LN-ի հյուրասրահում է երգահան, բազմաթիվ հանրաճանաչ երգերի հեղինակ Մարինե Ալեսը (ի դեպ, ինչո՞ւ Ալես: Տիկին Մարինեն իր անվան երկրորդ մասը վերցրել է իր երեխաների անուններից: Ալեքսի և Սեդայի համադրությամբ ստացվել Ալես-LN):
-Մարինե Ալես երգահան, երգչուհի, գրող, թե՞ թատերագետ:
-Չէ, ես երգչուհի չեմ: Իմ 5 ձայնասկավառակներում էլ երգեր կան, որոնք կատարում եմ, բայց չէ, ես երգչուհի չեմ: Ես գրում եմ հեղինակային երգ, բայց ենթադրվում է, որ այն պետք է կատարվի մեկ ուրիշի կողմից: Իմ վոկալ հնարավորությունները և ցանկություններն այնքան էլ չեն համապատասխանում (ծիծաղում է-LN): Ունեմ լավ երաժշտական կրթություն, բայց երգչուհի լինել չեմ կարող: Իսկ թատերագիտական կրթությունն օգնել է այնքանով, որ թատրոնն իր մեջ ամփոփում է շատ ոլորտներ' գեղագիտություն, դիզայն, խոսք, ամեն-ամեն ինչ, ինչը ստեղծում է կերպար, և ինչ-որ թատերական տարր կա իմ բոլոր ստեղծագործություններում:
-Այս ոլորտներից որո՞ւմ է ըստ Ձեզ ավելի վառ արտահայտվում Ձեր կանացիությունը:
-Իհարկե, արվեստի ոլորտում կին մնալն ավելի հեշտ է, քան մյուս ոլորտներում: Որպես թատերագետ, ինձ տվել են թատերագետի, քննադատի դիպլոմ: Ես հասկացա, որ քննադատ լինելով, որպես կին ես շատ բան կկորցնեմ: Պետք է միշտ կոնֆլիկտի պատրաստ լինես, ունենաս քո կայուն տեսակետը: Դու կարծես ռազմական իրավիճակում ես հայտնվում, որտեղ շատ դժվար է կանացիությունը պահպանել: Իսկ բառեր գրելիս ավելի շատ է դրսևորվում կանացիությունը: Օրինակ՝ իմ երրորդ ձայնասկավառակը երկու կանանց համագործակցություն էր' իմ և Շուշան Պետրոսյանի: Իհարկե, այստեղ համագործակցություն էր նաև տղամարդկանց հետ, բայց բոլորը շեշտը դնում էին նրա վրա, որ երկու կին են ստեղծագործել:
-Տարբեր քաղաքների մշակույթների կրող եք՝ Երևան- Թիֆլիս-Մոսկվա: Այս քաղաքներից որի՞ ազդեցությունն է առավելապես մեծ Ձեր ստեղծագործություններում, կյանքում:
-Իմ կարծիքով, Մոսկվայի ազդեցություւնն է առավելապես: Մոսկովյան միջավայրն է ստեղծել իմ մտածելակերպը: Սովետական միությունում մեր կարդացած գրքերի 90%-ը ռուսական էին: Մեր մտածելակերպն էլ կերտվում է այդ գքերով: Իսկ զգայական առումով ավելի մեծ է Երևանի և Թիֆլիսի ազդեցությունը:
-Ե՞րբ սկսեցիք ստեղծագործել, և ո՞րն էր Մարինե Ալեսի առաջին ստեղծագործությունը:
-Որպես Մարինե Ալես առաջին ստեղծագործությունս 1997 թ. դուրս եկած ձայնասկավառակս է: Իսկ ընդհանրապես, մարդիկ ստեղծագործում են ծնված օրից: Հետո ինչ-որ մարդկանց մոտ դա արտահայտվում է, ոմանց մոտ փակվում: Ամեն ինչ կարող ես անել որպես ստեղծագործություն: Փոքր ժամանակ ես հեքիաթներ էի հորինում անձրևի մասին, ցավի մասին: Հետո երաժտական դպրոցում ցուցահանդես եմ ունեցել իմ նկարների: Հետո սկսեցի իմ նկարներին երաժտություն գրել: Այստեղ պետք է նշեմ, որ ծնողներս հրեա չէին,նրանց նման չէին մտածում և չեն պահպանել ոչ առաջին նկարը, ոչ առաջին ստեղծագործությունը, ոչ մի բան' մտածելով, որ բնական է, երբ երեխան այդպես ինքնաբացահայտվում է, դրսևորվում: Առաջին երգը, բառերը, չեմ կարող հիշել: Դուք կարծո՞ւմ եք' ես կարող եմ հիմա իմ որևէ երգի բառերը սկզբից մինչև վերջ հիշել: Ոչ, որովհետև դու դուրս ես գալիս այդ հոգեվիճակից և այլևս չես վերադառնում: Իմ երգացանկից ես ունեմ հիմա երգեր, որոնք ֆիքսվել են, մնացածը կորել են:
-Հետաքրքիր փաստ է, որ Մարինե Ալեսն իր երգերը ոչ թե վաճառում է մյուս երգ գրողների պես, այլ նվիրում: Ինչո՞ւ որոշեցիք այդ սկզբունքով առաջ շարժվել:
-Դե,եթե ես գումար չեմ վաստակում դրանով, կարելի է դրան որպես հոբբիի նայել: Դա արտահայտչաձև է, ոչ թե աշխատանք, որ ես պարտավոր եմ որոշակի ժամանակում որոշակի երգեր գրել: ՉԷ, ես չունեմ այդ խնդիրը: Երգը ինձ համար եկամուտ չէ: Չեմ վաճառում, որ ասելիքս, այն հոգեվիճակը, որ դրել եմ երգի մեջ, գոնե 50-%-ով հասնի Ձեզ:
-Ի՞նչ եք կարծում 'երգի հաջողությունը մեծապես կախված է կատարողի՞ց:
-Ըստ իս' շատ բաներից է կախված: Պետք է համընկնեն քո հոգեվիճակը, ով պետք է «շոր հագցնի» երգին' գործիքավորողի հոգեվիճակը և կատարողի հոգեվիճակը: Կախված է նաև կատարողի անձնական վերաբերմունքից դեպի երգը: Երգի ասելիքը պետք է հետաքրքիր լինի, որ հետաքրքրի նաև լսողին: Այն երգերը, որոնք ես եմ շատ սիրում, այդքան հայտնի չեն, բայց միևնույն է, այն երգն է դառնում հանրահայտ, որտեղ աշխատանքը համատեղ է: Ստացվում է, որ ինձնից հասավ գործիքավորողին, նրանից կատարողին, կատարողից էլ Ձեզ:
-Թերևս Ձեր ամենահայտնի երգը «Պատրանքի թևով»-ն է: Բավականին տպավորիչ երգ է, կարծում եմ երգի նախապատմությունն էլ, ստեղծման ընթացքն էլ, պետք է հետաքրքիր լինեն:
-Երգը նվիրված է մայրիկին: Ես հեռու էի մայրիկիցս և այդ անօգնական վիճակը, երբ դու հեռու ես…. Դու կարող ես որևէ բան անել, եթե մոտ ես, բայց եթե հեռու ես…
-Սպասու՞մ էիք, որ երգն այդպիսի հաջողություն կունենա: Իսկ կապո՞ւմ եք այդ հաջողությունը նաև այն հանգամանքի հետ, որ այն ներկայացրեց Շուշան Պետրոսյանը:
-Իհարկե, առաջին կատարումն ունի իր մեծ դերը երգի ճանապարհի հարցում: Դու ներկայացնում ես երգը հանրությանը: Չէ, ես չէի սպասում, մենք բոլորս չէինք սպասում: Եթե դուք հարցնեք Շուշան Պետրոսյանին, նա նույնպես կասի, որ մենք ընդհանրապես չէինք մտածում այդ մասին: Երբ երգը գրվեց, ձայնասկավառակի համար արդեն կար 12 երգ: Շուշանն ասաց, որ արդեն մայրիկի մասին բավականաչափ երգեր կան, բավական է: Մուրզիկն (գործիքավորող Արա Թադեւոսյանը-LN) էլ ասաց, որ երգի կատարումը շատ դժվար է լինելու, որ ինքը չի անի գործիքավորումը: Խնդրեցի, որ հուլիսի 13-ին մայրիկիս ծնունդն է, ուզում եմ պատրաստենք այդ երգը հենց այդ առիթով: Ես մեկ ամիս խնդրել եմ Մուրզիկին, որ նա գործիքավորի երգը, որովհետև պետք էր գտնել մի ձև, որտեղ միավորվեին վոկալը, զգացողությունները, էմոցիոնալությունը: Այ այդ ամեն ինչից հետո երգը ստացվեց:
-Հե՞շտ է հայկական իրականության մեջ պաշտպանել հեղինակային իրավունքները:
-Հիմա' այո, մենք պաշտպանված ենք: Հիմա այդ մեխանիզմը սկսել է ինչ-որ կերպ աշխատել: Առաջ շատ ենք խնդիրներ ունեցել: Կամաց-կամաց ամեն ինչ կարգավորվում է:
-Ձեր միայնության մասին նույնիսկ երգում եք (My loneliness): Սիրո՞ւմ եք միայնություն: Դա ինքնաբացահայտվելու, ինքներդ Ձեզ հասկանալու միջո՞ց է:
-Ես դա կարող եմ: Մարդիկ կան, ովքեր չեն կարողանում միայնակ մնալ: Դա ինձ համար անհրաժեշտ միջոց է ինքս ինձ հասկանալու, ինքնադրսևորվելու համար:
-Երբ մարդ կանգնում է վտանգի առջև, ինչպես օրինակ Ձեր դեպքում եղավ հիվանդության տեսքով, նորովի է սկսում ընկալել կյանքը, ի՞նչ փոխվեց Ձեր աշխարհայացքում:
-Փորձություններն ի վերուստ են տրվում: Եվ գիտեք, ասում են, որ այն ընտրյալներին են տալիս: Դու սկսում ես գլխավորն ու երկրորդականը տարանջատել: Երևի թե դրա համար են տրվում դժվարությունները:
-Իսկ ստեղծագորական կյանքում դա որևէ անդրադարձ ունեցա՞վ:
-Չէր կարող չունենալ: Ստեղծագործությունը մարդուց է դուրս գալիս, իսկ մարդը վերափոխվում է, վերափոխված մարդուց բոլորովին այլ բան է դուրս գալիս: Նա կամ պետք է նորովի լինի կամ լռի:
-Մարինե Ալեսին որպես գրողի ենք ճանաչում «Բեկորներ» ժողովածուից:
-«Բեկորներում» իմ տարբեր տարիների բեկորներն են: Ես դա արել եմ մայրիկիս համար, ոչ թե որպես բանաստեղծուհի ճանաչվելու: Մայրիկս ասաց, թե 5 ձայնասկավառակ եմ ձայնագրել, բայց մի հատ գիրք չեմ հրատարակում: Այն դարձավ նաև բարեգործական աշխատանք: Այնպես որ, երկուսը համատեղեցինք մեկում:
-Շարունակական կլինի՞ Ձեր գրական աշխատանքը: Եվ ի՞նչ է մեզ սպասվում առաջիկայում: Կա՞ն նոր համագործակցություններ:
-Չգիտեմ, կլինի առիթ, թե չէ: Եթե պահանջարկ լինի,իհարկե: Բայց այդպես մտադրություն չկա հատուկ: Հիմա ինձ մոտ կուտակման շրջան է: Պետք է հավաքես, կուտակես, մաքրագրես, հետո նոր ներկայացնես: Ուզում եմ երիտասարդների հետ մի աշխատանք անել: Հին երգերի նորովի ներկայացում կլինի և էլի նոր երգեր… Ուղղակի դրա համար պետք է ժամանակ և ֆիզիկական ուժ:
15-09-2026 09:07 Սեպտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը Լոս Անջելեսում տեղի ունեցավ 78-րդ «Էմմի» մրցանակաբաշխությունը: Երեկոյի գլխավոր հաղթողը «Փիթ» ֆիլմն էր, որը գլխավորում էր անվանակարգերի ցանկը՝ 25 անվանակարգով և, ի վերջո, հաղթեց «Լավագույն դրամատիկ սերիալ» անվանակարգում, իսկ Նոա Ուայլը, ինչպես և սպասվում էր, հաղթեց «Լավագույն դերասան» անվանակարգում: Կատակերգության անվանակարգում «Այրիների ծոց»-ը իսկական առաջընթաց գրանցեց՝ տուն տանելով գլխավոր մրցանակը և մի շարք մրցանակներ, մինչդեռ Ռեա Սիհորնը վերջապես հաղթեց իր առաջին «Էմմին»՝ «Շատերից մեկը»-ի համար: Հեռուստատեսային ծանրքաշայինները նույնպես մասնակցեցին. Ջին Սմարթը կրկին հաղթեց «Խորամանկություններ»-ի համար, իսկ Մեթյու Ռիսը ստացավ երկու դերասանական մրցանակ:
15-09-2026 08:27 Աշխարհի միլիոնավոր մարդիկ վեց երկար տարիներ սպասել էին այս պահին, և այն վերջապես եկավ։ Տասնամյակի ամենամեծ վերադարձը, որը մինչև վերջերս քչերը կարող էին հնարավոր համարել երգչուհի Սելին Դիոնի ծանր հիվանդության պատճառով, պաշտոնապես տեղի ունեցավ։ Սեպտեմբերի 12-ին Փարիզի «Պլենիտյուդ Արենան» ցնցվեց 35,000 հանդիսատեսի աղմուկից։ Սելին Դիոնը վերադարձավ։ Եվ նա դա արեց այնպես, ինչպես միայն ինքը գիտի՝ բարձր, տպավորիչ և առանց բեք թրեքի։
10-09-2026 09:31 Պամելա Անդերսոնը վերջերս անկեղծորեն խոսեց իր կյանքի ամենադժվար շրջանի մասին: Վենետիկի 83-րդ կինոփառատոնի amfAR գալա-երեկոյի ժամանակ դերասանուհին պատմել է հեպատիտ C-ի դեմ իր պայքարի մասին, որը նրա մոտ ախտորոշվել էր 1990-ականների վերջին: Այդ ժամանակ վիրուսի դեմ արդյունավետ բուժումներ գործնականում չկային, և բժիշկների կանխատեսումը սարսափելի էր. ըստ Անդերսոնի՝ իրեն ասել էին, որ, հավանաբար, մոտ տասը տարի է մնացել ապրելու: Նրա խոսքով՝ իրեն ամենաշատը վախեցրել է ոչ թե սեփական մահը, այլ այն միտքը, որ իր փոքրիկ երեխաները կմնան առանց մոր: Այդ լուրը ամբողջությամբ փոխել է կյանքի նկատմամբ իր հայացքները և ստիպել վերանայել առաջնահերթությունները:
10-09-2026 09:29 Apple-ը ներկայացրել է իր նոր սերնդի առաջատար սմարթֆոնները՝ iPhone 18 Pro-ն և iPhone 18 Pro Max-ը: Հիմնական թարմացումների թվում են նոր 2nm A20 Pro չիպը, ավելի հզոր արհեստական ինտելեկտի համակարգը՝ թարմացված Siri-ով, մարտկոցի աշխատանքի բարելավված տևողությունը և զգալիորեն վերաձևավորված տեսախցիկը: Արտաքինից սմարթֆոնները պահպանում են անցյալ տարվա շարքի ճանաչելի դիզայնը, բայց ունեն նոր գունային տարբերակներ և մի շարք նշանակալի տեխնիկական փոփոխություններ:
10-09-2026 09:25 Կանանց դեմքերը միջինում գնահատվում են որպես ավելի գրավիչ, քան տղամարդկանցը, և այդ ազդեցությունը պահպանվում է տարբեր մշակույթներում, տարիքային խմբերում և անկախ գնահատողների սեռական կողմնորոշումից։ Այս եզրակացությանն են եկել Ֆրանկֆուրտում գտնվող Մաքս Պլանկի ընկերության Էմպիրիկ էսթետիկայի ինստիտուտի հետազոտողները։