Հղիությունը զույգի կյանքում կարևոր փուլ է. ինչպես պատրաստվել այդ նշանակալի իրադարձությանը
09.02.2022
Տարեցտարի ավելի ու ավելի շատ կանայք և տղամարդիկ են բախվում վերարտադրողական ֆունկցիայի խանգարումների խնդրին։ Վերջին հինգ տարվա ընթացքում իգական սեռի բնակչության շրջանում «անպտղություն» ախտորոշմամբ գրանցված հիվանդների թիվն աճել է գրեթե 19%-ով, իսկ տղամարդկանցը` մոտ 22%-ով։
Անպտղություն համարվում է այն իրողությունը, երբ կինը մեկ տարի շարունակ չի հղիանում՝ կանոնավոր սեռական հարաբերությունի և հակաբեղմնավորման որևէ մեթոդի չկիրառման պարագայում:
Ըստ գինեկոլոգ-էնդոկրինոլոգ Ելենա Գևորկովայի՝ մեկ տարին պայմանական շրջան է, քանի որ շատ բան կախված է զույգի անհատական տվյալներից, տարիքից, սեռական հարաբերության հաճախականությունից և այլն, իսկ որոշ զույգերի լիակատար ֆիզիոլոգիական հղիության համար հարկավոր է ոչ թե ուղիղ 12 ամիս, այլ մի փոքր ավելի։
Անդրադառնալով անպտղության տեսակներին՝ Ելենա Գևորկովան նշում է, որ այն կարող է լինել առաջնային, եթե կինը երբեք հղիություն չի ունեցել, և երկրորդային․ այս դեպքում առնվազն մեկ հղիության փաստ արձանագրվել է՝ անկախ դրա ելքից (ծննդաբերություն, վիժում, աբորտ, արտաարգանդային):
Եթե կինն առողջ է, իսկ տղամարդու մոտ հաստատել են սպերմոգրաֆիայի պաթոլոգիական փոփոխություններ, ապա անպտուղ ամուսնության պատճառ համարվում է արական գործոնը։ Այն դեպքում, երբ սպերմոգրաֆիան նորմալ է, իսկ խնդիրներ ունի կինը, ապա նման անպտղությունը դիտարկվում է որպես կանացի։
«Անպտուղ ամուսնության» պարագայում կարող են լինել մի քանի ախտորոշումներ և՛ տղամարդու, և՛ կնոջ մոտ՝ սա համակցված անպտղությունն է։
Եթե հղիություն չի լինում զուգընկերների անհամատեղելիության պատճառով (արգանդի վզիկի կամ հյուսվածքի), ապա այս իրավիճակը համարվում է անպտղության առանձնահատուկ ձև:
Այն դեպքերը, որոնց պատճառը մնում է չբացահայտված, կոչվում են իդիոպաթիկ կամ անհայտ ծագումամբ անպտղություն:
Հղիությունը զույգի կյանքում կարևոր փուլ է և, Ելենա Գևորկովայի խոսքով՝ հարկավոր է պատրաստվել այդ նշանակալի իրադարձությանը: Հղիությունից առաջ, պլանավորման ժամանակ գինեկոլոգի խորհրդատվության դիմելը լավագույն որոշումն է: Բժշկին այցը կօգնի որոշել անհատական ալգորիթմը, հասկանալ, թե ինչպիսի հետազոտություններ պետք է անցնել և թեստեր հանձնել:
Դա կախված է ծնողների տարիքից, առողջական վիճակից, ապրելակերպից, սննդային սովորություններից և այլն։ Եթե նախկինում եղել են հղիության անհաջող ելքերի, հղիության կամ ծննդաբերության տարբեր բարդությունների, վարակիչ և բորբոքային պրոցեսների, արգանդի, էնդոմետրիումի, ձվարանների ցանկացած պաթոլոգիա և այլն, ապա հետազոտության սխեման կընդլայնվի՝ հաշվի առնելով այս տվյալները։
Ելենա Գևորկովայի հաղորդմամբ՝ գիտակից ապագա ծնողների մոտ շատ հարցեր են ծագում, որոնցից մի քանիսի պատասխաններին անդրադառնում է գինեկոլոգ-էնդոկրինոլոգը․
- Տարվա ո՞ր ժամանակն է հղիանալու լավագույն ժամանակը:
- Ցանկացած։
- Ինչպե՞ս պլանավորել ապագա երեխայի սեռը։
- Ոչ մի կերպ։
- Ո՞րն է բեղմնավորման լավագույն դիրքը:
- Ցանկացածը:
- Հնարավո՞ր է պլանավորման ժամանակահատվածում թռնել ինքնաթիռով։
- Նաև՝ ուղղաթիռով, պարապլաներով, դելտապլանով․․․
- Կարելի՞ է սթրեսից ազատվելու համար մի քիչ ծխել և խմել որակյալ գինի կամ թանկարժեք սիգարեթներ։
-Ոչ
- Արդյոք անհրաժե՞շտ է թողնել աշխատանքը, եթե աղջիկն աշխատում է, ասենք, որպես բորտուղեկցորդուհի, մատնահարդար, ասֆալտագործ:
- Ցանկացած աշխատանք պետք է փոխել, եթե այն ֆիզիկապես դժվար է և հոգեբանորեն անտանելի։ Իսկ սպասվող հղիությունը դրա հետ կապ չունի։
Հղիության պլանավորումը (նախաբեղմնավորման նախապատրաստում) կանխարգելիչ միջոցառումների ամբողջություն է, որն ուղղված է հղիության, ծննդաբերության բարդությունների ռիսկի նվազեցմանը և առողջ երեխա ունենալու հնարավորությունների մեծացմանը: Ահա թե ինչպիսի սահմանում է տալիս Առողջապահության նախարարությունը։ «Ամեն ինչ ճիշտ է ասված,-համաձայնվում է Ելենա Գևորկովան։ -Որքան լավ է նախապատրաստումը, այնքան հեշտ և ուրախալի է հղիությունը»։
Աղբյուր՝ LADYNEWS.am Դիտվել է 3459 անգամ
Читать на русском
|