«Բյուրեղապակյա» եղունգներ
15.03.2012
Գեղեցիկ և խնամված եղունգներ ունենալու ցանկությունն անհավանական գաղափարների է մղում կանանց: Դժվար է գտնել մտահղացումներ, որոնք իրագործելի չեն լինի այդ մի քանի քառակուսի սանտիմետրանոց «տարածքում»: Ահա մանիկյուրի ամենահետաքրքիր տենդենցներից մեկը՝ «բյուրեղապակյա եղունգները»:
«Խորդուբորդ» ռելիեֆով արհեստական եղունգները (տիպսա) սոսնձով ամրացվում են բնական եղունգին, այնուհետև մշակվում է բնական եղունգից տիպսային անցնելու եզրագիծը:
Եղունգը նախնական պատրաստելուց հետո անհրաժեշտ է հատուկ խոնավազրկող նյութ քսել հետագա լիցքի ամրությունը ապահովելու համար: Այնուհետև լիցքի բուն գործընթացն է:
Աշխատում ենք սպիտակ, երկնագույն ու վարդագույն ակրիլներով: Տարածում ենք եղունգի վրա. «փոսիկները» լցվում են ակրիլային հիմքով: Թողնում ենք՝ չորանան, այնուհետև քսում ենք նաև «կառուցողական» գել' փայլ հաղորդելու համար, չորացնում ուլտրամանուշակագույն ճառագայթների տակ: Խարտելով վերջնական ձև ենք տալիս եղունգին, քսում «ֆինիշ գելը» կամ պաշտպանիչ լաք:
Մենք փորձեցինք նկարագրել, թե ինչպես է ծնվում «բյուրեղապակյա» եղունգը, բայց, իհարկե, տնային պայմաններում այն ստանալը շատ բարդ կլինի:
Հայաստանում նմանատիպ եղունգների տարածվածության մասին LN-ի հետ զրույցում մատնահարդար Աննա Սարգսյանը նշեց, որ դրանք, չնայած այդքան էլ տարածված չեն, բայց ունեն իրենց սիրահարները: «Մեր կանայք ձգտում են ավելի բնականության», - ասաց նա:
Դիտվել է 9315 անգամ
|