«Եթե ուրիշների հետևից են խոսում, էլի տանելի է: Բայց այս մարդկանց հիշատակը պղծել ճղճիմ խոսակցություններով չի կարելի: Նրանք երկուսն էլ' թե Լուսինեն, թե Խորենը հասարակ մարդիկ չէին, նրանք սուրբ էին…», - ԵՊՀ Արեւելագիտության ֆակուլտետի դեկան Գուրգեն Մելիքյանն իր հիշողություններով օգնեց LN-ին Լուսինե Զաքարյանի մասին «Նրա պատմությունը» պատրաստելիս:
Այս տարի լրանում է երգչուհու 75-ամյակը:
Լուսինե Զաքարյանը ծնվել է 1937 թվականի հունիսի 1-ին Ախալցխայում: Դեռ փոքրուց հետաքրքրություն է ցուցաբերել երաժշտության հանդեպ: Երևան տեղափոխվելուց հետո սովորել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, ապա կրթությունը շարունակել է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում:
Լուսինեն ռուսախոս էր, բայց երբ այցելում էր Մայր տաճար, մեծ պատարագի խորհուրդը նրան փոխանցվում էր ամբողջովին: «Նա իր առաջին «մկրտությունը» ստացավ Էջմիածնում: Նա պատկերացում էլ չուներ այդ ամենի մասին, բայց շատ էր սիրել երգել «Ավե Մարիա» և այլ երգեր»,- նշել է Խորեն Պալյանը:
Երգչուհին իր ուսումնարանի առաջին ուսուցչին' Հրանտ Գևորգյանին, խնդրել էր. «Մաեստրո, թույլ տվեք երգել Մայր տաճարի երգչախմբում»: Մաեստրոն խնդրանքը բավարարելու համար դիմել էր Վեհափառ Վազգեն Առաջինին, բայց Վեհափառի պատասխանը բացասական էր եղել. «Պրն Գևորգյան, Դուք ինչպե՞ս եք տեսնում, որ երգչախմբի երգչուհին ռուսերեն ակցենտով երգի»:
Հրանտ Գևորգյանը Կոմիտասի «Տեր Ողորմեա»-ի բառերը ռուսերեն տառերով գրեց, որ Լուսինեն կարողանա սովորել: Մայր տաճարում առաջին անգամ Լուսինեի կատարմամբ լսելուց հետո, Վազգեն Առաջինը հարցրել է. «Ո՞վ է»: Պատասխանը ստանալուց հետո պատվիրել է, որ անմիջապես գրանցեն երգչախմբում:
«Սուրբ էր: Այդ սրբությունը ես ընկալում եմ որպես նրա հիմնական գաղտնիքը: Այդպիսի մաքրություն, առավել ևս մեր ժամանակներում»,- պատմում է կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանը:
Լուսինեն իր ուսուցչի ջանքերով սովորեց հայերեն, գրաբար և դարձավ այն, ինչ դարձավ' անկրկնելի Լուսինե Զաքարյան:
Սփյուռքից Հայաստան եկած Տաթև քահանա Գալուստյանը նրան այսպես է բնութագրել տարիներ առաջ. «Ես նրան հանդիպած եմ Սան Ֆրանցիսկոյի Սուրբ Հովանու եկեղեցվո մեջ: Ինչ կրնամ ասել. աստվածուհուն պես աղջիկ մըն էր ինքը, սրբացած, ճիշտ է' երկինքեն չէր իջած, բայց եթե երկրորդ գալուստ մը ըլլար, ոչ մեկը չէր կրնալ ըլլալ այն անձը, այն պարունակը, որ Լուսինեն կրնար ըլլար: Իր ձայնը բարձրացնում է երկինք, ես չեմ հավատար, որ մարդկային մտածելակերպով կրնանք մենք արժևորել զինքը, միայն հոգիի ճամփով կուզենք գնանք, որովհետև ամեն անգամ իր «Տեր ողորմեան» ու «Սուրբ-սուրբը» մեր ներսը փոթորիկ կստեղծեն, ականջներուս մեջ է, տակավին, իր ձայնը Սան Ֆրանցիսկոյի սուրբ Հովանու եկեղեցվո մեջ»:
Լուսինեն շատ ունակ էր, նա շատ արագ ըմբռնեց ամեն բան, և մի գեղեցիկ կիրակնօրյա պատարագի հնչեց «Սուրբ-սուրբը» նրա ձայնով, բոլորը՝ ե՛ւ կաթողիկոսը, ե՛ւ պատարագիչները թեքվեցին և նայեցին' ով է այդ հրաշքը:
«Երբ Լուսինեն երգում է «Սուրբ-սուրբ», ամբողջ հրեշտակները բազմությամբ իջնում են Մայր Աթոռ ու փառաբանում Աստծուն՝ իր այդ երգեցողության և նրան ի վերուստ տրված շնորհի համար»,- ասել է Կաթողիկոս Վազգեն Առաջինը:
1960-ական թվականների կեսերին նա գտավ-հայտնագործեց իր ներքին էությանը պակասող կեսը' անգերազանցելի գիտակին' Խորեն Պալյանին: Խորենը կուսակրոն վարդապետ էր, բայց դա նրանց չխանգարեց: Նա փախցրեց Լուսինեին' իր միակ սիրուն: «Հերթական շրջագայությունների ժամանակ Խորեն Պալյանը պատմեց իր և Լուսինեի սիրո պատմությունը. փախել էին Եղեգնաձորի գյուղեր, դրա մասին իմացել էր Վազգեն Առաջինը, բարկացել ու կարգալույծ արել»,- պատմում է Խորեն Պալյանի երգչախմբի սան Թամարա Սահակյանը:
Դրանից հետո անցավ որոշ ժամանակ: Վեհափառի զայրույթը փոքր-ինչ անցավ: Ու նրանք երկուսն էլ իրենց ազգանվեր գործը շարունակեցին: Լուսինեի եզակիությունը նրա պատմական դերի մեջ էր: Նա եղավ հայ երգի վերածնության առաքյալ: Առաքյալներին վիճակված է դժվար ճանապարհ, բայց նաև անմահություն:
Լուսինեն կարողացավ անել այն, ինչ երկար տարիներ թվում էր անհնար, մանավանդ խորհրդային իշխանության պայմաններում: Իշխում էր հավատուրացությունը, աթեիզմը: Այդ պայմաններում Լուսինեն կարողացավ եկեղեցու ներսում հնչող մեր ազգային երաժշտությունը հանել եկեղեցուց' դարձնելով հրապարակային:
Ժամանակը եկավ նրան օժանդակելու. զարթոնքի տարիներ էին: Այդ տարիներին տասնամյակներ թաքնված հոգևոր երգը լիարժեք դրսեւորվելու իրավունք նվաճեց: Դրա վառ ապացույցը Լուսինե Զաքարյանն էր, իր արվեստը: «Մենք, որ նրա ժամանակակիցներն էին, զգացինք, թե ինչպես է տարիների ընթացքում Լուսինեն հենց ինքը ազդում ժամանակի վրա, թանձրացնում նրա գույները, ազգային գույները և օր օրի դառնում ավելի մատչելի, ժողովրդին հասու»,- գրել է Սիլվա Կապուտիկյանը:
Ժողովուրդը մեր հոգևոր երաժշտությունը, մեր միջնադարյան տաղերը ընդունեց գարնանային թարմ ու կենարար օդի պես:
Համալսարանի հսկա դահլիճը փոքրանում, չնչին բան էր դառնում, երբ այնտեղ երգում էին Խորեն Պալյանն ու Լուսինե Զաքարյանը: Նույնիսկ կանգնելու տեղ ու անկյուն չկար: Խորենը Լուսինեին սիրում էր որպես կնոջ, որպես երեխայի և երկրպագում էր որպես աստվածային մեծության. հիշում են ընկերները:
«Մի օր կանչում է Ֆիլհարմոնիայի ղեկավարությունը երգչախմբի բոլոր անդամներին և հայտարարում, որ հրաման կա կենտրոնական կոմիտեից, որ ովքեր երգում են Մայր տաճարում, պիտի թողնեն այնտեղ երգելը կամ կզրկվեն Ֆիլհարմոնիայում երգելու հնարավորությունից: Միայն Լուսինեն էր, որ չհամաձայնեց դրան: Այդ մասին իմանալով՝ Վեհափառը շատ էր հուզվել: Եվ իսկապես աղջիկը շարունակեց երգել»,- պահպանվել է Տ. Հուսիկ արքեպիսկոպոս Սանթուրյանի հիշողություններում:
Անզուգական երգչուհի՝ հոգևորի փայլուն զգացողությամբ, ով գերել ու «գրավել» է ոչ միայն հայ, այլ նաև այլազգի ունկնդրի սիրտն ու փառքով ներկայացրել Կոմիտաս, հայ ժողովրդական երգերը, տաղերը և շարականները:
«Հռոմի Պապը բացառության կարգով Լուսինեին արտոնեց երգել Փարիզի Աստվածամոր տաճարում: Միայն այդ փաստը հերիք էր, որ նա համարվեր համաշխարհային, տիեզերական մեծություն»,- գրում է բանաստեղծ Լևոն Միրիջանյանը:
Շնորհիվ իր հզոր ձայնի, Լուսինեի ձայնագրությունները մտել են համաշխարհային հավաքածուների մեջ, այդ թվում նաև՝ «Ավե Մարիա» ալբոմում:
Առնո Բաբաջանյանը շատ էր սիրում Լուսինեին, հատուկ նրա համար գրել էր «Վոկալիզը»: «Երկու օր էր, ինչ Հայաստանում էր, եկավ մեր տուն, դրեց նոտաները, նվագեց, Լուսինեն ասաց' երգեմ: Առնոն' բա կարո՞ղ ես: Դե Առնոն էլ հո նվագել չունե՜ր. նա էլ դաշնամուրի աստվածն էր: Վերջացնելուց հետո ապշել էի, առանց բառերի՝ «ա»-երով շա~տ լավ էր»,- հիշում էր Խորեն Պալյանը:
«Համերգներից առաջ, ցերեկը երբ զանգում էի, ուժ չուներ խոսելու: Հարցնում էի՝ ո՞նց ես երգելու, պատասխանում էր' Աստված ինձ կօգնի: Կուլիսներում եթե աթոռ չլիներ, կընկներ: Բայց դուրս գալով բեմ' այլևս այն Լուսինեն չէր»,- պատմում է նրանց ընկերներից Նինա Հարությունյանը:
Նրա համար երգը կյանք էր: Եթե Կանտը ասում էր. «Ես մտածում եմ, գոյություն ունեմ», ապա Լուսինեն կարող էր ասել. «Ես երգում եմ, ես գոյություն ունեմ»:
«Երբ երգում վերջացնում էր, աղաչական հայացքով նայում էր մեզ, կարծես ասում էր' մի հատ էլ երգե՞մ»,- գրել է Սիլվա Կապուտիկյանը:
«Մենք աշակերտներով մի անգամ գնացինք Լուսինեին հիվանդանոցում տեսնելու, անընդհատ հիվանդ էր, շատ վատ էր, բայց երբ կապույտ շորերը հագնում էր, զարդերը դնում էր ու բեմ բարձրանում, մոռանում էր բոլոր ցավերը: Եվ երգում էր անվերջ: Լուսինեն չէր ուզում հանգստանալ. երբ մի օր ես նրան հարցրի, թե չի հոգնում երգելուց, մանավանդ, որ հիվանդ է, նա ասաց. «Ես վախենում եմ համերգի ավարտից, որովհետև երբ ավարտվում է, ես հիվանդանում եմ»: Նա ճնշում ուներ, շաքարն էր բարձր: Ես չեմ տեսել նաև այնպիսի մեծարում ու նվիրում, որ ուներ Խորենը Լուսինեի նկատմամբ: Նրա համերգներին Խորենը նստում էր ամենավերջին նստարանին՝ աչքերը փակած, վերացած...» ,- պատմում է ընտանիքի ընկերներից Նազենի Գրիգորյանը:
ԵՊՀ Արևելագիտության դեկան Գուրգեն Մելիքյանը հիշում է. «Երբ հիվանդանոցում էր, գնացի այցելության: Արդեն շատ վատ էր: Դա մեր վերջին հանդիպումն էր, ես գնում էի Ղարաբաղ պատերազմի, այլևս կենդանի չտեսա...»:
Լուսինեն մահացավ 55 տարեկան հասակում՝ 1993 թ. հունիսի 4-ին: Նրա հիշատակին Վազգեն Առաջինը ասել էր. «Լուսինեն մեզ հետ չէ հիմա...Բայց նրա ձայնը մենք կլսենք երկնքից, այնտեղ' երկնքում, նոր հրեշտակ է հայտնվել»:
Լուսինե Զաքարյանի մահից հետո Խորեն Պալյանը կարծես որբացել էր, նա նույնիսկ ենթադրում էր, որ նորից վարդապետությանը կվերադառնա, բայց հետո գիտակցեց, որ մեծ պարտք ունի կատարելու, որ պետք է շարունակի իր գործը. աշակերտներ դաստիարակի ու պահի Լուսինեի հիշատակը:
Նրանք ժառանգներ չունեցան...
Գուրգեն Մելիքյանը այս ընտանիքի լավագույն բարեկամներից է և նրանց մասին խոսում է խոր ակնածանքով ու կարոտով. «Նրանց կարիքը շատ եմ զգում, շատ եմ կարոտում, նույնիսկ այն, որ երկար կարող էինք նստել Խորենենց տանը և զրուցել»:
Պարոն Մելիքյանը, սրբելով աչքերը, հիշում էր միասին անցկացրած գեղեցիկ ու հիշարժան օրերի մասին. «Չնայած իմ ֆինանսական վիճակը լավ չէր, բայց քառասունից ավել երեխայի կնքահայր եմ եղել: Խորենն ու Լուսինեն գալիս էին, կնքում էինք նեղ շրջապատում, իսկ հետո Լուսինեն ինձ հարցնում էր. «Գուրգեն ջան, մի հատ երգե՞մ…»: Սուրբ էր, է՛, սո՛ւրբ, աստվածային»:
Լուսինե Զաքարյանը թաղված է Սուրբ Գայանե վանքի բակում, իսկ Խորեն Պալյանի մահից հետո, բազմաթիվ մտավորականների խնդրանքով, Կաթողիկոսը թույլ տվեց նրա աճյունը եւս ամփոփել Էջմիածնում:
30-09-2026 08:18 Մինչ նորաձև Փարիզը պատրաստվում է Dior, Maison Margiela և Saint Laurent ցուցադրություններին, L'Oréal Paris-ը արդեն հավաքել է իր առաջատար հայտնիներին: Բրենդն անցկացրել է իր ամենամյա նորաձևության ցուցադրությունը, որին մասնակցել են մոդելներ, դերասանուհիներ, երգչուհիներ և մարզիկներ․ նրանք բոլորն էլ մասնակցել են ցուցադրությանը «Արտահայտեք ձեր արժեքը» կարգախոսի ներքո: Երեկոյի գագաթնակետը բրենդի վաղեմի դեսպան Սելին Դիոնի ելույթն էր: Նա վերադարձել է իր կարիերային չորս տարվա ընդմիջումից հետո և կրկին ելույթ է ունենում: Մկանային կոշտության համախտանիշի դեմ երկարատև պայքարից հետո երգչուհին այժմ ռեմիսիայի մեջ է և պատրաստ է աշխարհին ասել. «Ես ողջ եմ»:
30-09-2026 08:15 Փարիզում շարունակվում է նորաձևության միջոցառումների շարքը: Երեկ երեկոյան Palais Brongniart-ում տեղի ունեցավ Elie Saab-ի և H&M-ի համագործակցությանը նվիրված երեկույթ: Այնտեղ ներկա էին բազմաթիվ հայտնի մոդելներ, այդ թվում՝ նրանք, որոնք արդեն երեխա են ունեցել:
30-09-2026 07:50 Ֆրանսիական L'abbeye հրատարակչության թիմը ստեղծել է Serebro խմբի նախկին վոկալիստ Կատյա Կիշչուկի գլխի տեսքով մեջքի պայուսակ։ KK Head Back Pack անվամբ անսովոր աքսեսուարի լուսանկարը հայտնվել է ամսագրի պաշտոնական Instagram էջում՝ առաջացնելով օգտատերերի ոչ միանշանակ արձագանքներ և երգչուհու զայրույթը։ Չնայած դիզայներները Կիշչուկին նշել էին որպես գործի համահեղինակ, երգչուհին ինքը մեկնաբանություններում գրել էր. «Սա միանշանակ «ոչ» է»։ Հետագայում պարզվեց, որ Կատյան ոչ միայն չի մասնակցել մեջքի պայուսակի ստեղծմանը, այլև հրաժարվել է իր պատկերն օգտագործելու թույլտվություն տալուց։
30-09-2026 01:22 Բարբարա Փալվինը և Դիլան Սփրաուսը առաջին անգամ ծնող են դարձել։ Նրանք ուրախ լուրով կիսվել են իրենց սոցիալական ցանցերի էջերում՝ կից հրապարակելով նորածին դստեր առաջին լուսանկարները։ Աղջիկը ծնվել է սեպտեմբերի սկզբին, բայց զույգը որոշել է լուրը հայտնել միայն հիմա։
29-09-2026 10:54 Կիրակի օրը Լոս Անջելեսում կայացավ երաժշտական մրցանակաբաշխության առաջատարներից մեկը՝ MTV Music Awards-ը, որը միավորեց ամենաթեժ նորեկներին և ոլորտի առաջատարներին: Այս տարի հաղորդավարի սերը ստանձնեց Սնուփ Դոգը, ուստի երեկոն լի էր նրան բնորոշ կատակներով։ Այնուհետև մթնոլորտը թեժացրեց Մադոննան. 23 տարվա ընթացքում առաջին անգամ նա բացեց MTV VMA-ների շոուն՝ ելույթ ունենալով Սաբրինա Քարփենթերի և Չարլի XCX-ի հետ միասին: Նա իր հետ տուն տարավ յոթ արձանիկ, այդ թվում՝ «Տարվա արտիստ» անվանակարգում: Գլխավոր արձանիկը՝ «Տարվա տեսահոլովակ»-ը, շնորհվեց Թեյլոր Սվիֆթին: Նրա «The Fate of Ophelia» տեսահոլովակը, որը հավաքել է ավելի քան 500 միլիոն դիտում, միաձայն գովաբանվեց ինչպես հանդիսատեսի, այնպես էլ քննադատների կողմից: Նա նաև արժանացավ «Լավագույն ռեժիսոր» անվանակարգին՝ իր «Opalite» տեսահոլովակի համար, և պատմության մեջ առաջին անգամ արժանացավ «Artist Director Honors» մրցանակին՝ երաժշտական հոլովակներում ունեցած ներդրման համար: