16 տարեկանում նա արդեն «հրեշտակ» էր. Իզաբելի Ֆոնտանա
03.03.2014
Բրազիլացի հանրահայտ սուպերմոդել Իզաբելի Ֆոնտանան մեր ժամանակների ամենասեքսուալ և բարձ վարձատրվող թոփ-մոդելների շարքում է:
Ծնվել է 1983թ-ի հուլիսի 4-ին Բրազիլիայի հարավում գտնվող Կուրիտիբա քաղաքում: 1996թ-ին՝ ընդամենը 13 տարեկան հասակում, նա, մասնակցելով Elite Model Look հեղինակավոր մրցույթին, դուրս է գալիս եզրափակիչ փուլ: Դրանից անմիջապես հետո, նա պայմանագիր է կնքում ЕММ գործակալության հետ և 1997թ-ին Բրազիլիայից ուղևորվում Միլան:
Լինելով ընդամենը 14-ամյա աղջնակ՝ նա գրավում է միլանյան պոդիումները: 16 տարեկանում արդեն հարվեր է ստանում նկարահանվելու աշխարհում ամենահայտնի ընկերություններից մեկի՝ ներքնազգեստների ապրանքանիշ Victoria’s Secret-ի գովազդներում: Սա առաջին դեպքն էր, երբ պայմանագիրը ստորագրվում էր 21 տարին չլրացած մոդելի հետ. այդ տարիքում ոչ մի մոդել դեռևս չէր զբաղվել ապրանքանիշի ներքնազգեստների գովազդով: Այս փաստը չընդունվեց Victoria’s Secret-ի ղեկավարության կողմից, և Իզաբելին ստիպված եղավ խզել պայմանագիրն ու դադարեցնել աշխատանքները ապրանքանիշի հետ: Հարկ է նշել, որ այս սկանդալը մոդելի օգտին էր. նա արժանացավ լրացուցիչ ուշադրության:
Շուտով մոդելն առաջարկներ ստացավ ոչ պակաս հեղինակավոր Valentino, Versace և Ralph Lauren ընկերությունների կողմից: Իզաբելին օրեցօր ավելի ու ավելի պահանջված է դառնում, 1999թ-ից արդեն անընդհատ հայտնվում է այնպիսի ամսագրերի շապիկներին, ինչպիսիք են՝ Vogue, Marie Claire, Elle, Harper’s Bazaar, i-D, Numero, Arena, Sports Illustrated Swimsuit Issue և այլն: Մոդելն աշխատել է Сhanel, Dolce&Gabbana, Emporio Armani, Tommy Hilfiger, Helena Rubinstein, Roberto Cavalli, Oscar de la Renta, Armani Jeans, Hussein Chalayan, Saks Fifth Avenue, Massimo Dutti նորաձևության տների հետ:
2003թ-ին, երբ լրացավ մոդելի 20-ամյակը, նա վերադարձավ և շարունակեց համագործակցությունը Victoria’s Secret –ի հետ՝ դառնալով նրա հրեշտակներից մեկը: Հենց նույն տարում Ֆոնտանան առաջին անգամ նկարահանվեց ամենամյա Pirelli էլիտար օրացույցի համար: Հետագա տարիների ընթացքում օրացույցի համար Ֆոնտանան մի քանի նկարահանում ևս ունեցավ: 2009թ-ին՝ երրորդ նկարահանման ժամանակ, Իզաբելին նկարվեց ամբողջովին մերկ: Նրա անթերի ու իդեալական կառուցվածքին նայելիս ոչ ոք չի զգա, որ մոդելը երկու անգամ մայր է դարձել:
Հեղինակավոր ապրանքանիշների և նորաձևության տների հետ համագործակցություններն ու աշխատանքները չեն դադարում՝ մոդելին նորանոր հաջողություններ ու համբավ բերելով: Իզաբելին ներկա պահին ներկայացնում է Victor&Rolf-ի Flowerbomb բույրը, ինչպես նաև հանդես գալիս Ann Taylor, Escada, Uniqlo և Dolce&Gabbana նորաձևության ապրանքանիշների գովազդներում:
Բացի մոդելային կարիերայից նկարահանվել է սերիալում և մի քանի վավերագրական ֆիլմերում: «Ինքս ինձ այդքան էլ գեղեցիկ չեմ համարում, ինձ գեղեցիկ եմ զգում, երբ պոդիումի վրա եմ»,- անկեղծանում է Ֆոնտանան:
Ըստ Forbes-ի՝ Իզաբելին 2008թ-ին հայտնվել է ամենահարուստ մոդելների շարքում՝ զբաղեցնելով 11-րդ հորիզոնականը:
Ինչ վերաբերում է մոդելի անձնական կյանքին, այն նույնքան հաջող չէր, ինչքան գործնականը: Իզաբելիի առաջին ամուսինը մոդել Ալվարո Ջակոմսին է եղել: 2003թ-ին նրանք որդի են ունենում, իսկ երեխայի ծնունդից մեկ տարի էլ չանցած զույգը բաժանվում է:
2005թ-ին Ֆոնտանան կրկին ամուսնանում է. այս անգամ բրազիլացի դերասան Հենրի Կաստելլիի հետ: Այս ամուսնությունը ևս երկար չի տևում՝ Իզաբելլն ու Հենրին բաժանվում եմ մոտ մեկ տարի անց՝ այս անգամ ևս երեխայի ծնունդից անմիջապես հետո: Մոդելն այժմ ապրում է Նյու Յորքում՝ երկու որդիների հետ:
Եթե ներքուստ երջանիկ եք, ապա Ձեր արտաքինն էլ կլինի աստվածային:
Առօրյայում ես առհասարակ կոսմետիկա չեմ կիրառում. այն կիրառում եմ միայն երեկույթների և ժամադրությունների ժամանակ:
Գեղեցկության գաղտնիքն առանց դիմահարդաման քնելն է:
Պատանեկության տարիներին ատում էի իմ արտաքին տեսքը:
Շողիկ Գալստյան
Աղբյուր` LADYNEWS.am
Դիտվել է 9199 անգամ
|