Արդյոք դաշտանադադարը կնոջ ակտիվ կյանքի ավարտն է
22.03.2022
Դաշտանադադարը (կլիմաքս) վերարտադրողական շրջանի ավարտն է, բնության կողմից երեխաներ ծննդաբերելու համար հատկացված ժամանակահատվածի վերջը։
Գինեկոլոգ-էնդոկրինոլոգ Ելենա Գևորկովայի հավաստմամբ՝ սա հիվանդություն չէ, այլ բնական կենսաբանական գործընթաց, որը, սակայն, հաճախ կործանարար ազդեցություն կարող է ունենալ կնոջ համար՝ թե՛ բարոյապես, թե՛ ֆիզիկապես։
«Կլիմաքս» բառը թարգմանվում է որպես սանդուղքի աստիճան: Քայլ՝ երիտասարդությունից դեպի ծերություն, թե՞ ... երկրորդ երիտասարդություն։ Ընտրությունը կատարում է ինքը՝ կինը։ «Դուք կարող եք խոնարհաբար ընդունել մարման անխուսափելիությունը, կամ կարող եք երկար տարիներ ապրել ակտիվ ու երջանիկ կյանքով: Գեղեցիկ և առողջ հասունությունը միշտ չէ, որ ի վերուստ տրվող նվեր է, այն հաճախ մեծ աշխատանքի արդյունք է»,-նշում է Ելենա Գևորկովան։
Դաշտանադադարը տեղի է ունենում, երբ ընկնում է էստրադիոլը՝ կանանց հիմնական հորմոնը: Վերջինս պատասխանատու է ամեն ինչի համար։ Եվ սա չափազանցություն չէ․ էստրադիոլն ազդում է ոչ միայն ուղիղ թիրախային օրգանների, այսինքն՝ արգանդի, ձվարանների, հեշտոցի, կաթնագեղձերի, այլև կնոջ ողջ օրգանիզմի վրա։ Կանացիությունը, սեքսուալությունը, հղիությունը, ծննդաբերությունը՝ այս ամենն ուղղակիորեն վերահսկվում է «ամենականացի» հորմոնի կողմից։ Էստրադիոլի կորուստը մեծ սթրես է օրգանիզմի համար։ Կլիմաքսի բուժման թերապիան հիմնված է դրա վերականգնման վրա:
Գինեկոլոգ-էնդոկրինոլոգ Ելենա Գևորկովա
Գինեկոլոգ-էնդոկրինոլոգի խոսքով՝ վիճակագրորեն հորմոնալ թերապիայի կիրառումը մեր երկրներում ուղղակի ողբալի է, ռուս կանանց 1%-ից քիչն է օգտագործում համապատասխան դեղամիջոցներ։ Հայ կանանց շրջանում այս ցուցանիշն էլ ավելի փոքր է։ Մինչդեռ Անգլիայում հորմոնային փոխարինող թերապիայից օգտվում է յուրաքանչյուր երկրորդ կինը, Գերմանիայում՝ յուրաքանչյուր չորրորդը, իսկ Ֆրանսիայում կանանց առնվազն մեկ երրորդը հորմոններ է օգտագործում։ «Կանայք ձգտում են պահպանել գեղեցկությունը՝ դիմելով կոսմետոլոգիայի և պլաստիկ վիրաբուժության ծառայություններին, սակայն մեծ մասամբ հաշվի չեն առնում ամենակարևոր տեսանկյունը՝ հորմոնալ կարգավիճակի նորմալացումը»,-նկատում է Ելենա Գևորկովան։
Ինչո՞ւ են հորմոններն այդքան վախեցնող: Պատճառները, ըստ մասնագետի, բժշկական գիտելիքների և արդի տվյալների ցածր մակարդակն է ինչպես կին հիվանդների, այնպես էլ բժիշկների շրջանում։ Տնտեսական բաղադրիչի առումով՝ որքան աղքատ է երկիրը, այնքան քիչ հնարավորություն և ցանկություն է արձանագրվում հարմարավետ կյանքի համար։ Հորմոնալ թերապիայի նկատմամբ վախի ու անվստահության ժառանգությունը նաև ավագ սերնդի վատ փորձի հետուանք է:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 3584 անգամ
Читать на русском
|