|
«Շրթունքներ»-ը` ֆոտոխցիկների ուղեկցությամբ
01.10.2017
Հոկտեմբերի 1-ին Երևանի Ֆոտո-սրճարանի սրահում բացվեց լուսանկարչուհի Մերի Սելումյանի աշխատանքների ցուցահանդեսը, որտեղ ներկայացված է նրա «Շրթունքներ» շարքը:
Վերջինս երևանյան արվեստասերների համար ցուցադրվում է արդեն երրորդ անգամ և, լուսանկարչուհու խոսքով` այս յուրահատուկ է նրանով, որ մատուցվում է տարբեր ժամանակների ու մոդելների ֆոտոխցիկների զուգակցությամբ:

«Ինչպես ամեն լուսանկարչական խցիկ իր մեջ կրում է ուրույն մի պատմություն, կյանքի բազմաթիվ անմոռանալի դրվագների հիշողություն, այնպես էլ յուրաքանչյուր շրթունք առանձին մի էության արտահայտությունն է՝ ներկայացնելով ամենատարբեր իրավիճակներ ու հուզական նկարագրություն»,-նշեց Մերի Սելումյանը:

Լուսանկարչուհու խոսքով՝ սրահի ընտրությունն էլ պատահական չէ. խնդիր կա աշխուժացնելու հետաքրքրությունը լուսանկարչական արվեսի նկատմամբ, համախմբելու մասնագետներին ու ֆոտոսիրողներին, ձևավորելու բարձրակարգ ֆոտոարտադրանք, իսկ արվեստասերների մոտ՝ համապատասխան ճաշակ:

Ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են Մերի Սելումյանի շուրջ երեք տասնյակ աշխատանք, Սայաթ Նովա-3 հասցեում կգործի մինչև հոկտեմբերի 10-ը:

Անուշ Ավանյան
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 4254 անգամ
|