Դրամատիկ կյանք. կանայք Արմեն Ջիգարխանյանի կյանքում
08.10.2024
Դերասան Արմեն Ջիգարխանյանը ծնվել է 1935 թվականի հոկտեմբերի 3-ին։ Նրա կյանքը լի էր սիրային փորձություններով, հատկապես բուռն էին կյանքի վերջին տարիները։
Ջիգարխանյանի անձնական կյանքը նման է խոչընդոտների շարքի։ Նա ամուսնացել է երկու անգամ (առաջին ամուսնությունը փաստացի էր), բայց յուրաքանչյուր դեպքում նրա երջանկությունը կարճ է տևել։
Առաջին ամուսնությունը և կնոջ ու դստեր ողբերգական մահը
Ջիգարխանյանն իր առաջին լուրջ հարաբերությունները, որոնք վերածվել են ընտանեկանի, ունեցել է, երբ ապրում էր Երևանում և աշխատում Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում։ Այստեղ էլ նա ծանոթացել է երիտասարդ դերասանուհի Ալլա Վանովսկայայի հետ։ Փոխադարձ համակրանքը վերածվեց սիրո, իսկ դրա տրամաբանական շարունակությունը երեխայի ծնունդն էր։
Այնուամենայնիվ, ամուսինների կյանքում դժվարություններն ավելի շատ էին, քան վառ ու դրական պահերը (նրանք ապրում էին քաղաքացիական ամուսնության մեջ): Ասում են, որ Ալլան հաճախ էր հիստերիկ տեսարաններ սարքում, երբեմն, նույնիսկ, կռվի բռնվում։ Ավելի ուշ պարզվեց, թե ինչու էր այդ ամենը տեղի ունենում. դստեր ծնվելուց հետո դերասանուհու մոտ ախտորոշվել է խորեա հոգեկան հիվանդություն։
Արմեն Ջիգարխանյանը չի կարողացել շարունակել հարաբերությունները, վերցրել է դստերը և մեկնել Մոսկվա։ Դերասանի մայրը օգնել է մեծացնել փոքրիկ Ելենային: Ալլան որոշ ժամանակ անց մահացել է հիվանդանոցում, սակայն կա նաև ոչ պաշտոնական վարկած, որն ասում է, թե նա ինքնասպան է եղել։
Ելենայի ճակատագիրը նույնպես ողբերգական ավարտ ունեցավ. 22 տարեկանում աղջիկը մահացավ։ Ջիգարխանյանի դստերը և նրա ընկերոջը հայտնաբերել են ավտոտնակում գտնվող մեքենայում։ Երիտասարդները մահացել էին շմոլ գազից։
Թվում էր, թե երկրորդ ամուսնությունը կտևի մի ամբողջ կյանք
Առաջին հարաբերություններում ձախողումից հետո Ջիգարխանյանը հանդիպեց Տատյանա Վլասովային։ Այս տպավորիչ գեղեցկուհին անմիջապես գրավեց նրա մտքերը։ Դերասանը նրան տեսել է նույն՝ Կ.Ստանիսլավսկի անվան Երեւանի ռուսական դրամատիկական թատրոնում։ Տատյանան ամուսնացած էր, բայց իրականում հարաբերություններն արդեն ավարտված էին։ Առաջին ամուսնությունից կինն ուներ որդի՝ Ստեփանը, ում հետ Ջիգարխանյանը, որքան էլ որ ջանք թափեց, երբեք վստահելի, ջերմ հարաբերություններ չունեցավ։
Արմեն Ջիգարխանյանը Տատյանա Վլասովայի հետ
Բայց այս ամենը՝ հետագայում: Իսկ մինչ այդ Տատյանան թողնում է ամուսնուն՝ այն թատրոնի տնօրենին, որտեղ աշխատում էր Արմեն Ջիգարխանյանը, իսկ բառացիորեն մեկ տարի անց Վլասովան ու Ջիգարխանյանը հապշտապ գրանցում են իրենց ամուսնությունը և մեկնում Մոսկվա։ Նրանք ապրում էին նեղ պայմաններում, ինչպես շատ խորհրդային մարդիկ, ովքեր մեծ աշխատավարձ չունեին։ Բայց ոչ փոքր սենյակը, ոչ էլ ֆինանսական միջոցների բացակայությունը չէին ստվերում նրանց առօրյան․ չէ՞ որ սիրելիի հետ նույնիսկ խրճիթը դրախտ է թվում: Նրանցից ո՞վ կմտածեր, որ որոշ ժամանակ անց կապրեն աշխարհի տարբեր ծայրերում և, ի վերջո, կբաժանվեն սկանդալի պատճառով։
Ամեն ինչ սկսվեց նրանից, որ 90-ականներին Տատյանա Վլասովան որոշեց տեղափոխվել ԱՄՆ, Ջիգարխանյանն արդեն այդ երկրի քաղաքացի էր։ Ասում են՝ նա Օլեգ Տաբակովից պարտքով գումար է վերցրել՝ ԱՄՆ-ում անշարժ գույք գնելու համար, իսկ հետո երկար ժամանակ փակել է պարտքը ներկայացումներով։
Արմեն Ջիգարխանյան և Օլեգ Տաբակով
Տատյանան տեղափոխվում է Ամերիկա մշտական բնակության, իսկ Ջիգարխանյանը կարող էր տարեկան մի քանի ամիս հատկացնել ընտանիքի հետ լինելու համար, նա իսկապես դրա կարիքն ուներ, սակայն հայրենիքը լքել նա չէր կարող։
Ծանոթություն երրորդ կնոջ հետ, ամուսնություն և ևս մեկ ամուսնալուծություն
Հենց այդ ժամանակ մեծ թատերագետի կյանքում հայտնվեց Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան։ Նրանք ծանոթացել են 2000-ականների սկզբին, նախ՝ պարզապես շփվում էին, հետո Ջիգարխանյանը նրան հրավիրել է որպես նվագակցող աշխատել իր թատրոնում, իսկ ավելի ուշ՝ որպես երաժշտական բաժնի վարիչ։
Արմեն Ջիգարխանյան և Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայա
2001 թվականին Ջիգարխանյանը ինսուլտ է տարել, Վիտալինան այդ ամբողջ ընթացքում նրա կողքին է եղել։ 2015 թվականին Արմեն Ջիգարխանյանը պաշտոնապես ամուսնալուծվել է Տատյանա Վլասովայից։ Նրանք համատեղ երեխաներ չունեին, բայց միասին բավականաչափ ունեցվածք էին կուտակել, այդտեղից էլ սկսվեց ամենատհաճը։ Ամենաաղմկահարույց սկանդալներից մեկը տեղի է ունեցել Արբատում գտնվող բնակարանի շուրջ, որը ամուսնալուծությունից հետո նախկին ամուսինները ստիպված են եղել կիսել: Տատյանան դեմ էր անշարժ գույքի վաճառքին, բայց Ջիգարխանյանը ցանկանում էր որքան հնարավոր է շուտ ազատվել այդ բեռից և վաճառել է իր կեսը։
Վիտալինան պնդում է, որ վաճառքից ստացված ողջ գումարը ներդրել են Մոսկվայում իրենց ընդհանուր բնակարանի վերանորոգման համար։ Մեկուկես տարի անց՝ 2017 թվականի աշնանը, Վիտալինան ու Ջիգարխանյանն ամուսնալուծվեցին։ Եվ այստեղից սկսվեց ինտրիգը։ Դարձյալ գույքի բաժանում, բացի այդ, կինը հասցրել էր բավականին աչքի ընկնող տեղ զբաղեցնել թատրոնում, նույնիսկ սեփական ներկայացումներ բեմադրել ու մեկ անգամ չէ, որ ասել է, թե զբաղվում է թատրոնի ֆինանսական խնդիրների կազմակերպմամբ։
Արմեն Ջիգարխանյանը «Աստծո ժպիտը» ֆիլմում
Արդյունքում՝ գույքի շուրջ այս բոլոր վեճերը, Ջիգարխանյանի անվան թատրոնից դրամական միջոցների հափշտակության և հարակից այլ մեղադրանքները, իհարկե, կարող էին ազդել դերասանի ու ռեժիսորի առողջության վրա։ Երկար ժամանակ նա սրտի կաթվածով հիվանդանոցում էր։ Լրատվամիջոցներում ժամանակ առ ժամանակ տեղեկություններ էին հայտնվում դերասանի առողջական վիճակի վատթարացման մասին։ Սակայն այդ ժամանակ Ջիգարխանյանի կյանքում կրկին հայտնվեց Տատյանա Վլասովան՝ նա վերադարձավ ԱՄՆ-ից՝ նախկին ամուսնուն խնամելու համար։
Արմեն Ջիգարխանյանը «Լավագույն ֆիլմ» ֆիլմում (2007)
Ռուսական լրատվամիջոցները դերասանի մահվան մասին հայտնեցին 2020 թվականի նոյեմբերի 14-ին։ Հայտնի է, որ Ջիգարխանյանը երկար ժամանակ տառապում էր սրտանոթային հիվանդությամբ։
Արմեն Ջիգարխանյանը «Անորսալի վրիժառուները» ֆիլմում
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 1382 անգամ
Читать на русском
|