Փարաջանովի ստեղծագործությունները սիրված են Ֆրանսիայի հանրության կողմից
19.01.2022
Ֆրանսիայի Նանտ քաղաքի Le Lieu Unique Ժամանակակից մշակույթի կենտրոնում հունվարի 15-ին տեղի է ունեցել «Սայաթ Նովա-Նռան գույնը. Սերգեյ Փարաջանով» կինոհամերգը։
Միջոցառման հեղինակները՝ կատարողներ Ալիս Դուրլենը (ձայն, դուդուկ, ձայնային գործիքներ), Ջոնաթան Սեյլմանը (անալոգային և մոդուլային սինթեզատորներ, մանդոլինա) և Փոլ Լուազոն (հարվածային գործիքներ, անալոգային սինթեզատոր) հեքիաթային ճամփորդություն էին կազմակերպել դեպի փարաջանովյան աշխարհ՝ յուրովի մեկնաբանելով ֆիլմի երաշժտությունն ու պատկերները։
Ինչպես նշեցին կազմակերպիչները՝ Փարաջանովի ստեղծագործությունները սիրված են ֆրանսիացի կատարողների և հայնրության լայն շրջանակների կողմից։
Հայ ռեժիսորի գլուխգործոցի ժամանակակից մատուցումն ու երաժշտական մեկնաբանությունը միավորել էր տարբեր տարիքի ու ազգերի հանդիսատեսին։ Միջոցառմանը մեծ ոգևորությամբ էին մասնակցում նաև Նանտի հայ համայնքի ներկայացուցիչները։
Համերգին հաջորդեց անմիջական հարց ու պատասխանը։ Հեղինակների խոսքով․ «1969 թվականին նկարահանված ֆիլմը ներկայացնում է 18-րդ դարի հայ բանաստեղծ Սայաթ Նովայի կյանքը։ Բայց այնտեղ ամենից առաջ տեսողական բանաստեղծություն է, որտեղ դեկորները, մարմինը, խորհրդանիշներն ու լույսերն իրական հմայք են ստեղծում»:
Կինոհամերգի հաջորդ ներկայացումը տեղի կունենա Ֆրանսիայի Ռեն քաղաքում՝ ընթացիկ տարվա փետրվարի 5-ին:
Հավելենք, որ զգեստները ձևավորել ու իրականացրել են Ամելի Գրոսելին, Քոլին Հաթոն և Շառլին Բեռնարը, լեզվաբանական համապատասխանեցումը՝ Սեդա Բիբերյանը և Սոսե Մանակյանը։
Լուսինե Զորյան
Նանտ, Ֆրանսիա
Աղբյուր՝ LADYNEWS.am
Դիտվել է 3157 անգամ
Читать на русском
|