Փոքրիկ կինը, ով իր կյանքը չէր պատկերացնում առանց տղամարդկանց ու առանց սիրո, բայց և ումից բախտը միշտ խլում էր սիրելիներին, Լուի Լեպլեի կերտած «փոքրիկ Պիաֆը», ով հետո դարձավ մեծն Էդիտ Պիաֆ, Բելվիլի փողոցներից մեկի լուսատուի տակ ծնված ու ծանրագույն մանկություն ունեցած ֆրանսուհի Էդիտ Ջովաննա Գասիոնն էր:
Առաջին համաշխարհային պատերազմին մասնակցող նրա հայրը չափազանց ուշ իմացավ, որ կինը աղջնակին թողել է իր մոր մոտ, իսկ ինքը հեռացել անհայտ ուղղությամբ: Ու մինչ կարողացավ գտնել կնոջ մորը, փոքրիկ Էդիտը մի քանի ծանրագույն տարիներ ապրեց մայրական տատիկի' հասարակաց տուն պահող ու անտարբեր այդ կնոջ տանը: Ասում են' վերջինս փոքրիկին կաթի փոխարեն ալկոհոլ էր տալիս, որ նա քնի ու չխանգարի իրեն:
Վերջապես հայրը գտավ կորցրած դստերն, ու Էդիտի խնամքով սկսեց զբաղվել հայրական տատիկը' մի հավատով լի կին: Երբ լրացավ Էդիտի 3-ամյակը, պարզվեց, որ նա կուրանում է ու կերատիտ ունի: Տատիկը թոռանը տարավ Սրբ Թերեզայի տաճար' հուսալով, որ նա նորից կտեսնի: 1921 թվականի օգոստոսի 19-ին կատարած այդ ուղևորությունից ուղիղ 6 օր անց Էդիտի տեսողությունը վերականգնվեց: Ասում են' առաջին բանը, որ նա տեսավ, դաշնամուրն էր: Բայց նրա աչքերն այդպես էլ լույսով չողողվեցին: Էդիտին սիրահարված Ժան Կոկտոն հետագայում կբնորոշի այդ աչքերն իբրև ամեն բան տեսնող կույրի աչքեր:
Հետո, արդեն դպրոցահասակ Էդիտը սկսեց երգել փողոցներում: Ընտանիքը ստիպում էր, որ նա տուն փող տանի: Հարկադրանքներն աճում էին, ու շուտով Էդիտը, վերցնելով փոքր քրոջը, հեռացավ տնից:
17-ամյա Էդիտը ծանոթացավ սեփական խանութ ունեցող Լուի Դյուպոնի հետ և մեկ տարի անց նրանից աղջիկ ունեցավ, ում անունը Մարսել դրեցին: Զույգը շուտով բաժանվեց, աղջիկը մնաց մոր հետ, բայց մի օր Էդիտը տուն մտավ ու չգտավ Մարսելին: Լուին տարել էր նրան' հուսալով, որ կինը կվերադառնա իր մոտ: Այդ ժամանակ Եվրոպայում տարածվեց «իսպանուհի» կոչված դժվար բուժելի հիվանդությունը, որով նախ վարակվեց Մարսելը, ապա' Էդիտը: Ի տարբերություն մոր' աղջնակի կյանքը բժիշկներին չհաջողվեց փրկել: Էդիտը կորցրեց իր առաջին ու միակ երեխային:
Երբ լրացավ նրա 20-ամյակը, «Ժերնիս» կաբարեի տերը' Լուի Լեպլեն, պատահաբար նկատեց նրան փողոցում ու հրավիրեց իր մոտ երգելու: Հենց Լեպլենը տվեց նրան Պիաֆ անունը, որ նշանակում է «ճնճղուկ»:
«Փոքրիկ ճնճղուկը», ինչպես գիտեին նրան այն տարիներին, միանգամից շատ բարձր թռավ: Նրա ձայնը հնչում էր բոլոր ռադիոկայաններով: Բայց փառքի վայրկյաններն ավարտվեցին ողբերգությամբ: Լուի Լեպլեին սպանեցին, իսկ Պիաֆը դարձավ գլխավոր կասկածյալը, քանի որ պարզվեց, թե Լեպլենը նրան մի փոքրիկ գումար է կտակել: Թերթերը բավական ուռճացրին այս մեղադրանքը, որոշ լրագրողներ անգամ գնացին կաբարե' ցանկանալով կոպտորեն պատժել «մեղավորին»:
Ճնճղուկը, սակայն, նորից թռավ, այս անգամ' ավելի բարձր' շնորհիվ պոետ Ռայմոն Ասոյի տված թևերի: Ռայմոնը վերջնականապես պայմանավորեց Պիաֆի հետագա ուղին: Նա սովորեցրեց ոչ միայն երգարվեստի նրբությունները, այլև տարրական էթիկային առնչվող բաներ, որ չգիտեր մինչ այդ փողոցում երգող Էդիտը: Ռայմոնից Պիաֆը սովորեց վարվելակերպ, ճաշակ, նրա շնորհիվ ձևավորեց բոլորին հայտնի «պիաֆյան ոճը»:
Ռայմոնը հասավ նրան, որ Պիաֆը երգի փարիզյան ամենահայտնի բեմերից մեկում' «АВС»-ում: Այդ ելույթից հետո մամուլը գրեց. «Երեկ «АВС»-ի բեմին ծնվեց մի մեծ երգչուհի»:
Հետո սկսվեց երկրորդ համաշխարհաին պատերազմը: Էդիտը բաժանվեց Ռայմոնից ու շուտով ծանոթացավ ռեժիսոր Ժան Կոկտոյի հետ, խաղաց նրա մի քանի պիեսներում: Պատերազմի տարիներին նա անգամ գնաց ռազմաճակատ' երգելու զինվորների համար:
Լինելով արդեն ճանաչված երգչուհի' Պիաֆը ճանապարհ հարթեց բազմաթիվ երիտասարդ տաղանդների համար, որոնցից են Իվ Մոնտանն ու Շառլ Ազնավուրը:
Այդ ընթացքում նա կապ հաստատեց հայտնի բռնցքամարտիկ Մարսել Սերդանի հետ: Կա կարծիք, թե հենց նա է եղել Էդիտի միակ մեծ սերը, այն տղամարդը, ում ծանր բռունցքը մեկ հարվածով կարող էր խորտակել ցանկացածին, բաց այնքան քնքուշ էր Պիաֆի հետ. «Եթե տղամարդու ձեռքերը գեղեցիկ են, նրա ներսը չի կարող գեղեցիկ չլինել: Ձեռքերը չեն ստում, ինչպես դեմքը»,- մի առիթով ասել է Պիաֆը:
Նրանց սերն իրոք մեծ էր, և ծանր էին այն պահերը, երբ Պիաֆը համերգներով էր' մի, իսկ Մարսելը խաղերով էր մեկ այլ երկրում: Հենց նման բաժանումներից մեկից հետո նրանք այլևս չմիացան: Մարսելը ավիովթարի ենթարկվեց: Պիաֆի վիշտն անչափելի էր, նա սկսեց մորֆի օգտագործել. «Իմ կյանքը սկսվեց հրաշքով, երբ վերականգնվեց տեսողությունս: Դա տատիկիս հավատքի շնորհիվ էր, որ փոխանցվեց ինձ, ու ես էլ սկսեցի հավատքով ապրել, ինչը թույլ չտվեց երբևէ վախենալ մահից: Բայց եկավ մի էտապ, երբ միակ սիրելիիս կորցրեցի ու սկսեցի ինքս իմ մահը կանչել: Կորցրեցի հույսս, ինձ հավատքը փրկեց»:
Նա ուժ գտավ ու կրկին վերադարձավ մեծ բեմ: 46 տարեկան Պիաֆի մոտ հայտնաբերեցին քաղցկեղ: Իմանալով մոտալուտ մահվան մասին' նա, միևնույնն է, սիրահարվեց: «Երբ ես չեմ մեռնում սիրուց, երբ չկա մի բան, որից մեռնեմ, հենց այդ ժամանակ է, որ պատրաստ եմ շունչս փչել»,- ասաց Էդիտ Պիաֆը ու իր 47 տարիները կապեց 27-ամյա հույն վարսավիր Թեոյի հետ:
Փորձեց բեմ բարձրացնել նրան: Անգամ մականուն մտածեց' Սարապո (հունարենից թարգմանվում է.«Ես քեզ շատ եմ սիրում»):
Բոլոր պլանները, սակայն, անավարտ մնացին: 1963 թվականի հոկտեմբերի 10-ին Էդիտ Պիաֆն էլ չկար: Սիրելի Սարապոն նրանից ընդամենը 7 տարի ավել ապրեց: Նա ավտովթարի զոհ դարձավ:
Հոկտեմբերի 11-ին Փարիզն իմացավ մեծ երգչուհու մահվան մասին: Նույն օրը մահացավ Ժան Կոկտոն: Ո՞վ գիտե, գուցե նա դեռ սիրում էր «անլույս աչքերով աստղին» ու չկարողացավ տանել նրա մահվան փաստը:
Ես պարզապես չեմ դիմանում, երբ տանը տղամարդ չկա: Դա ավելի վատ է, քան ապրելն առանց արևի լույսի, քանի որ արևին դեռ ինչ-որ տեղ էլեկտրականությունն է փոխարինում: Իսկ տունը, որի ինչ-որ անկյունում ընկած չեն տղամարդու գուլպաները, որի աթոռներից գոնե մեկին տղամարդու վերնաշապիկ չկա կախված կամ փողկապ… այրու տուն է ասես: Այն սպանում է ինձ:
Սիրո հրդեհից չես պաշտպանվի:
Տղամարդուն պետք է լքել, քանի դեռ նույնը չի մտածել ինքը:
Երբ սերը սառչում է, այն պետք կամ տաքացնել կամ դեն նետել: Դա այն մթերքը չէ, որ կարելի է հով պայմաններում պահել:
Ես չեմ երգում բոլորի համար: Ես երգում եմ յուրաքանչյուրի համար:
Անգամ հեռախոսահամարների գրքույկում գրված տողերը կարելի է երգել անպես, որ հանդիսատեսն արտասվի:
17-08-2026 10:45 Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը գլխավորել են այն երկրների ցանկը, որոնք անձնական այցից հետո ամենից հաճախ հաճելիորեն զարմացնում են ռուսաստանցի զբոսաշրջիկներին։ Այս մասին ասվում է «Купибилет» ծառայության հետազոտությունում: Ճանապարհորդներից, որոնք ուղևորությունից հետո երկրի մասին իրենց կարծիքը փոխել են դեպի լավը, 33%-ը ընտրել է Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը։ Սա բոլոր ուղղությունների մեջ ամենաբարձր ցուցանիշն է։ 2-րդ տեղում հայտնվել է Ռուսաստանը․ հարցվածների 24%-ը հայտարարել է, որ երկրի ներսում ուղևորություններն ավելի լավն են եղել, քան նրանց սկզբնական սպասումները։ 3-րդ տեղը զբաղեցրել են Ասիայի երկրները՝ Չինաստանը, Ճապոնիան, Թաիլանդը և Հարավային Կորեան, որոնք դրականորեն զարմացրել են հարցվածների 18%-ին։
17-08-2026 10:24 Մեծ Բրիտանիայի ամենամեծ պաշտոնական Harry Potter խանութը կբացվի Լոնդոնում նոյեմբերի 4-ին՝ Օքսֆորդ սթրիթում: Ֆլագմանական խանութը կտեղակայվի The Ribbon համալիրում՝ Oxford Street 134–140 հասցեում, և կզբաղեցնի ավելի քան 21 հազար քառակուսի ֆուտ (մոտ 1 950 քառ. մ) տարածք՝ երկու հարկերում, գրում է Independent-ը։ Սա կլինի Մեծ Բրիտանիայում Harry Potter-ի երկրորդ պաշտոնական խանութը՝ Քինգս Քրոսի կայարանում գտնվող կետից հետո։
17-08-2026 09:30 Բրազիլացի փաստաբան և բլոգեր Թայանե Դալասենը, Բրազիլիայի ափերի մոտ շնաձկների հետ սուզվելու ժամանակ, ոտքի շրջանում ուժեղ ճնշում է զգացել, հայտնում է BBC News-ը։ Ավելի քան երկու մետր երկարությամբ շնաձուկը կծել է նրա ազդրը և մի քանի վայրկյան պահել ջրի տակ։ Կնոջը հաջողվել է դուրս գալ, սակայն ոտքի վրա մնացել են խորը կտրվածքներ։
17-08-2026 06:54 Կյանքից հեռացել է ամերիկացի դերասանուհի Հեյդեն Պանետյերը: «Հերոսներ» հայտնի սերիալի աստղն ընդամենը 36 տարեկան էր: Daily Mail-ի տվյալներով՝ դերասանուհուց հետո մնացել է 11-ամյա դուստրը՝ Կայա Եվդոկիան: Հեյդեն Պանետյերը երեխային ունեցել է հայտնի բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոյի հետ հարաբերությունների ժամանակ:
17-08-2026 01:59 Էլիզաբեթ Օլսենը, ըստ երևույթին, առաջին անգամ մայր է դարձել: 37-ամյա աստղին նկատել են Լոս Անջելեսում՝ ամուսնու՝ Ռոբի Արնեթի և նորածին երեխայի հետ զբոսանքի ժամանակ: Երեխային դերասանուհին կրում էր կրծքին ամրացված սպիտակ մանկական փոխադրամիջոցով: