5 հարց, որ պետք է ինքներդ ձեզ տաք բաժանումից հետո
23.10.2025
Երբեմն բաժանումը ողբերգություն չէ, այլ թեթևացում։ Բոլոր դեպքերում դա փորձառություն է։ Նույնիսկ եթե ամեն ինչ այդքան էլ վատ չէր, նախկինի հետ ձեր պատմությունը սկզբից մինչև վերջ վերլուծելը կարող է բացահայտել նախազգուշական նշաններ և սխալներ, որոնցից կարելի էր խուսափել։
Տառապելու, լավ ժամանակները հիշելու և նախկինին վերադարձնելու փորձերի փոխարեն, փորձեք ինքնավերլուծություն կատարել և անկեղծորեն պատասխանել հոգեբաների կողմից առաջարկվող այս հարցերին:
Դրանք կօգնեն ձեզ հասկանալ ինքներդ ձեզ և ձեր զգացմունքները, և ամենակարևորը՝ խուսափել ապագայում սխալներ թույլ տալուց:
1. Ես ցավ եմ զգում կոտրված սրտի՞, թե վիրավորված ինքնասիրության պատճառով։
Երբեմն բաժանման ցավը բոլորովին սիրո մասին չէ։ Այն մերժման, ինքնագնահատականին հասցված հարվածի, զայրացած ներքին ձայնի մասին է. «Ինչպե՞ս կարող էր նա ինձ թողնել»։
Եվ հաճախ դուք ուզում եք տղամարդուն վերադարձնել ոչ թե որովհետև սիրում եք նրան, այլ որպեսզի ինքներդ ձեզ (և նրան) ապացուցեք, որ դեռ արժանի եք հարաբերությունների: Բայց ավելի լավ է կանգ առնել և անկեղծորեն հարցնել ինքներդ ձեզ. «Արդյոք ինձ պե՞տք է մեկը, ով ստիպված է եղել լքել ինձ, որպեսզի ես վերջապես կարողանամ գնահատել ինձ»:
Բաժանումները պատահական չեն։ Նույնիսկ եթե դրանք անսպասելի են թվում, գրեթե միշտ դրանցում տրամաբանություն կա։
Դուք կարող է պարզապես անտեսել եք նախազգուշացնող նշանները, հարթել իրավիճակը և աչք փակել։ Հետո գալիս է անջրպետը, մի փոքր միայնակ ժամանակ, և պատկերն ամբողջանում է. ոչ թե դուք էիք անկատար, այլ չափազանց երկար ժամանակ էիք ծախսել՝ փորձելով տեղավորվել ուրիշների սպասումների կաղապարի մեջ։
2. Արդյո՞ք ես իսկապես սիրում էի նրան, թե՞ պարզապես ուզում էի ինչ–որ մեկի հետ լինել։
Ձեր զգացմունքները հասկանալը կարող է ավելի դժվար լինել, քան թվում է։ Հարաբերությունների ցանկությունը կարող է այնքան ուժեղ լինել, որ դուք շփոթեք սերը կապվածության հետ, հրապուրանքը՝ կայունության կարիքի հետ, իսկ հոգատարությունը՝ փոխկախվածության հետ։ Սա հատկապես ճիշտ է, եթե գործ ունենք ձեր առաջին կամ հատկապես կարևոր հարաբերության հետ։ Նման դեպքերում հեշտ է խճճվել զուգընկերոջը պահելու պայքարի մեջ, նույնիսկ, եթե ամեն ինչ վաղուց արդեն քանդվել է։
Երբեմն հարաբերությունները ձգձգվում են ոչ թե այն պատճառով, որ դուք երջանիկ եք, այլ որովհետև վախենում եք միայնությունից։ Կամ որովհետև մտքում ձեր զույգը կատարյալ է թվում։ Եվ այդ դեպքում դուք պետք է ինքներդ ձեզ հարցնեք. «Ես պայքարում էի սիրո՞, թե՞ իմ ստեղծած պատրանքի համար»։
Երբ կոնֆլիկտները կրկնվում են, շահերը բախվում են, և արժեքները դառնում են վիճելի, «բայց ես սիրում եմ նրան» կարգի ոչ մի արտահայտություն չի կարող փրկել հարաբերությունները։ Նման հարաբերությունները առաջընթացի մասին չեն, այլ գոյատևման։ Եվ իմաստ չունի վերադառնալ այնտեղ, որտեղ սերն ավելի շատ անվերջ դրամայի է նման։
3. Կարո՞ղ էի այս մարդուն վստահել իմ երեխային։

Այս հարցը տալու համար պարտադիր չէ, որ այդ պահին երեխաներ ունենաք։ Այն լակմուսի թուղթ է. սա այն զուգընկերն է, որի հետ դուք կիսել եք ոչ միայն հարմարավետ երեկոներ, այլև պատասխանատվություն, հոգատարություն և որոշումներ։ Պատրա՞ստ եք վստահել նրան իսկապես կարևոր մի բան։ Եթե դուք ժամադրությունների ժամանակ մշտապես վճարել եք ձեր երկու համար, իսկ նա միշտ «մոռացել է իր քարտը», ապա, հնարավոր է, խնդիրը ոչ թե անուշադրության մեջ է, այլ կյանքի նկատմամբ մոտեցման։
Փողի հետ կապված անպատասխանատվությունը նախազգուշացնող նշան է։ Հատկապես, եթե մարդը ապրում է ներկայով, չի կարողանում պլանավորել և իմաստ չի տեսնում խնայելու մեջ։ Որովհետև նույնիսկ խաղաղ և կայուն աշխարհում նա չի կարողանա վերահսկել իրեն. ի՞նչ կլինի, երբ հորիզոնում հայտնվեն երեխաներ, հիփոթեք և անքուն գիշերներ։ Ֆինանսական հասունությունը միայն բանկային հաշիվների մասին չէ։ Այն մեծահասակ լինելու կարողության մասին է՝ բառի ամբողջական իմաստով։
4. Արդյո՞ք այս հարաբերություններում ես իսկապես ինքս էի, թե՞ անընդհատ խաղում էի ուրիշի դերը։
Սերը պետք է լինի ազատ, այլ ոչ թե պարտադրված։ Երբ ամեն ինչ լավ է ընթանում, հարաբերությունները հեշտությամբ սահում են. զրույցները հոսում են, ձևավորվում են սովորություններ, կյանքը միասին է կառուցվում։ Բայց եթե ամեն առավոտ արթնանում եք՝ մտածելով. «Ի՞նչն է այսօր սխալ ընթանալու», ժամանակն է վերանայել այն, ինչին սկզբում կառչել էիք։
Երբեմն մենք չենք նկատում, թե ինչպես ենք կորցնում մեզ՝ փորձելով արդարացնել ուրիշների սպասումները։ Մենք ճնշում ենք մեր ցանկությունները, խլացնում զգացմունքները, խուսափում հակամարտություններից՝ հանգսության պատրանքը պահպանելու համար։ Բայց իսկական մտերմությունը սկսվում է այն ժամանակ, երբ դուք կարող եք խոցելի լինել և չվախենալ, որ ձեզ սխալ կհասկանան։ Եթե նկատել եք, որ հարաբերություններում դառնում եք ձեր այնպիսի տարբերակը, որը ձեզ դուր չի գալիս, ապա դա սեր չէր, այլ ինքնաոչնչացմանը սահմանակից փոխզիջում։
Զուգընկերը, որի հետ դուք չեք կարող ազատ «շնչել», դժվար թե ապագայում դառնա մեկը, ում հետ կարելի կլինի ինչ-որ բան կառուցել։
5. Նա՞ ձեր երազանքի զուգընկերն էր, թե՞ փոխզիջում։

Այստեղ կարևոր է դաժանորեն անկեղծ լինեք ինքներդ ձեզ հետ. արդյո՞ք ձեր նախկինն իսկապես համապատասխանում էր այն չափանիշներին, որոնք դուք կարևոր եք համարում զուգընկերոջ մեջ։ Թե՞ դուք այդքան շատ բան անտեսում էիք պարզապես միայնակ չմնալու համար։ Հույս ունենալ, որ ինչ-որ մեկը ժամանակի ընթացքում կփոխվի, նման է կոշիկներ գնելուն, որոնց չափսը չի համապատասխանում ձեզ, մտածելով, որ դրանք կձգվեն։ Կարող են և ձգվել, բայց յուրաքանչյուր քայլը ցավոտ կլինի։
Եթե դուք հարաբերությունների մեջ եք մտել «սա էլ վատ չէ» մտածելակերպով, մի զարմացեք, եթե հանկարծակի նյարդայնանաք կամ դժգոհ լինեք։ Չափանիշները քմահաճույքներ կամ փայլուն ամսագրից վերցված ցուցակներ չեն։ Դրանք ձեր հիմնասյուներն են։ Եվ եթե ձեր զուգընկերը չի կիսել ձեր արժեքները, չի աջակցել ձեզ կարևոր պահերին, չի ոգեշնչել ձեզ, այլ, ընդհակառակը, ձեզ ներքև է քաշել, ապա բաժանումը կորուստ չէ, այլ թեթևացում։
Ինչու պետք չէ կառչել հարաբերություններից
Բաժանումից հետո հարաբերությունները «շտկելու» ցանկությունը նորմալ է, հատկապես, եթե հարաբերությունները երկար են եղել, և հիշողությունները՝ ջերմ։ Բայց եթե վեճերը քրոնիկ են դարձել, աջակցությունն անհետացել է, և դուք ավելի ու ավելի միայնակ եք զգում, նախկին զուգընկերոջը վերադարձնելու փորձերն անշուշտ անհեռանկար են։ Ավելի լավ է կենտրոնանաք ինքներդ ձեզ և ձեր ինքնակատարելագործման վրա, որպեսզի հաջորդ անգամ նույն սխալները չկրկնեք և ներդաշնակ ու առողջ հարաբերություններ կառուցեք ձեր նոր զուգընկերոջ հետ։
Փորձեք ոչ միայն հիշել, թե որքան լավ էր ձեր նախկինի հետ, այլև հասկանալ, թե ինչու այն ավարտվեց։ Անկեղծորեն ինքներդ ձեզ հարցեր տալը դաժանության դրսևորում չէ, այլ ինքնասիրությանն ուղղված քայլ։
Աղբյուր՝ LADYNEWS.am Դիտվել է 94 անգամ
Читать на русском
|