Շախ և մատ. սևն ու սպիտակը կիշխեն այս սեզոն
23.03.2012
Այս երկու գույներն ունեն հավատարիմ սիրահարների մեծ բանակ: Իսկ ո՞ւմ մտքով ժամանակ առ ժամանակ չեն անցնում դրանք, երբ, ասենք, այդպես էլ չես կողմնորոշվում՝ ինչ գույնի հագուստով ներկայանալ երեկույթին: 2012 թ. գարուն-ամառ սեզոնի համար շատ հայտնի մոդելավորողներ նախապատվությունը տալիս են սեւ եւ սպիտակ գույներին՝ հիշեցնելով, սակայն, որ դա պարզ, բայց ռիսկային ընտրություն է... Մոնոտոն կերպարից խուսափելու համար շատ նուրբ ընտրություն է պետք կատարել. ամեն բան պետք է մտածված լինի մինչեւ վերջ՝ իդեալական տեսք ունենալու համար:
Ներկայացնում ենք սեւուսպիտակի նորաձեւության սեզոնային հիմնական առաջարկները:
Սեւ ու սպիտակը՝ շերտերով
Եթե դպրոցական տարիներին միատոն հագուստը պարտադրված անհրաժեշտություն էր, ապա հիմա այն սեզոնի հիթն է: Կարող եք ընտրել, օրինակ, Carolina Herrera-ի առաջարկը՝ սեւ ու սպիտակը շերտավոր համադրությամբ: Հատկապես իրար հաջորդող ուղղահայաց շերտերը տեսողականորեն «շտկում» են Ձեր կառուցվածքը, ավելի ձիգ ցույց տալիս այն:
Սպիտակ վերնաշապիկ
Սպիտակ վերնաշապիկն ունի 2 անվիճելի առավելություն: Նախ՝ այն սազում է կանանց եւ աղջիկների բացարձակ մեծամասնությանը, հետո` տեղին է բոլոր իրավիճակներում: Օրվա ընթացքում համադրում ենք տաբատի հետ, երեկոյան ՝ կիսաշրջազգեստի, չէր խանգարի փոքրիկ դեկոլտե:
Հագուստ- պատյան
Այսպես կոչված հագուստ- պատյանները «փրկում» են մեզ երեկույթների, գործնական հանդիպումների, ժամադրությունների ժամանակ: Իսկ այսպիսի «մարտական ընկերոջից» հրաժարվելը շատ դժվար է: Եվս մեկ տենդենց. նորաձեւության գագաթնակետին են փոքրիկ սպիտակ զգեստները:
Ժանյակներ
Սև ու սպիտակ ժանյակներն այս սեզոն կգրավեն ամենահամարձակներին: Մոդելավորողները խորհուրդ են տալիս ուշադրությունը ոչ այնքան սևեռել գույնի, որքան նախշերի վրա. ինչքան մեծ եւ արտահայտիչ լինեն, այնքան ավելի գեղեցիկ:
Երեկոյան զգեստ
Երեկոյան զգեստ ընտրելիս շատ հեշտ է սխալվել ձևի և գույնի ընտրության հարցում: Այս սեզոն առանց երկար-բարակ մտածելու ընտրեք «սահող սպիտակ զգեստ»՝ 70-ականների շնչով, կամ էլեգանտ սև կոմբինիզոն: Նման ոճը «չի գոռում, այլ շշնջում» է: Դիտվել է 9337 անգամ
|