Մեկնարկել է բասկետբոլի աշխարհի առաջնությունը
28.09.2014
Թուրքիայում մեկնարկել է կանանց բասկետբոլի աշխարհի առաջնությունը: Մասնակից հավաքականները վիճակահանության արդյունքում բաժանվել են չորս խմբի:
«Մահվան խումբը» ձևավորել են Չեխիայի, Իսպանիայի, Բրազիլիայի և Ճապոնիայի հավաքականները:
Երեկ կայացան առաջին տուրի հանդիպումները: A խմբում իսպանուհիները սպասված հաղթանակ տարան ճապոնացիների նկատմամբ` 74-50 հաշվով: Խմբի մյուս խաղում չեխ մարզուհիները 68-55 հաշվով կամային հաղթանակով ավարտեցին հանդիպումը բրազիլուհիների հետ մրցավեճում:
B խմբում կանադացիները 69-54 հաշվով հեշտությամբ առավելության հասան Մոզամբիկը ներկայացնող ընտրանու նկատմամբ: Առաջնության առաջին անակնկալը գրանցվեց խմբի մյուս խաղում, ուր մրցաշարը հյուրընկալող թրքուհիներն անսպասելի` երկու միավորի տարբերությամբ առավելության հասան ֆրանսուհիների նկատմամբ:
C խմբում Ավստրալիայի հավաքականը հաղթեց Կուբայի, իսկ Բելառուսի հավաքականը` Կորեայի թիմին` համապատասխանաբար 90-57 և 70-64 հաշվով:
Եվ վերջապես D խմբում մրցաշարի գլխավոր ֆավորիտ ամերիկուհիները 87-56 հաշվով հաղթեցին չինուհիներին, իսկ Սերբիայից ժամանած բասկետբոլիստուհիները (որոնց թվում է նաև Երևանի «Հատիսի» նախկին անդամ Միլիցա Դաբովիչը) ջախջախեցին Անգոլայի հավաքականին հաղթելով նրանց 60 միավորի տարբերությամբ` 102-42:
Նորայր Զորյան
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 3481 անգամ
|