Նա հայտնի դարձավ ընդամենը 2 տարի առաջ իր «Video Games» տեսահոլովակով: 2 ամսվա ընթացքում այն հավաքեց ավելի քան 1 միլիոն դիտում:
Էլիզաբեթ Գրանտը, ավելի հայտնի ինչպես Լանա Դել Ռեյ, ծնվել է Նյու Յորքում 1986 թ.: Նրա հայրը` Ռոբ Գրանտը, միլիոնատեր բիզնեսմեն է: «Իմ հայրը ինովացիոն ձեռնարկատեր է: Դա չի նշանակում, որ նա ֆինանսական մագնատ է: Դա նշանակում է միայն, որ նա ապրում է հետաքրքիր կյանքով»:
Իսկ մինչև միլիոնատեր դառնալը, Լիզայի հայրը չուներ բավականաչափ գումար սեփական տուն ձեռք բերելու համար: «Մինչև այս ամենը, մենք ծանր ճանապարհ ենք անցել: Այս կյանքն առհասարակ բավականին բարդ ու խճճված է, երբեմն նաև անտանելի»: Դեռ մանկուց ունենալով բավականին լավ ձայնային տվյալներ և ցանկություն՝ լինելու ճանաչված, Էլիզաբեթը դանդաղ, բայց հաստատուն քայլերով ճանապարհ էր հարթում դեպի փառքն ու ճանաչվածությունը:
Իր երաժշտական կարողությունները Լիզան առաջին անգամ արտահայտել է եկեղեցական երգչախմբում: 15տարեկանում նրան դուրս են հանում դպրոցից վատ պահվածքի համար: «Ես միշտ զգում էի, թե մտածում եմ բոլորովին այլ կերպ, քան մնացածը: Ես ինձ միայնակ էի զգում իմ հարազատ քաղաքում: Ես չգիտեի, թե որտեղ էի ուզում լինել, բայց հաստատ զգում էի, որ այդտեղ ես դեռևս չեմ եղել»:
Հետագայում Լիզան սկսում է երգել ակումբներում, սրճարաններում, սակայն նրա երգերը այդպես էլ ճանաչում չեն գտնում: Այս շրջանում աղջիկը հանդես էր գալիս Լիզի Գրանտ բեմական անվամբ:
18 տարեկանում Լիզան հեռանում է իր քաղաքից` Լեյք-Փլեսիդից: Նա ուղևորվում է գրավելու Նյու Յորքը և հետագայում ամբողջ աշխարհը:
Առաջին փորձը` հայտնելու իր մասին, տապալվեց: Լիզան թողարկեց փոքրածավալ ալբոմ` «Kill Kill», որը ոչ մի հաջողություն չունեցավ, սակայն որոշ գործակալների ուշադրությունը գրավեց Լիզայի հետաքրքիր ձայնն ու ոճը: Առաջին չհաջողված փորձից հետո Լիզային օգնության է հասնում հայրը: Նա սկսում է աշխատել պրոդյուսեր Դևիդ Կեյնի հետ, որը հայտնի է Փոլ Մակքարթնիի, Ռեդջինա Սպոկտորի հետ իր աշխատանքներով: Լիզայի վրա սկսում է աշխատել մենեջերների մի ամբողջ խումբ: Հենց նրանց խորհրդով էլ աղջիկը դառնում է Լանա Դել Ռեյ: Այս հետաքրքիր բեմական անվանումը մենեջերներն առաջարկում են` համադրելով դերասանուհի Լանա Տերների անունը Ford Del Rey մակնիշի մեքենայի վերջին բաղադրիչների հետ: Ընտրությունը պատահական չէր. նրանք ուզում էին հոլիվուդյան շունչ հաղորդել նրա կերպարին`ընդգծելով Լանայի գործունեության հնաոճ փայլը: Հասարակ աղջկա կերպարից Լանային դարձրին հոլիվուդյան գլամուր կերպար:
2011-ի հունիսին Լանա Դել Ռեյը պայմանագիր է կնքում Stranger Records-ի հետ և համատեղ ձայնագրում Video Games սինգլը: Այս երգն ու տեսահոլովակը, որը Լանան ինքնուրույն է ստեղծել, անհավանական հաջողություն են բերում երգչուհուն: Տեսամոնտաժը Լանայի սիրելի զբաղմունքն է: Տեսահոլովակի` համացանցում հայտնվելուց անմիջապես հետո նա դառնում է հայտնի: Տեսահոլովակի` միլիոնի հասնող դիտումները բոլորի մոտ հետաքրքրություն առաջացրին Լանա Դել Ռեյի հանդեպ: «Ես անգամ թույլ չէի տա ինձ մտածել, որ տեսահոլովակս կհետաքրքրի ինչ-որ մեկին: Ես արթնացա հայտնի, ճանաչված ու սիրված. ամեն ինչ մեկ վայրկյանում»:
Իսկ երգը նվիրված է մի տղայի, ում հետ Լանան երկար ժամանակ հանդիպում էր Նյու Յորք տեղափոխվելուց անմիջապես հետո: «Մենք միասին էինք, որովհետև երկուսս էլ այս աշխարհից չէինք: Ինչ-որ երկնային բան կար մեր կյանքում: Ես ուրախ էի, որ իմ հուսահատությունների շրջանում իմ կողքին սիրելի մարդ կար: Ես աննկարագրելի երջանիկ էի` ապրելով նրա կողքին, ում սիրում էի: Բայց արդյունքում մենք կորցրինք մեր երազանքները»:
2011-ին Լանա Դել Ռեյին համարում են տարվա սենսացիա: Դա այն դեպքում, երբ Լանան դեռ ոչ մի սկավառակ չէր թողարկել, ոչ մի համերգ չէր ունեցել:
Լանայի առաջին համերգը` Նյու Յորքի ակումբներից մեկում, տեղի ունեցավ սեպտեմբերի 21-ին: Համերգի տոմսերը սպառվեցին այն վաճառքի հանելուց րոպեներ անց: Հաջողված համերգն արդեն քայլ էր դեպի լուրջ բեմեր: 2012-ի հունվարի 14-ին Լանան հանդես է գալիս իր երկու երգերով` «Saturday Night Live» շոուի ժամանակ: Հանդիսատեսը հիացած էր նորահայտ տաղանդով, իսկ քննադատները կասկածամտությամբ էին լցված:
2011-ի դեկտեմբերին Լանա դել Ռեյը ներկայացնում է իր թերևս ամենաճանաչված երգերից մեկը` «Born to Die»-ը, որն իսկական հիթ է դառնում: Այն նաև հիանալի հիմք էի ապագա ալբոմի համար:
Արդեն 2012-ի փետրվարին Լանան թողարկում է իր նոր ալբոմը` «Born to Die» և բարձրանում է հիթ շքերթների առաջին հորիզոնականը: ԱՄՆ-ում տարածվում են այս սկավառակի մոտ 100 հազար օրինակները:
Ինչպես ասում են, տաղանդավոր մարդը տաղանդավոր է բոլոր հարցերում: Լանային սա նույնպես վերաբերում է: Բացի երաժշտական կարիեռայից Լանան նաև մեծ հաջողություններ է գրանցել մոդելային աշխարհում: Առհասարակ նրա տեսքը ամիսներ շարունակ ամսագրերի քննարկման առիթ է եղել, և մինչև այժմ էլ շարունակվում են քննարկումները, թե իրականում Լանայի շուրթերը արհեստականորեն փքված են, նրա հետաքրքիր դիմագծերը վիրաբուժական միջամտության արդյունք են, թե ոչ: «Ոչ մի արհեստական բան չկա իմ և իմ աշխատանքի մեջ: Տանել չեմ կարողանում, երբ ինձ շուրթերիցս են հարցնում: Ես հազար անգամ կրկնել եմ, որ սրանք իմ բնական շուրթերն են»: Իսկ իր ռետրո կերպարի մասին Լանան ասում է, որ դա զուտ իր ընտրությունն է:
Լանան նաև մի քանի դիզայներական տների պաշտոնական մուսա է ճանաչվել, ինչպես օրինակ Mulberry-ի: Նրա անունով նաև անվանված են պայուսակներ, որոնք հիանալի վաճառք ունեն:
Բրիտանական հեղինակավոր ամսագիր GQ-ն Լանային համարել է 2012-ի «Տարվա կին»:
Լանա Դել Ռեյի անձնական կյանքում նույնպես ամեն ինչ հիանալի է: Ճիշտ է, երգչուհին այնքան էլ անկեղծ չէ լրատվամիջոցների հետ, բայց, այն որ այժմ հանդիպում Բարի Ջեյմսի հետ, հաստատել է հենց ինքը` Լանա Դել Ռեյը: «Նա շատ լավիկն է: Ինքն էլ զբաղվում է երաժշտությամբ: Հետաքրքիր է նրա հետ, երբեք չես ձանձրանա»: Առայժմ պաշտոնական հայտարարություններ իր անձնական կյանքի վերաբերյալ Լանան չի արել, բայց նորությունների կարելի է սպասել ամեն դեպքում:
Հոլիվուդի 50-ականների փայլն իր մեջ ամփոփող այս 26-ամյա երգչուհին այժմ շուրջ տասնյակ երգեր ունի, որոնցից յուրաքանչյուրը հիթ է դառնում` ևս մի քանի քայլ առաջ տանելով նրան: «Ես մտածում եմ, որ հիմա հին, բարի ինտելեկտուալիզմը ավելի ուժեղ է «ճակատագրական կին» գաղափարից»:
Մի անգամ ավտոկանգառներից մեկում մի տղայի հետ էի կռվում, դրանից հետո իմ մասին սկսեցին ամենավախենալու հոդվածները գրել: Ես լավ աղջիկ եմ, բայց չեմ սիրում, երբ չարաշահում են համբերությունս:
Ես այնքան մեծ դժվարությամբ եմ կարողանում արտահայտել զգացմունքներս, որ երբեմն նախընտրում եմ պարզապես չցուցադրել դրանք:
Լանան ու Լիզան նույն մարդիկ են: Ես երբեք չեմ ձևացնում բեմի վրա: Ես նույնն եմ թե որպես Լանա, թե որպես Լիզի:
Իմ կերպարն ինձ համար ամեն ինչ է: Խորհրդատուներն իրավունք չունեն խառնվել իմ ոճի հարցերին: Ես հագնվում եմ այնպես, ինչպես ես եմ ուզում:
Երբ դու վերջապես հաջողության ես հասնում, և մարդիկ զգացված են քո երաժշտությամբ, առաջանում է բավարարության զգացում:
Միայն մահվան մեջ են տեսանելի լույսի փայլերը:
Ես միշտ արտասովոր եմ եղել: Եվ դա ինձ չի մտահոգում, հակառակը` ես ուրախ եմ, որ կարողանում եմ տարբերվել:
Սերը մոլուցք է: Իսկ ես հակված եմ մոլուցքների: Հերիք է սիրահարվեմ, և ես նվիրվում եմ մինչև վերջին կաթիլը:
05-11-2026 11:08 Վերջերս լրատվամիջոցները հաղորդեցին Նանա Ուրուշաձեի մասին, ով քսան տարի երազում էր մայրության մասին և 59 տարեկանում ծննդաբերեց իր առաջնեկին: Մոսկվայի բնակիչ Մարինա Կ.-ն նույնպես շնորհավորանքներ ստացավ. 60 տարեկանում նա երրորդ անգամ մայր դարձավ: Նմանատիպ մեկ այլ լուր էլ ստացվել է Ադիգեյի Հապետությունից: Այնտեղ մի կին 51 տարեկանում առաջին անգամ ծննդաբերել է և երկվորյակներ ունեցել: Երջանիկ մայրը քսան տարուց ավելի փորձում էր հղիանալ, բայց ապարդյուն: Այս և շատ այլ պատմություններ ապացուցում են, որ տարիքը երեխա ունենալուն խոչընդոտ չէ: Գլխավորը բժշկների բոլոր ցուցումներին հետևելն է:
05-11-2026 10:54 Քիմ Քարդաշյանը շարունակում է Հոլիվուդի հին կուռքերի պատմական իրերի որոնումները: Վերջերս Քիմը հրապարակում է կատարել, որում բացահայտում է, որ հնարավորություն է ունեցել փորձարկելու Ռիչարդ Բարթոնի կողմից Էլիզաբեթ Թեյլորին 30-ամյակի առթիվ նվիրած զմրուխտյա և ադամանդե վզնոցը: Քարդաշյանին այս հարցում օգնել է Լոու Ռոուչը՝ նրանց վերջերս Հռոմ կատարած այցի ժամանակ կազմակերպելով Bulgari-ի արխիվների հասանելիությունը: Տեղից հրապարակված տեսանյութում Քարդաշյանը, մոր՝ Քրիս Ջենների հետ միասին, փորձում է կախազարդը և համապատասխան ականջօղերը, որոնք հետագայում կրել է լուսանկարահանման ժամանակ:
05-11-2026 10:50 Ֆորմուլա 1-ի վարորդ Շառլ Լեկլերկը և նրա կինը՝ Ալեքսանդրան, առաջին անգամ ծնողներ են դարձել: Նոյեմբերի 3-ին լույս աշխարհ է եկել նրանց դուստրը՝ Բիանկան: Զույգն ուրախ լուրով կիսվել է սոցիալական ցանցերում՝ հրապարակելով նորածնի հուզիչ լուսանկարներ:
05-11-2026 10:03 2026 թվականի օգոստոսի վերջին Հակոն VIII-ը դարձավ Նորվեգիայի թագավոր՝ հաջորդելով իր հանգուցյալ հորը՝ Հարալդին: Մի քանի ամիս անց թագավորական ընտանիքի անդամները նկատեցին, որ Նորվեգիայի թագուհի Սոնյան՝ Հակոնի մայրը, զրկվել է գահից: 35 տարի թագուհի-կոնսորտ լինելուց հետո, 89-ամյա թագավորական ընտանիքի կինը զրկվել է «Ձերդ Մեծություն» տիտղոսից և այդ ժամանակվանից ի վեր Նորվեգիայի թագավորական կայքում նրա կոչումը «Թագավորական տան անդամ»-ից իջեցվել է «Թագավորական ընտանիքի այլ անդամներ»-ի:
05-11-2026 08:59 Մահացել է արքայադուստր Դիանայի և Մադոննայի լեգենդար ոճաբան Ջոն Ֆրիդան։ Նոյեմբերի 3-ին ոճաբանի մահվան մասին հայտնել է Ջոն Ֆրիդայի սրահի պաշտոնական էջը։