Լոնդոնում կանգնեցվել է Էմի Վայնհաուսի արձանը
17.09.2014
Լոնդոնի Կեմդեն-Թաուն շրջանում կանգնեցվել է Էմի Վայնհաուսի արձանը: Միջոցառումը նվիրվել է երգչուհու տարեդարձին. սեպտեմբերի 14-ին նա կբոլորեր իր 31 տարին:
Բնական չափերով արձանը ճշգրտորեն կրկնում է աստղի արտաքին տեսքը, այդ թվում՝ նրա ֆիրմային սանրվածքը:
Բացման հանդիսությանը ներկա են եղել Վայնհաուսի ծնողները, ովքեր տարբեր դիրքերով լուսանկարվել են արձանի հետ` ժամանակ առ ժամանակ չկարողանալով զսպել արցունքները: Հուշարձանի ստեղծմանը մասնակցել են ոչ միայն քանդակագործ Սքոթ Իթոնը, այլ նաև Էմիի ծնողները, ընկերները, եղբայրը: Նրանք հույս ունեն, որ քանդակը կշեղի երկրպագուների ուշադրությունն այն տնից, որտեղ ապրել է երգչուհին:
Նշենք, որ արձանի վրա տեղեկություն կա, թե ինչպես կարելի է հանգանակություններ անել այն հիմնադրամին, որը ստեղծվել է Էմիի մահից հետո և կոչված է սատարելու կածվածություններ ունեցող երիտասարդներին:
Ըստ օրենքի` քաղաքի այդ շրջանում չի թույլատրվում հուշարձաններ կանգնեցնել այն մարդկանց պատվին, որոց մահվանից դեռևս քսան տարի չի անցել: Սակայն Վայնհաուսի համար բացառություն է արվել:
Հիշեցնենք, որ Էմի Վայնհաուսը 2011 թվականի հուլիսի 23-ին մահացած գտնվել էր լոնդոնյան իր բնակարանում: Մահվան պատճառ նշվում է սրտի կաթվածը` ալկոհոլային թունավորմամբ պայմանավորված:
Աղբյուր` LADYNEWS.am
Դիտվել է 4358 անգամ
Читать на русском
|