Զատկի հավկիթը զարդարելու օրիգինալ տարբերակներ (ֆոտո)
22.03.2013
Տարվա ամենասպասված, ամենագունավոր, ամենագարնանային տոնը Զատիկն է: Դե իսկ տոնի խորհրդանիշը ներկված, զարդարված հավկիթն է: Փորձելով ավելի գունավորել և պայծառացնել այս գարնանային տոնը' ձվերը ներկում ենք ամենատարբեր գույներով, զարդարում ամենատարբեր նախշերով: LADYNEWS-ը մի քանի հետաքրքիր, յուրօրինակ զարդարանքի ձևեր ցույց կտա իր ընթերցողներին: Զարդարված հավկիթները կարող են նույնիսկ օրիգինալ նվերներ դառնալ:
Ձվերը զարդարելու ամենադյուրին տարբերակը տարբեր կպչուն նկարներ փակցնելն է: Կարող եք թերթերից, ամսագրերից կտրել այն նկարները, որոնք կցանկանաք տեսնել ձվի վրա և սոսնձել:

Ձվերը զարդարելու համար հիանալի տարբերակ են նաև գեղեցիկ նախշերով անձեռոցիկները: Կտրեք նախշերը և սոսնձեք ձվի վրա: Պարտադիր չէ միայն նախշի հատվածը կտրել ,կարող եք վերցնել նաև սպիտակ հատվածից:


Օրիգինալ տարբերակ է նաև ձուն ձվի կեղևով զարդարելը: Ներկած ձվի կեղևը մի փոքր մանրացրեք և սոսնձեք ձվին:

Ձվերը կարելի է զարդարել նաև մուլինե թելերով: Վերցրեք կոնտրաստային գույներ, սոսնձեք ձվի վրա: Կարող եք թելով գեղեցիկ նախշեր անել ձվի վրա:

Նույնը կարող եք անել նաև ժանյակներով, ժապավեններով:

Կարող եք ամբողջովին ծածկել ձվերը գունավոր, ծաղկավոր կտորով:

Շատ ճոխ տեսք ունեն գունավոր ստվարաթղթով ծածկված ձվերը:

Ամենապարզ տարբերակներից մեկն էլ ջրաներկով ծաղկազարդելն է: Պարզապես ազատություն տվեք երևակայությանը:

Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 18666 անգամ
|