«Միսիս տիեզերք» մրցույթում մաֆիայի միջնորդությամբ հաղթել է Կոլումբիայի ներկայացուցիչը
13.08.2012
Երեկ Դոնի Ռոստով քաղաքում կայացել է «Միսիս Տիեզերք 2012» մրցույթի եզրափակիչը: Հաղթող է ճանաչվել Կոլումբիայի 26-ամյա ներկայացուցիչ Լայլա Մարտինեսը:
Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, երկրորդ տեղը զբաղեցրել է ԱՄՆ ներկայացուցիչը: Երրորդ տեղում է Քենիայի, իսկ չորրորդում' Բուլղարիայի ներկայացուցիչը:
«Միսիս տիեզերք» մրցույթն անցակացում է նույն սկզբունքներով, ինչ «Միսս աշխարհ» և «Միսս տիեզերք» մրցույթները, սակայն այս դեպքում մասնակիցները պետք է ամուսնացած լինեն և կարող են նաև երեխաներ ունենալ:
Այս տարվա «Միսսիս տիեզերքին» մասնակցել է 30 երկրի ներկայացուցիչ: Մրցույթը բաղկացած է եղել երեք փուլից: Առաջինում մասնակիցները հանդես են եկել նույն հագուստներով, երկրորդում' լողազգեստներով, իսկ երրորդում' երեկոյան զգեստներով:
Կոլումբիայի ներկայացուցիչ Լայլա Մարտինեսը 6-ամյա դուստր ունի, մասնագիտությամբ' փաստաբան է, սակայն աշխատում է հեռուստատեսությունում:
Կոլումբիայի մամուլը, սակայն կասկածի տակ է առել նրա հաղթանակը, նշելով, որ Լայլան երկրում ամենահայտնի նարկոբարոններից մեկի կինն է և հենց Պուչո մականունով հայտնի նարկոբարոնն է ստիպել կնոջը մասնակցել մրցույթին: Նարկոբարոնն ինքն էլ անձամբ մեկնել է Ռուսաստան' շոուին հետևելու:
Կոլումբիական կայքերը նաև գրում են, որ Լայլան հաղթել է «մաֆիայի միջնորդությամբ»:
tert.am Դիտվել է 2356 անգամ
|