Վիրտուալ սեր. նրբությունները՝ հոգեբանի պարզաբանմամբ
22.05.2012
Մեծ նշանակություն ունի' ով ինչ է փնտրում ինտերնետում: Սովորաբար ինտերնետում փնտրում ենք այն, ինչ չենք կարողանում գտնել իրական կյանքում: Ոմանք ծանոթության կայքերում իրենց երկրորդ կեսին են փնտրում. ինտերնետային գործակալությունները սովորաբար ավելի շատ հնարավորություն են տալիս, քան իրական ամուսնական գործակալությունները:
Եվ ինչպես ցանկացած շփման գործընթացում, մարդկանց մոտ առաջանում է կամ համակրանք, կամ հակակրանք: Կարելի է պնդել, որ սերը չի կարող լինել վիրտուալ, նա միշտ իրական է: Իսկ վիրտուալ տարածությունն ընդամենը հաղորդակցման միջոց է, որը պարզապես ավելի ժամանակակից է, քան հեռախոսը, որի շնորհիվ մենք կարող ենք անսահման շփվել ցանկացածի հետ:
«Համապատասխանաբար սերը չի կարող լինել վիրտուալ, բայց կարող է լինել Ձեր ռեալ զգացմունքը, որը Դուք զգում եք ձեր ինտերնետային ծանոթի նկատմամբ: Ցանկացած զգացմունք, որն ապրում է ցանցում շփվող մարդը, իրական է: Երբ Ձեզ հետ կատակում են ցանցում, ապա Դուք իսկապես ժպտում և ծիծաղում եք, իսկ տհաճ հողորդագրությունները Ձեզ մոտ ջղայնություն են առաջացնում»,- նշում է «Էություն» հոգեբանական տեխնոլոգիաների կենտրոնի հոգեբան Լիլիթ Ադիբեկյանը:
Փաստորեն, շփումը վիրտուալ է, իսկ զգացմունքները, զգացողությունը և ապրումները' իրական: «Խնդիրն այն է, որ մարդու միտքը էներգիա է, և կապ չունի՝ ինչ կերպ է նա փոխանցվում՝ անմիջական շփման մեջ, թե հաղորդակցման միջոցների օգնությամբ, որին պատկանում է նաև ինտերնետը»,- համոզված է հոգեբանը:
Այդ պատճառով էլ բառերի, «սմայլիկների» և լուսանկարների հետ միասին դուրս են թափվում իրական էմոցիաները և զգացմունքները, և դրանք ցանցում լիովին իրական են ընկալվում: Եվ հարց է առաջանում ' ուր են գնում այդ էմիոցիաները: Որտեղից ենք ստանում զգացմունքները' համակարգչի՞ց, մոնիտորի՞ց, իհարկե' ոչ:
Հաճախ է պատահում, երբ մենք հորինում ենք զրուցակցի մեր ուզած կերպարը և սիրահարվում: «Այստեղ առաջ է գալիս ամենակարևոր հարցը՝ ինչ է իրականում իրենից ներկայացնում մեր զրուցակիցը: Ցանցում հնարավոր չէ լիովին ցույց տալ անձը, անգամ՝ մեծ ցանկության դեպքում: Այդ պատճառով էլ մենք ընտրում ենք մեզ համար որոշակի կերպար, դեր»,- բացատրում է հոգեբանը:
Զգացմունքներն առաջանում են հենց այն մարդու նկատմամբ, որին մենք ստեղծում ենք ցանցում: Մարդը գիտի, որ իրականում նա այդպիսին չէ, ինչպիսին ներկայացրել է իրեն ցանցում, և հաճախ չի ցանկանում կամ անգամ վախենում է ներկայանալ զրուցակցին, և այդ «բարձր» թեմաները, որոնք քննարկվում են ցանցում, անձնական հանդիպման ժամանակ չեն քննարկվում, և կա ռիսկ չկարողանալու վարել խոսակցությունը պատշաճ ձևով: Եվ չնայած շփումը եղել է վիրտուալ, հիասթափությունը կամ զգացմունքներն իրական են:
«Ծանոթացանք Facebook-ով, իր անունով չէր գրանցված, բայց ընդհանուր այնքան բան ունեինք, սկսեցինք շփվել: Որոշ ժամանակ անց կռվեցինք, բաժանվեցինք: Հետո նորից սկսեցինք խոսել: Ամեն անգամ սպասում էի, թե երբ է օնլայն լինելու, հետո խոստովանեց, որ սիրում է: Որոշ ժամանակ չգրեցինք իրար, հետո նորից սկսվեց ամեն ինչ, ինձ մոտ էլ էին զգացմունքներ առաջացել: Բայց մի օր լուրջ վիճեցինք, ու ինձ վիրավորեց: Հիասթափությունս շատ մեծ էր, չգիտեմ… Հիմա և կարոտում եմ, և ատում»,- հիշում է 18-ամյա Ժասմինան:
Ինչո՞վ է տարբերվում ինտերնետային սերը իրական հարաբերություններից, որո՞նք են նրանց առավելությունները և թերությունները:
Առավելություններից մեկն այն է, որ դուք ինքներդ կարող եք ընտրել' ում հետ շփվեք և կառուցեք հարաբերությունները, և ցանկացած պահին պարզապես կարող եք դադարեցնել շփումը, եթե այն ինչ-ինչ պատճառներով Ձեզ դուր չի գալիս: Վիրտուլ շփման ժամանակ կարելի է գեղեցկացնել սեփական արժանիքները, վերագրել այնպիսի հատկանիշներ, որոնք իրականում չկան, բայց շատ կուզենայիք ունենալ:
Հարաբերությունները կարելի է կառուցել առանց շտապելու, դանդաղ և առանց ռիսկի: Նստած համակարգչի մոնիտորի առջև՝ Դուք միշտ ունեք ժամանակ և հնարավորություն մտածելու, վերլուծելու սեփական մտքերը և ձևակերպելու պատասխանն այնպես, ինչպես Դուք կցանկանայիք արտահայտվել հենց այդ պահին:
Եվս մեկ առավելություն. ցանցում հնարավոր է արտահայտել այն մտքերը որոնք երբեք չէիք հրապարակի իրական կյանքում: «Մարդ չի տեսնում զրուցակցի ռեակցիան. այն կարող է լինել և դրական, և բացասական, շատ հաճախ մենք չենք իմանում այդ մասին և կազմում ենք մեր պատկերացումը հնարավոր ռեակցիայի մասին՝ ելնելով մտածված և վերլուծված պատասխանից, որը, կրկնում եմ, հաճախ չի համապատասխանում իրականությանը»,- վստահեցնում է Լիլիթ Ադիբեկյանը:
Ինչ վերաբերում է զգացմունքների խորությանը, նա կարող է լինել ոչ պակաս հիմնավոր, քան իրական կյանքում. մարդը կարող է անհամբեր ապասել վիրտուալ հանդիպումներին, հաշվել օրերը, րոպեները և վարկյաններ:
Իսկ ահա բացասական կողմերից նույնպես խուսափել չի լինում: Շփվելով ցանցում՝ չեք տեսնում զրուցակցին, չեք լսում նրա ձայնը, իսկ լուսանկարները չեն կարող ճշգրիտ փոխանցել մարդու արտաքինը: Եվ եթե շփումը հասնում է իրական հանդիպման, հաճախ հիասթափություն եք ապրում, և այդ հիասթափությունն ավելի դաժան է, եթե Դուք առավել կապված եք զրուցակցի հորինված կերպարին:
Մարդիկ, որոնք իրական սեր են փնտրում ինտերնետում, ինչպես կանոն, ավելի խոցելի են, ունեն ավելի շատ բարդույթներ և դժվար են ծանոթություններ ձեռք բերում իրական կյանքում:
«Ինտերնետը թույլ է տալիս հեշտորեն խաբել, օգտագործել մարդուն, օրինակ, արթնացնելով զգացմունքներ, փող խնդրել և «սիրահարված» մարդը չի կարողանում մերժել»,- զգուշացնում է հոգեբան Լիլիթ Ադիբեկյանը: «Կարևորը ճիշտ ժամանակին կանգ առնելն է՝ գիտակցելով, որ ցանցային, վիրտուալ «ընկերները» և «սերը» երբեք չեն փոխարինի իրական հարաբերություններին»,- հավատացած է հոգեբանը:
Հասմիկ Մելիքսեթյան
Դիտվել է 12429 անգամ
|