ձեր սիրելի մուլտֆիլմերը, գրքերն ու հեղինակները:
-Մուլտֆիլմերից միշտ առանձնացրել եմ «Մոխրոտիկը», իսկ գրքերից ասեմ՝ հիմա ավելի կենտրոնացած եմ հոգեբանական գրականաության վրա. այդտեղ իմ հանգստությունն եմ գտնում:
Սոնա -Ի՞նչ է Ձեզ համար երաժշտությունը:
-Երաժշտությունն այն ոլորտն է, որտեղ դու կարող ես լիարժեք լիցքաթափվել, այն ինձ համար օդի նման ինչ-որ բան է, իսկ բեմն էլ՝ սրբավայր: Ինչ վերաբերում է իմ երաժշտությանն, ապա այն ինձ համար ինքնարտահայտում է, այսինքն՝ տեղեկատվությունը, զգացմունքները, որ կուտակվում են իմ մեջ, ես հանձնում եմ իմ լսարանին՝ երգերի տեսքով:
Շողիկ Գալստյան -Առօրյայում ի՞նչ երաժշտություն եք լսում:
-Ամեն ինչ կլսեմ բացի ռաբիսից. այն ինձ համար պարային է՝ նախատեսված ռեստորաններում ինչ-որ արարողությունների համար: Կարող եմ լսել Դեպ Հաուսից սկսած մինչև ֆիլմերի սաունթրեքեր, ջազ, վերջերս շատ ուշադրություն եմ դարձնում ռոք երաժշտությանը. ռոքի մեջ պայքար կա, իսկ ես այն մարդկանցից եմ, որ միշտ պայքարում է, և հենց դա է կյանքն ավելի հետաքրքիր դարձնում:
Տատթև -Երբ սիրում եք, ի՞նչն է փոխվում Ձեր կյանքում:
-Ես ներքուստ այնքան ինքնաբավ մարդ եմ՝ նույնիսկ կարող եմ առանց սիրո ապրել, այսինքն՝ ես չէի այդպես ընտրել, պարզապես չէի հանդիպում այն մարդուն, ում կսիրեի ու հավատով սպասում էի, երբ իմը կգա ու ինձ կգտնի: Տարիներ շարունակ ապրում էի առանց սիրո, բայց այդ բացը լրացնում էր երաժշտությունը, արվեստը, եթե չստեղծագործեի, շատ դժվար կլիներ: Բայց պետք է ասեմ՝ նախընտրում եմ ապրել սիրո մեջ:
Սոս -Ի՞նչ խենթ երազանքներ ունեք:
-Իմ բնույթով ես շատ խենթ եմ և իհարկե, ունեմ շատ խենթ երազանքներ, օրինակ՝ երազում եմ ունենալ զուգերգեր միջազգային աստղերի հետ:
Ալլա -Միշտ այնքան հանգիստ ու խաղաղ եք, իսկ ի՞նչը կարող է Ձեզ զայրացնել:
-Ես այնքան էլ հանգիստ ու խաղաղ չեմ, շատ զգացմունքային եմ: Պարզապես կարողանում եմ հմտորեն թաքցնել իմ բոլոր խնդիրները. ոչ ոք մեղավոր չէ դրանց համար՝ իմ կյանքն է: Ինքս միշտ աշխատում եմ լինել խաղաղ, ինքնաբավ և պոզիտիվ, որպեսզի մարդկանց չվանեմ իմ բացասական էներգիայով:
Նինա -Հասմի´կ, խանդո՞տ եք, խանդո՞ւմ եք Ձեր սիրելիին:
-Չեմ կարծում, թե աշխարհում կա մի կին կամ աղջիկ, ով իսկապես սիրում է և չի խանդում: Նորմալ չէ, երբ ինչ-որ մեկին սիրում ես և չես խանդում: Իհարկե, կան խանդի տարբեր աստիճաններ, չեմ ընդունում հիվանագին խանդը. դա առաջին հերթին վնասում է քեզ, քո սիրելիի աչքում ինքնագնահատականիդ անկմանը: Ես ոչ թե խանդոտ եմ, այլ ավելի շատ սեփականատեր. եթե ինչ-որ բան իմն է, ուրեմն իմն է: Այն կանանցից եմ, ովքեր իրենց տղամարդու համար կարող են լինել ամեն ինչ, հետևապես կպահանջեմ, որ նա գնահատի դա՝ իր երջանկությունը տեսնելով միայն ինձ հետ:
Վահե -Հասմի´կ, շատ գեղեցիկ եք և կանացի, ի՞նչ եք կարծում, ի՞նչն է խլում կնոջ կանացիությունը:
-Կնոջն ի ծնե տրված կանացիությունը ոչինչ չի կարող խլել. կարևոր չէ, թե տվյալ կինն ինչ ծանր փուլերով է անցել իր կյանքի ընթացքում, միևնույնն է նա այդ ժամանակ էլ է մնում կանացի: Իսկ առհասարակ կնոջ կանացիությունը կարող է խլել տղամարդը, խոսքս շատ վատ որակի տղամարդկանց մասին է, որոնք, ցավոք, կան մեր իրականության մեջ:
Շողիկ Գալստյան -Հասմի՛կ, ի՞նչ է Ձեզ օգնում հանգստանալ և թուլանալ:
-Փորձում եմ մնալ միայնակ… Ինձ շատ է օգնում բնությունը, ծովը և երաժշտությունը:
Շողիկ Գալստյան -Երջանիկ եք, որովհետև…
-Երջանիկ եմ, որովհետև առողջ եմ, ընտանիքս ինձ հետ է, սիրված եմ, զբաղվում եմ իմ սիրելի գործով, կարողանում եմ մարդկանց ուրախություն և երջանկություն պարգևել:
Պատրաստեց Շողիկ Գալստյանը
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 11810 անգամ
|