Երևանը տոնում է մաեստրո Լևոն Մալխասյանի 80-ամյա հոբելյանը
18.12.2024
Երևանի քաղաքապետարանը և «Նյու Ջեներեյշն Փրոջեքթը» նախաձեռնել են հոբելյանական բացառիկ համերգ՝ ի պատիվ հայկական ջազի կենդանի լեգենդ Լևոն Մալխասյանի 80-ամյա հոբելյանի։
Երևանի պատվավոր քաղաքացի Լևոն Մալխասյանը, ով 15 տարեկանում ռադիոընդունիչով լսելով 20-րդ դարի կանադացի վիրտուոզ դաշնակահար-ջազմեն` հետագայում իր միակ ուսուցիչ Օսկար Պիտերսոնի երաժշտությունը՝ իր կյանքը հավերժ կապեց ջազի հետ: Եվ ինչպես ինքն է ասում․ «ապրում եմ, որ ջազ նվագեմ»։
Մաեստրոյի ծննդյան օրը` դեկտեմբերի 24-ին, ժամը 19:00-ին Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում սպասվում է անմոռանալի երեկո՝ ջազի վարպետների մասնակցությամբ: Հոբելյանական համերգի շրջանակներում արտերկրից Հայաստան են հրավիրվել ՌԴ ժողովրդական արտիստ, սաքսոֆոնահար Իգոր Բուտմանը (ՌԴ), ջազ երաժիշտ, կոմպոզիտոր Արթուր Սաթյանը (Լիբանան), ջազ երաժիշտ Ադամ Տերացույանը (ՌԴ), երգչուհի, կոմպոզիտոր և ջազ երաժիշտ Նինո Կատամաձեն (Վրաստան):
Համերգին իրենց կատարումներով հանդես կգան նաև հայազգի արտիստներ, երաժիշտներ, այդ թվում՝ Լևոն Մալխասյան տրիոն, Գարիկ Սարիբեկյան տրիոն, Արեգ Առուստամյան տրիոն, Մարտին Վարդազարյանը, Վահագն Հայրապետյանը։
Համերգային երեկոն տեղի կունենա Հայաստանի պետական ջազ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար՝ Դավիթ Մելքոնյան) և Հայաստանի հանրային ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Երզնկյան) մասնակցությամբ:
Դիտվել է 648 անգամ
|