Լաց՝ սեքսից հետո
13.03.2012
Սեքսից հետո լացելու անզուսպ պահանջը և ինքնաբուխ դուրս հորդող արցունքները որոշ կանանց և աղջիկների սեռական կյանքի դրսևորումներից են: Եզակի դեպքերում դրանք երջանկության արցունքներ են' պայմանավորված սեռական հաճույքի ժամանակ մեծ քանակությամբ հորմոնների ձերբազատմամբ: Դեպքերի մեծ մասում այս դրամատիկ գանգատն ընդամենը «լողացող սառցալեռան գագաթն» է հիշեցնում, և խորը հոգեսեռական վերլուծությունը բացահայտում է այդ գանգատի ողջ լրջությունը:
Սովորաբար նման գանգատ ներկայացնող կինը սեռական մերձեցման ժամանակ տագնապի մեջ է ընկնում և դիսկոմֆորտի զգացում ապրում, որի պատճառով, երբ կենակցումն ավարտվում է, կուտակված բացասական էմոցիաները մեծ ճնշման տակ դուրս են գալիս լացի տեսքով: Տագնապի զգացումը, որը թույլ չի տալիս թուլանալ և սեռական հաճույք ապրել, կապված է անցյալի բացասական փորձի, տարած հոգեսեռական տրավմայի և հորմոնների հետ:
Լացը խոսում է այն մասին, որ մերձեցման ժամանակ կնոջ ինտիմ ապրումները հակասության մեջ են մտնում իր ունեցած հարաբերության և իր իսկ հետ: Հարաբերությունը տղամարդու հետ չունի հուզական այն հագեցվածությունը, որին սովոր է կինը իր անցյալ փորձի հիշողությամբ, ուստի սեքսը բախում է կնոջը դատարկության հետ, որը ցավ է պատճառում և հանգեցնում լացի: Կնոջը կարող է թվալ, որ նա չի սիրում տղամարդուն, ում հետ ինտիմ մերձեցման մեջ է, ինչը բերում է խորը դժբախտության:
Երբեմն կանայք լացում են, քանի որ անգիտակցաբար սպասում են, որ իրենց պիտի լքեն սեքսից հետո: Այսպիսի կանայք չեն հավատում, որ տղամարդու դրսևորած հոգատարությունն ու քնքշանքը ճշմարիտ են: Իրենց անարժան են համարում և անգիտակցաբար քանդում իրենց կապը, որը խոստումնալից է և վերջապես կարող է իրական երջանկություն բերել: Անցյալում լքված լինելու փորձառության ցավը նրանք հաղթահարում են նրանով, որ իրենք են դառնում լքողներ և դրանով իսկ կանխում հավանական լքման հնարավորությունը:
Անկախ այն բանից, թե որն է լացի պատճառը, հարկավոր է միանգամայն լրջորեն վերաբերվել սեքսոլոգիական այս ախտանիշին, քանի որ ժամանակին ցուցաբերած մասնագիտական օգնությունը կարող է կանխել կին-տղամարդ լուրջ հարաբերության քայքայումը և անգամ այնպիսի լուրջ բարդություն, ինչպիսին սուիցիդալ փորձն է :
Սեքսոլոգ, Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի սեքսոլոգիայի կլինիկայի բժիշկ Նարինե Ներսիսյան
Դիտվել է 6787 անգամ
|