Նա ամբողջ կյանքում ապացուցում է, որ իր անունը' Սոֆին (հունարենից թարգմանաբար' իմաստնություն), իրոք ճիշտ է ընտրված: Շատերն են գեղեցկության մրցույթների թագ ստանում ու սեքս-խորհրդանիշ ճանաչվում, բայց նրանցից քանի՞սն են նաև իմաստուն, քանի՞սն են, որ մտել են կինոյի անմահ պատմություն ու 70 տարեկանից հետո էլ դեռ գեղեցկուհի են համարվում... Քչերը: Ու այդ քչերից է նա' ամենագեղեցիկ իտալուհին, տաղանդավոր դերասանուհին' Սոֆի Լորենը:
Սոֆիյա Վիլաննի Շիկոլոնեն ծնվել է 1934 թ. սեպտեմբերի 20-ին Հռոմում: Նա բոլոր ամենահայտնի կինոմրցույթների դափնեկիր է' Կաննի, Վենեցիայի,Մոսկվայի, Բեռլինի: 5 անգամ արժանացել է «Ոսկե գլոբուսի» և «Օսկարի». օտարալեզու ֆիլմում կնոջ լավագույն դերի համար առաջին դափնեկիրն է: Նրան տրվել է նաև օսկարյան հատուկ մրցանակ' «Կինոմատոգրաֆիային փայլ հաղորդող ու հիշվող դերերով հարուստ կարիերայի համար» ձևակերպմամբ:
Կինոէկրանից ժպտացող Լորենին շատերն են նախանձում ու չեն էլ պատկերացնում, թե ինչերի միջով է անցել դերասանուհին ու ինչեր է հաղթահարել այդտեղ հասնելու համար: Մի առիթով հենց ինքն է ասել. «Երբ որևէ դեր խաղալիս պետք է լինում տխուր տեսարան նկարահանել, ես մանկությունս եմ հիշում: Զգացողությունն ինքն է գալիս, իսկ ֆոտոխցիկը ընդամենը ֆիքսում է այն»:
Նրա մայրը' Ռոմիլդա Վիլանին, սկսնակ դերասանուհի էր, երբ ցանկացավ մասնակցել քաստինգի ու դառնալ Գրետա Գարբոյի փոխարինողը, բայց հղիությունը խանգարեց: Նա լույս աշխարհ բերեց Սոֆիյային' հույսով, որ աղջնակի հայրը' ինժեներ Ռիկարդո Շիկոլոնեն, կամուսնանա իր հետ: Բայց վերջինս կյանքն ամուսնությամբ սահմանափակելու մտադրություն չուներ: Ռոմիլդայի հույսը, սակայն, չէր մարում: Ռիկարդոյից նա ևս մեկ աղջիկ ունեցավ' Աննա- Մարիային: Շուտով, իհարկե, պարզ դարձավ, որ Ռոմիլդան այդպես էլ միայնակ մայր է մնալու, իսկ նրա երկու երեխաներին տարիներ շարունակ տանջելու են կարիքն ու սովը: «Մանուկ հասակում ինձ ամենուր վախն էր ուղեկցում, - հետագայում հիշել է Սոֆի Լորենը: - Ես վախենում էի, որ էլի ուտելու բան չենք ունենա: Վախենում էի, որ դպրոցում երեխաները կծիծաղեն վրաս, որովհետև ես ապօրինի կապից ծնված երեխա էի»:
Շիկոլոնեի տանը որևէ բան չկար, անգամ՝ մահճակալ երեխաների համար: Երեքով մի մահճակալի էին քնում և այն էլ շատ շուտ' տանջող սովը չզգալու համար: Սոֆիյան ու քույրը խաղալիքներ չունեին: Նրանք հացից տիկնիկներ էին պատրաստում իրենց համար, իսկ երբ շատ էին քաղցում, ուտում էին խաղալիքները:
Այս ամենը, բնականաբար, բերեց նրան, որ Սոֆիյան 6 տարեկանում արդեն հասուն մարդու պես էր դատում: Հատկապես, որ այդ տարիներին նրա աչքի առաջով էին անցնում պատերազմի ահավոր տեսարանները: Նա շատ շուտ բախվեց կյանքի դժվարություններին ու շուտ էլ սովորեց դրանք հաղթահարելու ձևը. «Չընկճվել, անհաջողություններից ողբերգություն չսարքել, համառ ու դիմացկուն լինել ու, իհարկե, համբերել ու մեկ անգամ ևս համբերել»:
Նա համբերեց: Պատերազմը շուտով ավարտվեց ու Շիկոլոնեի փոքրիկ ընտանիքը համեմատաբար լավ շարունակեց իր գոյությունը: Ռոմիլդան, ում այդպես էլ չվիճակվեց դերասանուհի դառնալ, 14-ամյա Սոֆիյայի մոտ նկատեց դերասանական ջիղը ու բոլոր հնարավորությունները ներդրեց իր չիրականացած երազները աղջկա մեջ վերակենդանացնելու համար: Հենց այդ տարիքում Սոֆիյան մասնակցեց Պոցուոլի փոքրիկ քաղաքում մի գեղեցկության մրցույթի ու հաղթեց: Հաջորդ քայլը փառքի ճանապարհին «Միսս Իտալիա» մրցույթն էր, որտեղ նա արժանացավ «Միսս էլեգանտություն» կոչմանը, որը ժյուրին ստեղծեց նրա համար:
Գեղեցկուհու համբավը, սակայն, այն չէր, ինչ փնտրում էր Սոֆիյան: Նա դեռ մանկուց երազում էր դերասանուհի դառնալու մասին: Գուցե դեռ չգիտեր, որ իր դերասանական ուղին անցնում է գեղեցկության մրցույթի բեմով:
Մի անգամ երեկոյան Սոֆիյան իր ընկերուհիների հետ գնաց ակումբ, որտեղ պետք է անցկացվեր «Միսս Հռոմ» գեղեցկության մրցույթը: Հանկարծ նա իր հետևում զգաց մի տղամարդու անքթիթ հայացք. դա հայտնի պրոդյուսեր Կարլո Պոնտիիհայացքն էր: Ուղղակի ապշած երիտասարդ գեղեցկուհու արտաքինով' Պոնտին ոչ ավել ոչ պակաս առաջարկեց նրան հանպատրաստից մասնակցել գեղեցկության մրցույթին: Ինքն էլ զարմանալով' Սոֆիյան ընդունեց առաջարկը և հայտնվեց երկրորդ հորիզոնականում:
Այսպես էլ ամեն ինչ սկսվեց:
Պոնտին այդ ժամանակ ամուսնացած էր, իսկ կաթոլիկի համար այդ տարիներին բաժանվելը ամենաբարդն էր բոլոր հնարավոր բաներից: Չկարողանալով սպասել, թե երբ Վատիկանը կբաժանի իրեն կնոջից' Պոնտին գաղտնի ամուսնացավ իրենից 22 տարով փոքր Սոֆիյայի հետ Մեքսիկայում: Երկար սպասված ապահարզանը ստանալուց անմիջապես հետո'1966 թ-ի ապրիլի 9-ին, զույգը երկրորդ անգամ գրանցեց իր ամուսնությունը:
Պոնտին միանգամից դարձավ Սոֆիյայի պրոդյուսերը ու նրան մտցրեց մեծ կինո: Այստեղ, սակայն, բոլորը չէին, որ ոգևորվեցին վերջինիս գեղեցկությամբ: «Չափազանց երկար քիթ, ահավոր մեծ շրթունքներ». Պոնտիի գործընկերները պնդեցին, որ Սոֆիյան գնա վիրահատության, բայց ապարդյուն: Նա չէր էլ մտածում արտաքինը փոխելու մասին, «տիրապետում էր» թե' քթին, թե' շուրթերին, և պատահական չէ, որ հենց այդպես էլ նա դարձավ 50-ականների սեքս-խորհրդանիշը:
Սրան, իհարկե, մեծապես նպաստեց այն, որ ամուսինն ու պրոդյուսերը նրա համար գտնում էր հիմնականում «սեքս-բոմբայի» դերեր: Նկարում էր նրան բաց տեսարաններում, էկզոտիկ միջավայրում: Ավելի ուշ նա գնեց բոլոր այն ֆիլմերն ու նկարները, որտեղ կինը մերկ էր՝ չվնասելու համար նրա ձեռք բերած անվանը:
Այս տարիներին էր, որ Սոֆիյան երկու անգամ փոխեց անունը: Նախ նա նկարվեց Սոֆիյա Լադզարո անվամբ, ապա, ամուսնու պահանջով, գրանցվեց որպես Սոֆի Լորեն:
Համաշխարհային ճանաչումը չշտապեց Լորենի մոտ: Դրա համար վերջինս դեռ պիտի ծանոթանար հայտնի ռեժիսոր Վիտորիո դե Սիկայի հետ: Իր բոլոր ամենահայտնի դերերը Լորենը խաղացել է հենց նրա ֆիլմերում' «Չոչարա», «Երեկ, այսօր, վաղը», «Իտալական ամուսնություն», «Արևածաղիկներ» և այլն:
Նշված վերջին երեք ֆիլմերում, ի դեպ, Սոֆի Լորենը խաղացել է իր ամենահաջողված գործընկերոջ' Մարչելո Մաստրոյանիի հետ: Լորենն ու Մաստրոյանին համաշխարհային կինոմատոգրաֆիայի ամենահաջողված զույգերից են համարվում մինչ օրս:
Գուցե Սոֆի Լորենը երբեք էլ չդառնար այն, ինչ դարձավ, եթե չլիներ դե Սիկան: Մի առիթով հենց դերասանուհին է խոստովանել. «Նա միայն ինձ հանդիպած ամենալավ ռեժիսորը չէ, ում առաջ ես խոնարհվում եմ: Դե Սիկան ինձ համար ավելին է. նա իմ հայրն է, իմ ուսուցիչը: Ես նրան պարզապես պաշտում եմ: «Ուղղակի գեղեցիկ աղջկա» արտաքինի տակ նա տեսավ իմ տաղանդը, սովորեցրեց ինձ աշխատել: Նա ստեղծեց Սոֆի Լորենին»:
Դե Սիկան էլ իր հերթին հրաշք է համարել Լորենին. «Նա տարբեր է: Տարբեր է պահում իրեն ու զարմացնում ինձ նրանով, ինչով չի զարմացրել երբեք որևէ ուրիշ կին: Ես նայում եմ նրա դեմքին, աներևակայելի աչքերին ու հասկանում' նա հրաշք է»:
Հենց դե Սիկան էլ բացեց նրա առաջ դռները դեպի Հոլիվուդ, որտեղ առաջին ֆիլմը, որում նա դեր ստացավ, «Հպարտություն ու կիրք»-ն էր: Երբ Լորենին հայտնեցին, որ այդ ֆիլմում ինքը պիտի նկարահանվի Ֆրենկ Սինատրայի ու Կերի Գրանտի հետ, նա ապշեց. «Երբ լսեցի այդ անունները, քիչ էր մնում ուշագնաց լինեի: Ես' փոքրիկ Սոֆիյա Շիկոլոնեն, պիտի կողք կողքի խաղամ մանկությանս երազների տղամարդկանց հետ մի ֆիլմում, որի բյուջեն միլիոնավոր դոլարներ է կազմում»:Այս ֆիլմը ճանաչել տվեց Սոֆի Լորենին որպես լուրջ դերասանուհու: Նկարահանումների ընթացքում նա մտերմացավ Սինատրայի հետ, իսկ Գրանտի ու նրա միջև սիրավեպ սկսվեց, որ ավարտվեց ամուսնության առաջարկով, բայց Լորենը արդեն գտել էր իր կյանքի տղամարդուն' Պոնտիին, և ուրիշ մեկի կարիքը չուներ:
Հետո հաջողությունն ինքը սկսեց հետևել Լորենին, բայց միայն կինոյում: Երջանիկ կարիերան երջանիկ անձնական կյանք չպայմանավորեց: Ամբողջ այդ ընթացքում Լորենը երազում էր երեխաների մասին.«Երեխան այն է, հանուն ինչի կարելի է կին ծնվել: Նա մեր կյանքի շարունակությունն է»: Երեխա ունենալ, սակայն, նրան հաջողվեց միայն երկար բուժումներից հետո' 1968 թվականին: Առաջնեկին կնքեցին հոր անունով: Հետո, չնայած բժիշկների թույլտվությունը չստանալուն, Լորենը լույս աշխարհ բերեց երկրորդ որդուն:
Սկսած 70-ականներից Սոֆի Լորենը կրճատեց իր ակտիվ գործունեությունը կինոաշխարհում: Այդ ընթացքում, սակայն, հասցրեց երկու ինքնակենսագրական գիրք գրել:
Նրա սերն առողջ ապրելակերպի նկատմամբ կարող է զարմանք առաջացնել: Բավական է նշել միայն, որ 22 տարեկանում 96,5 - 61 - 96,5 չափերով գեղեցկուհին 50 տարեկանում ունեցել է 91,5 - 61 - 96 չափերը, իսկ 72 տարեկանում ամբողջովին մերկ' միայն ադամանդե ականջօղերով, նկարվել է «Պիրելլի» օրացույցի համար:
Իսկ հիմա՞: Հիմա նրա երկու որդիները մեծացել են: Կարլոն Վենական նվագախմբի դիրիժոր է, իսկ Էդուարդոն' ռեժիսոր:
2007 թվականին այս արվեստասեր ընտանիքը կորցրեց հորը' Կարլո Պոնտիին, ով վախճանվեց հունվարի 10-ին' 94 տարեկան հասակում:
Իսկ Սոֆի՞ն: Ասում են' նա երազում է միայն մի բան` խաղալ Աննա Կարենինա և Կատյուշա Մասլովա («Հարություն» վեպից):
Հայտնի փաստ է, որ արքեպիսկոպոս Գենուին մի անգամ կատակով ասել է. «Չնայած Վատիկանը կատեգորիկ դեմ է մարդու կլոնավորմանը, բայց, կարծում եմ, միայն Սոֆի Լորենի համար կարելի է բացառություն անել»:
Գեղեցկությունն արժե, որ նրա համար պայքարես:
Չկա ավելի հմայող միջոց, քան պարզպես սեփական ձեռքերով եփված սուրճը: Բավական է, որ տղամարդը մեկ անգամ այն փորձի, և նա քոնն է:
Եթե կարողանաք պահպանել Ձեր մեջ երեխայի հոգին, վստահ եղեք, որ «Լավագույնը դեռ առջևում է» սկզբունքը գործելու է ցանկացած տարիքում:
Մայրը պետք է երկու անգամ մտածի: Մի անգամ իր, մյուս անգամ' երեխայի փոխարեն:
Գեղեցկությունը զգացողություն է և արտահայտվում է աչքերում: Այն նյութական երևույթ չէ:
Խելացի կանանց տղամարդիկ նկատում են, գեղեցիկներին' առանձնացնում ամբոխից: Եվ միայն հմայքով օժտվածներին է, որ տղամարդիկ չեն մոռանում:
Սանրվածքն ազդում է օրվա ընթացքի վրա, իսկ արդյունքում' նաև կյանքի:
Դժվար է անկրկնելի լինել, երբ ալարկոտ ես:
Պարզությունը էլեգանտության ողջ իմաստն է:
Կինը, որ չի սիրում իր տղամարդու թերութունները, չի սիրում այդ տղամարդուն:
Էլեգանտության ձայնը բարձր չէ:
Չեն կարող գեղեցիկ լինել այն աչքերը, որ երբեք չեն լացել:
Կինը, որ վստահ է՝ ինքը գեղեցիկ է, ի վերջո կապացուցի դա բոլորին:
24-08-2026 10:45 «Keeper» ծանոթությունների կայքի կանայք անցյալ շաբաթ գնահատել են տղամարդկանց 77 591 լուսանկար: Ամենաբարձր միավորը հավաքել են թեթև մորուք ունեցող տղամարդիկ։ Երկրորդ տեղում կարճ և խնամված մորուքներն են, իսկ երրորդում՝ սափրված դեմքով տղամարդիկ։ Կզակի փոքր մորուքները հավաքել են ամենացածր միավորը՝ թեթև մորուքի ցուցանիշի կեսից էլ քիչ: Աութսայդերների թվում են նաև բեղերն ու մեծ մորուքները:
24-08-2026 10:35 ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Բոկա Ռատոնի ափերի մոտ 23-ամյա օդաչու Ֆեյթ Թենքլին թեթև երկշարժիչ ինքնաթիռով վթարային վայրէջք է կատարել Ատլանտյան օվկիանոսում, հայտնում է New York Post-ը։ Աղջիկը կարողացել է ինքնաթիռն իջեցնել ծովում՝ խուսափելով շենքերից, հանգստացողներից և այլ խոչընդոտներից, և գրեթե չի տուժել։ Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 22-ի առավոտյան։ Թենքլին միայնակ թռչում էր Ֆորտ Մայերսից դեպի Բահամներ, որտեղ նախատեսում էր վերցնել իր ծնողներին։
24-08-2026 10:29 ԱՄՆ Միչիգան նահանգից մի զույգ, հանգստից տուն վերադառնալու ճանապարհին կանգ առնելով բենզալցակայանում, անսպասելիորեն վիճակախաղում շահել է 500 հազար դոլար, հայտնում է UPI-ն։ Ջենեսի շրջանի 64-ամյա բնակիչը Միչիգանի վիճակախաղի ներկայացուցիչներին պատմել է, որ սկզբում ընդհանրապես չէր պատրաստվում տոմսեր գնել։ Սթենդիշ քաղաքում գտնվող Shell բենզալցակայանում նա հերթում հայտնվել էր մի գնորդի հետևում, որը մի քանի վիճակախաղի տոմս էր գնել։ Դա ոգեշնչել է տղամարդուն նույնպես փորձել բախտը։
24-08-2026 10:20 Oura Health ֆիննական ընկերությունը, որը արտադրում է վիրուսային «խելացի» մատանիներ, որոնք հետևում են ակտիվությանը և առողջությանը, ԱՄՆ-ում խմբային հայցի է ենթարկվում: Հայցում պնդվում է, որ ընկերությունը մոլորեցրել է սպառողներին քնի հետևման ճշգրտության վերաբերյալ: Հայցը ներկայացրել է Կալիֆոռնիայի բնակիչ Մեդիսոն Սուրբերը, որը Oura Ring 4 Gold-ը 2025 թվականի մայիսին գնել է 799 ավստրալական դոլարով: Հայցվորի խոսքով՝ Oura-ի մարքեթինգը կեղծ խոստումներ է տալիս քնի փուլերի որոշման բարձր ճշգրտության մասին, չնայած սարքում բացակայում են ուղեղի և աչքի անմիջական սենսորները, որոնք անհրաժեշտ են կլինիկական քնի չափման համար:
24-08-2026 09:57 Քենդալ Ջենները և Ջեյքոբ Էլորդին վերջապես հաստատեցին իրենց հարաբերությունները՝ միասին հայտնվելով պապարացիների առջև Լոնդոնի փողոցներում: Զույգը քաղաքում էր Էլորդիի նոր՝ «Շների աստղեր» ֆիլմի պրեմիերային մասնակցելու համար: Նրանց սիրավեպի մասին լուրերն առաջին անգամ հայտնվեցին ապրիլին՝ Coachella փառատոնից հետո: Մայիսին Ջենները և Էլորդին լուսանկարվեցին Հավայան կղզիներ կատարած ուղևորության ժամանակ նախաճաշելիս, իսկ մի քանի օր անց զույգին նկատեցին Լոս Անջելեսում՝ Քայլի Ջենների և Թիմոթի Շալամեի հետ: