«Գեղեցիկը, բարին և չարը». իտալացի արվեստաբան Դեմետրիո Պապարոնիի անդրադարձը` հայությանը
06.07.2018
Իտալացի հայտնի արվեստաբան Դեմետրիո Պապարոնին իր «Գեղեցիկը, բարին և չարը» գրքում անդրադարձել է Ցեղասպանությունից փրկված ամերիկահայ նկարիչ Արշիլ Գորկու կյանքի դրվագներին, ստեղծագործությանը և դրանց միջոցով` Հայոց ցեղասպանությանը։
Հայամետ գործիչը մեծ ավանդ է ունեցել նաև Վենետիկի վերջին բիենալեում ժամանակակից հայ գեղանկարիչ Ռաֆայել Մեգալի ցուցահանդեսը համադրելու գործում:
«Ռաֆայել Մեգալի համար շատ ավելի հեշտ կլիներ հաջողություն փնտրել Արևմուտքի որևէ մայրաքաղաքում: Սեփական մշակույթի կարևորումը մեծ արժեք է, որը պետք է ընդգծել: Դրա համար ես հպարտ եմ, որ համադրել եմ Ռաֆայել Մեգալի ցուցահանդեսը Վենետիկի բիենալեում և վերջերս հրավիրել եմ նրան Իտալիայում և Նորվեգիայում իմ համադրած ցուցահանդեսներին մասնակցելու»,- նշեց իտալացի արվեստագետը:
Հայանպաստ գործունեության համար արվեստի քննադատ Դեմետրիո Պապարոնիին շնորհվել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ, որը օրերս իտալացի արվեստաբանին հանձնեց մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանը: Վերջինս շնորհակալություն հայտնեց հանրահայտ արվեստագետին` ժամանակակից հայկական մշակույթին աջակցելու և իր գրքում Հայոց ցեղասպանությանը նվիրված էջերի համար։
Իր երախտագիտությունն արտահայտելով պարգևի համար` Դեմետրիո Պապարոնին մեկնաբանեց, թե ինչու է որոշել գրքում էջեր հատկացնել ցեղասպանության թեմային, կարևորեց Ռաֆայել Մեգալի դերը հայկական ժամանակակից մշակույթը աշխարհում ներկայացնելու գործում:
Անուշ Ավանյան
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 2570 անգամ
|