Flippy Bob. թրենդային սանրվածք, որը պաշտում են Քարդաշյանները, Բիբերը և Հադիդը
25.12.2024
Եթե ցանկանում եք ոճային և ժամանակակից տեսք ունենալ՝ առանց ժամեր ծախսելու, ապա շրջված բոբը հենց այն է, ինչը ձեզ հարկավոր է: Նրբագեղ, հեշտ և աներևակայելի տպավորիչ:
2024 թվականի կեսին հանրաճանաչության գագաթնակետին հայտնվեց նոր սանրվածք՝ Flippy Bob–ը՝ «շրջված բոբը»։ Եվ կրկին՝ նոստալգիայի շնորհիվ: Ինչպես նկատել եք, այսօր շատ նորաձև է անցյալի իրերը, աքսեսուարներն ու գեղեցկության տեխնիկան հիշելը և ժամանակակից կերպարների մեջ նորովի կիրառելը: Բայց եթե մինչ այս մենք ամենից հաճախ դիմում էինք 70-ականներին, 80-ականներին և 2000-ականներին, ապա այս սանրվածքը մեզ հետ է տանում 90-ականների մթնոլորտ, երբ թեթև, մի փոքր կորոցված մազափունջը՝ համակցված «հարթ բոբի» հետ, ստեղծում էին յուրահատուկ հմայք։
Այսօր այս թրենդը կրկին ուշադրության կենտրոնում է։ Իսկ այն նորաձևության Օլիմպոս վերադարձրին աստղերը՝ Սելենա Գոմեսը, Քիմ և Քորթնի Քարդաշյանները, Լաուրա Հարիերը, Ջիջի Հադիդը, Հեյլի Բիբերը և շատ այլ հոլիվուդյան գեղեցկուհիներ։
Ի՞նչն է Flippy Bob-ին դարձնում առանձնահատուկ: Առաջին հերթին, դա խաղ է մազափնջի հետ: Սանրվածքը ոչ միայն ուղիղ է և հարթ, այլև ծայրերում ունի թեթև շրջադարձ, որը մազերին հաղորդում է ծավալ և շարժում: Փափուկ, կոր գծերը ոչ միայն ընդգծում են մազերի բնականությունը, այլև ստեղծում շարժման զգացողություն: Դրա շնորհիվ սանրվածքը թարմ, թեթև և ուրախ տեսք ունի՝ առանց ավելորդ խստության։
Բացի այդ, «շրջված բոբը» իդեալական ընտրություն է նրանց համար, ովքեր ցանկանում են ընդգծել իրենց անհատականությունը՝ առանց ավելորդ քաշքշուկների և հայելու առջև երկար ժամերի՝ ոճավորող սարքերով: Այն հիանալի է միջին և կարճ երկարության մազերի համար ու հիանալի տեսք ունի ինչպես ուղիղ, այնպես էլ մի փոքր ալիքավոր մազերի վրա: Այս սանրվածքով դուք չպետք է անհանգստանաք ամենօրյա ոճավորման անհրաժեշտության մասին. պարզապես մի փոքր չորացրեք ձեր մազերը կլոր խոզանակով վարսահարդարիչով, և ձեր կերպարը պատրաստ է:
Ի դեպ, Flippy Bob թրենդը համահունչ է բնականության և պարզության ընդհանուր միտումին: Հոլիվուդյան խիտ գանգուրների նորաձևությունը գնալով մարում է՝ իր տեղը զիջելով ցանկացած առիթի հարմարվող հեշտ, խնամված սանրվածքներին:
Ամենից հաճախ այս բոբի ծայրերն այժմ ուղղում են դեպի դուրս՝ թեքությամբ արված բաժանման գծով: Բայց ուշադրության արժանի է նաև ականջների ետևում դրված մազափունջը, ինչպես Քիմն է հաճախ անում:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 1033 անգամ
Читать на русском
|